HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վարդենիկ գյուղում նախատեսվում է կենսաբանական մաքրման կայան կառուցել

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում նախատեսվում է կեղտաջրերի մաքրման կայան (ԿՄԿ) կառուցել: Այն լինելու է միակ կայանը, որը կեղտաջրերի կենսաբանական մաքրում կիրականացնի: Վարդենիկի ներկայացրած «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգի ստեղծում» ծրագրային առաջարկը հավանություն է ստացել։ Ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Ծովինար գյուղերում կառուցել շուրջ 25 կմ կոյուղագիծ, իսկ Վարդենիս գետի վրա՝ կենսաբանական մաքրման կայան:

Կայանը կկառուցվի «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում, որի բաղադրիչներից մեկը Սևանա լիճ հոսող կեղտաջրերի մաքրման կարողություններ ստեղծելն է։ Սևանի ավազանում գտնվող բնակավայրերից ԿՄԿ-ներ ունեն Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքները, դրանք կեղտաջրի մեխանիկական մաքրում են կատարում: Նշենք, որ Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծն է Կովկասում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։ Սևանա լիճը վերջին տարիներին մշտական ճահճացման վտանգի տակ է, որի պատճառը մասնագետները համարում են նաև կենցաղային, տնտեսական կեղտաջրերով լիճն աղտոտելը:

Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը Հայաստանում իրականացնում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)։ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,7 մլն եվրո։ Սևանի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված այս ծրագրը մեկնարկել է 2020թ.-ի սեպտեմբերին և կավարտվի 2024թ.-ի օգոստոսին։

Վարդենիկ և Ծովինար գյուղերը խոշորացվելուց հետո ընդգրկվել են Մարտունի համայնքում: Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը մինչև Մարտունի համայնքի խոշորացվելը Վարդենիկ համայնքի ղեկավարն էր և ասում է, որ մի քանի տարի առաջ էր աշխատանքներ տանում մաքրման կայան կառուցելու համար (ԿՄԿ): Հովհաննես Հովեյանի ասելով՝ երկու գյուղերի կոյուղաջրերը ներկայում մեխանիկական մաքրման են ենթարկվում փոսային տարբերակով, որից հետո լցվում են Վարդենիս գետը ու միախառնվում Սևանա լճին:

Ծրագրային առաջարկն իրականացնելու համար դիմել էր միջազգային կազմակերպություններին ու տարբեր կառույցների: «Վերջերս մեր ներկայացրած հայտով հետաքրքրվեց «Ջինջ» ՍՊԸ-ն և մեր համագործակցությունը հաջողվեց: Ընկերության հետ միասին այս տարվա ապրիլին հանրային լսումներ ենք անցկացրել Վարդենիկ և Ծովինար գյուղերում»,- հայտնեց Հ. Հովեյանը:

«Ջինջ» ՍՊԸ-ն ինժեներախորհրդատվական ընկերություն է և ծառայություններ է իրականացնում կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտում: «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն, տ.գ.թ. Էդուարդ Մեսրոպյանը «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի հետ համագործակցող խորհրդատու է և խոստացել է միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներով ապահովել Վարդենիկի ԿՄԿ-ի կառուցման համար պահանջվող գումարի 80%-ը:

Վարդենիկի կենսաբանական մաքրման կայանի նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 9 մլն դոլար, որի 20%-ը համայնքապետարանը պետք է ներդնի: Համայնքի ղեկավարը հավաստիացնում է, որ կարող են ապահովել ներդրումների իրենց մասը: «Կդիմենք Կառավարությանը, տարբեր բարերարների, հուսով եմ, որ կայանը իրականություն կդարձնենք 2023թ.-ին»,- ասում է Հ. Հովեյանը: Վերջինս նշեց, որ Վարդենիս գետն առաջինն է, որն ունենալու է կենսաբանական մաքրման կայան, որը կտարանջատի Սևանա լիճ թափվող տարեկան մոտ 600 տոննա աղբ, որի 10%-ը` կենսաբանական:

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ նշված գյուղերը մասնակի են կոյուղացված։ Վարդենիկի 50%-ից ավելին կոյուղացված է, այն կառուցվել էր դեռևս Խորհրդային Միության տարիներին, քանի որ գյուղում գործում էր Սարքաշինական գործարանը, և բազմաբնակարան շենքեր էին կառուցվել գործարանի աշխատակիցների համար: Հետագայում տնային տնտեսությունների մի մասը, գյուղի դպրոցներն ու այլ հասարակական շինություններ միացել են այդ կոյուղագծին:

Պրն Հովեյանն ասում է, որ Վարդենիկում կոյուղացանցը բավականին լավ կառուցված համակարգ է և անցնող տարիներին մասնակի վերանորոգել են: Ծովինարն ավելի քիչ է կոյուղացված, բայց առաջիկայում կշարունակեն կոյուղագծի կառուցումը և կմիացեն մաքրման կայանին: Այս երկու գյուղերում խմելու ջրի մատակարարումն ու ջրահեռացումը համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ն է իրականացնում:

Սևանա լճի ավազանի բնակավայրերից դեպի Սևանա լիճ արտահոսող կեղտաջրերի կոյուղացումն ու ամբողջական մաքրումը ներառված է Կառավարության 2021-26թթ. միջոցառումների ծրագրում: «Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի իրականացման միջոցառումների» ծրագրով Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով նախատեսված է՝ Սևանա լճի ավազանի բնակավայրերի համար կոյուղու համակարգեր կառուցել, գործող մաքրման կայաններում կեղտաջրերի ամբողջական մաքրում իրականացնել:

Կենցաղային և արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրումը հնարավորություն կտա մաքրված կեղտաջուրն օգտագործել տարբեր նպատակներով:

Նշենք, որ նախկինում Հայաստանի տարածքում գործել է 20 ԿՄԿ: Ներկայում 6 կայան է գործում և բոլորն էլ մեխանիկական մաքրում են իրականացնում՝ Երևանի «Աէրացիա» ՄԿ-ն, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում գործող մաքրման կայանները:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter