
Անչափահաս երեխաները տուժող են ճանաչվել խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով
Անչափահասների նկատմամբ Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում տեղի ունեցած ենթադրյալ բռնության դեպքի առթիվ քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայություն: Երեխաները գործով տուժող են ճանաչվել և ցուցմունք տվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց երեխաների շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններից Միքայել Շխիմյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում անչափահասներ են բերման ենթարկվել՝ 15 և 17 տարեկան, որոնց նկատմամբ, ըստ պաշտպանի, բռնություն է գործադրվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այսինքն՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ:
Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է երկու օր առաջ՝ մայիսի 21-ին, որից հետո երեխաներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Պաշտպան Շխիմյանի խոսքով՝ արձանագրվել են երեխաների ստացած մարմնական վնասվածքները, ինչից հետո, փաստորեն, քրեական գործ է հարուցվել:
Լուսանկարում՝ պաշտպան Միքայել Շխիմյանը
Մեկնաբանել