HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարշավայի ֆոնդային բորսան մտնում է Հայաստան. ի՞նչ սպասել կամ չսպասել

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65.03%-ը։ Կենտրոնական բանկը (ԿԲ) արդեն համաձայնություն է տվել։

Հայաստանյան բորսայի բաժնետոմսերի 90.05%-ը ներկայում պատկանում է ԿԲ-ին, մնացածը բորսայի սեփականությունն է։ Վարշավայի ֆոնդային բորսայի հետ գործարքից հետո, ԿԲ-ն կպահպանի 25.02% մասնակցություն, մնացած 9.95%-ը կմնան Հայաստանի ֆոնդային բորսայի սեփական բաժնետոմսերը։

Կենտրոնական բանկում վստահ են՝ Վարշավայի ֆոնդային բորսայի մուտքը նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը։ Տնտեսագետների ու փորձագետների մի մասը, սակայն, էական դրական կանխատեսումներ չունի այս գործարքի վերաբերյալ։

«Կենտրոնական բանկի Խորհուրդը կարևորում է Վարշավայի ֆոնդային բորսայի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրող, մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և խթան կհանդիսանա հայկական և լեհական կապիտալի շուկաների ինտեգրման համար՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար»,- նշված է Կենտրոնական բանկի՝ մայիսի 24-ի հայտարարությունում։

Վարշավայի ֆոնդային բորսայի մշակած զարգացման ծրագիրը նախատեսում է միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։

«Կոռուպցիան ու ստվերային տնտեսությունն ամենալուրջ խոչընդոտներն են  Հայաստանի ֆոնդային շուկայի համար»

Ցանկացած նոր համագործակցություն բորսայի համար կարող է նոր հնարավորություններ բերել իր հետ։ Այն աստիճանի խորը համագործակցությունը, ինչպիսին է բորսայի կապիտալում խոշոր բաժնեմաս ձեռք բերելը, դրական է Հայաստանի Ֆոնդային բորսայի, ինչպես նաև՝ ողջ ֆինանսական համակարգի համար, սակայն խոշոր ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Այսպես է կարծում տնտեսագետ, ներդրումային խորհրդատու Կարեն Միքայելյանը՝ հաշվի առնելով բորսայի ներկա վիճակն ու նախկինում «Նասդաք ՕԷՄԷՔՍ» բորսայի առկայությունը Հայաստանում։

«Դա կարող է բերել նոր ներդրողների, նոր ծառայությունների, մասնավորապես՝ փոխադարձ ցուցակումների հնարավորություններ, տեխնոլոգիաներ, նոր ճանաչելիություն։ Բայց ես խոշոր սպասելիքներ չունեմ, որովհետև մեզ մոտ չկա արժեթղթերի առաջարկ, շատ քիչ է այն, հիմնական մասը (150 ցուցակված արժեթղթերից շուրջ 140-ը) պարտատոմսերն են, դրանք հանդիսանում են պարտքային գործիք և այլընտրանք են բանկային վարկերին ու ավանդներին։ Քանի որ պետական պարտատոմսերում և կոորպորատիվ պարտատոմսերի մեծ մասում ներդրումներ իրականացնողները օրենքով սահմանված կարգով ազատված են եկամտային հարկից, քիչ թե շատ, դինամիկա նկատվում է շուկայում։ Ինչ վերաբերում է բաժնետոմսերի շուկային, ցուցակված շուրջ 10 թղթերով գործարքներ գրեթե չեն կատարվում։ Վերջիններիս գները էապես չեն փոխվում, շոշափելի շահաբաժիններ չեն նկատվում։ Կարծես թե, սիմվոլիկ բնույթ է կրում այդ թղթերի ցուցակումը։ Դա Հայաստանի տնտեսական միջավայրի անմիջական արտացոլումն է»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է տնտեսագետը։

Կոռուպցիան ու  ստվերային տնտեսությունն, ըստ նրա, ամենալուրջ խոչընդոտներն են Հայաստանի ֆոնդային շուկայի համար։ Երբ որևէ ընկերության բաժնետոմսեր ցուցակվում են բորսայում, այդ ընկերությունը պետք է առաջին հերթին լինի թափանցիկ։ Ստվերի, կոռուպցիայի, քաղաքականացված ու մոնոպոլացված բիզնեսների պարագայում, Կարեն Միքայելյանի խոսքով, Հայաստանի բորսային «Նյու Յորքի բորսայի հետ համագործակցությունն էլ չի փրկի»։

Հայաստանում կապիտալի շուկան զարգացած չէ բազմաթիվ պատճառներով։ Բացի տնտեսության ստվերը, մենաշնորհներն ու կոռուպցիան, ընկերություններում կոորպորատիվ կառավարման մշակույթը արմատացած չէ։

«Բաժնեմասը կիսելու բարդույթ կա մեր սեփականատերերի մոտ։ Մեզ մոտ շատ տարածված է մտածելակերպը, որ առավելագույնը կարող է իմ եղբայրը կամ ընկերը փայ ունենալ իմ բիզնեսում, անծանոթ մեկը չի կարող ներդրում անել։ Այստեղ արդեն մենթալիտետի ու ինտելեկտի հարց է։ Ֆիզիկական անձ ներդրողների մասով հարկ է նշել, որ մեր ժողովուրդը դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանից հայտնի է որպես սպառման բարձր սահմանային հակում ունեցող և չափազանց քիչ խնայող, իսկ փոքր ներդրողները կարևոր դեր ունեն շուկայի կայացման գործում։ Բացի այդ Հայաստանում մարդիկ ներդրումներ են իրականանցնում անշարժ գույքի մեջ, որը և՛ հետևանք է բաժնետոմսերի շուկայի զարգացվածության ցածր մակարդակի, և՛ պատճառ»,- ասում է Կարեն Միքայելյանը։

Բորսան զարգացնելու հնարավոր լուծումներից մեկն, ըստ նրա, օրենքով խոշոր ընկերությունների որոշ խմբի պարտադրելն է բաժնետոմսերը ցուցակել բորսայում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սեփականության իրավունքի խնդիրներ կարող են առաջանալ, սակայն, օրինակ, հանքերի դեպքում, երբ ընդերքը պետությանն է պատկանում օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո պետությունը կարող է, ռոյալթիներից բացի, ակնկալել նաև որոշակի բաժնեմասի փոխանցում համայնքներին և դրանից բացի, պարտադիր լինի ցուցակումը և գնանշումը բորսայում:

«Ընկերությունները ցուցակման չեն գնում, քանի որ լավ գիտեն՝ ստվերի և դրա նկատմամբ վերահսկողությունն ընկերությունների համար անցանկալի արդյունքների կարող է հանգեցնել։ Եթե այդ խոշոր ընկերությունները հրաժարվում են բորսայական ներդրումներից, նշանակում է մեկ այլ խոշոր բանի դիմաց են հրաժարվում, բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած հարկեր թաքցնելու փորձերից։ Բորսան նաև վերահսկողության լրացուցիչ օղակ է»,- նկատում է տնտեսագետը։

Երբ բորսայում հայտնվեն ընկերություններ, որոնք բարձր եկամտաբերություն կունենան, կլինեն թափանցիկ, ներդրողներ, ըստ Կարեն Միքայելյանի, կգտնվեն։ Օրինակ՝ Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, որոնք վերազգային խոշորագույն կոորպորացիաներ են ներկայացնում, մի քանի հարյուր միլիարդ դոլար են կառավարում։

Հայաստանի բորսայում ներդրում անելով, ըստ տնտեսագետի, Վարշավայի ֆոնդային բորսան ցանկանում է հայաստանյան ֆինանսական համակարգում որոշակի ազդեցություն ձեռք բերել։

Նա նկատում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր ենթակառուցվածքները բավականին հաջող են։ Կան բավարար պայմաններ, որ ընկերությունները ցուցակեն բաժնետոմսերը, բորսան էլ պատշաճ սպասարկի։ Եթե տնտեսությունը լինի իսկապես բարձր մրցակցային ու ազատականացված, բորսան միայն կշահի։ «Եթե իրենք մրցակցային շուկայում զարգացած ընկերություններ են, որոնք սկսել են զրոյից և հաջող առաջ են գնում, մի օր կհասնեն նրան, որ կցուցակվեն բորսայում։ Դա է զարգացած տնտեսություններում յուրաքանչյուր ձեռնարկատիրոջ նպատակը։ Իսկ եթե ինչ-որ օլիգարխիկ դեմքեր են, որոնք իրենց մոնոպոլ բիզնեսն են պաշտպանում, դա կլինի որևէ ապրանքի ներմուծում, մանրածախ առևտրի ցանցեր, հանքեր կամ մեկ այլ ոլորտում, եթե իրենց կյանքն ու հոգին են դրել այդ բիզնեսները մոնոպոլ պահելու համար, իհարկե չեն գա բորսա»,- ասում է Կարեն Միքայելյանը։

Հայաստանի ֆոնդային բորսան («Armenia Securities Exchange»- AMX) Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ Բորսայական վերջնահաշվարկը հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։

Ֆոնդային բորսայի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է:

Բորսան ներկայում պասիվ է՝ ունի ընդամենը 21 թողարկող։ Համեմատաբար աշխույժ են բանկերը։ 

Հայաստանի ֆոնդային բորսայի գրասենյակում

Բորսայում ընդգրկված են բաց բաժնետիրական ընկերություններ, ինչպիսիք են՝ «Ալմաստ», «Մաքուր երկաթի գործարան», «Սպայկա», «Ասկե գրուպ» և ևս մի քանի այլ ընկերություններ։ Սակայն, դատելով բորսայական տվյալներից, նրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ, և բորսայական առևտուրը «քնած» վիճակում է։

Բանկերն՝ ընդդեմ բորսայի. «բանկերը փոշեկուլի նման կլանում են ազատ փողերը»

Հայաստանի գլխավոր դրամատունը՝ Կենտրոնական բանկը, միաժամանակ և՛ բանկային համակարգը, և՛ Ֆոնդային բորսան վերահսկող մարմինն է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է՝ այստեղ ԿԲ-ի շահերը հակասում են իրար։ Մի կողմից բանկերն են, որոնք շահագրգռված են ավանդներ ներգրավել ու վարկեր տալ, մյուս կողմից բորսան է, որը առաջարկում է փող ունեցողներին իրենց գումարները ոչ թե ավանդ ներդնել, այլ բաժնետոմսեր ու պարտատոմսեր գնել։

«Այսինքն՝ ԿԲ-ն երկու մրցակիցների կարգավորիչն է, որը այս դեպքում ճիշտ չէ։ ԿԲ-ն ստիպված է երկու ուղղությունների միջև ընտրություն կատարել՝ որի՞ն զարկ տալ։ Եվ ակնհայտ է, որ նախապատվությունը տվել է բանկերին։ Նույն մարմինը չի կարող և՛ բանկերին վերահսկել, և՛ բորսան»,- ասում է տնտեսագետը։

Վարշավային ֆոնդային բորսայի մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա, ըստ նրա, չի լավացնելու հայկական կապիտալի շուկայի վիճակը, որովհետև բորսայի թույլ վիճակը և կապիտալի շուկայի ցածր զարգացվածությունը ավելի խորքային պատճառներ ունեն։ Բանկային համակարգը բավականին ուժեղ է ու թելադրող։ Բանկերը կարողանում են առկա ազատ միջոցները փոշեկուլի նման կլանել և թույլ չտալ, որ կապիտալի շուկան զարգանա։

«Ավանդների համար առաջարկվող տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ բաժնետոմսերի շուկան հետ են մղում։ Որոշակի հավասարակշռություն պետք է մտցնել շուկայում, որ ձեռնտու լինի բաժնետոմս գնելը։ Նաև մշակույթի հարց է։ Մեզ մոտ չկա բաժնետոմս գնելու մշակույթ։ Այստեղ հավի-ձվի պատմությունն է՝ պետք է պահանջա՞րկը լինի, որ բաժնետոմսերն ու արժեթղթերը հայտնվեն, թե՞ պետք է արժեթղթե՞րը  լինեն, որ ներդրողները հայտնվեն»,- նշում է Սուրեն Պարսյանը։

Հայաստանում գործող խոշոր ընկերությունների գերակշիռ մասը բաժնետիրական չէ։ Որոնք էլ բաժնետիրական են, մեծ մասամբ ցուցակագրված չեն բորսայում։

Արժեթղթերի շուկայի զարգացմանը, ըստ Սուրեն Պարսյանի, կարող են զարկ տալ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքով բաց բաժնետիրական դարձնելն ու բորսայում ցուցակելը։ Դրանով եկամուտների վերաբաշխում կապահովվի. «Քանի որ այստեղ բազմաթիվ մենաշնորհներ ու շահեր կան, իսկ պետությունը նրանց ազդեցության տակ է, բնականաբար, այս պահին նրանք չեն գնա դրան»։

Տնտեսագետի կարծիքով լեհական բորսայի կողմից հայկական բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման շարժառիթները տարբեր կարող են լինել՝ քաղաքական, ֆինանսական և այլն։ Այս գործարքին զուգահեռ նաև այլ գործարքներ են եղել, սա լեհական այդ ընկերությանը հայկական շուկա բերելու միջոց է։ Դա կարող է հետագայում թույլ տալ այլ ոլորտներում ներգրավել լեհական այլ ընկերություններ։ «Ակնհայտ է, որ այս գործարքի նպատակը մեր բորսայից շահույթ ստանալը չէ, քանի որ մեր բորսան թույլ վիճակում է»,- նկատում է տնտեսագետը։

Գործարքի արժեքը՝ 873 մլն դրամ

Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերին։ Դեռ այդ ժամանակ հայտարարվեց, որ ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման և համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից:

Այժմ հայտնի է, որ գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։

Ըստ Կենտրոնական բանկի՝ հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ այս տարվա հունիս ամսվա ընթացքում։

Վարշավայի ֆոնդային բորսան (GPW) 

Վարշավայի ֆոնդային բորսան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ ֆինանսական կառույցներից մեկն է։ Վարշավայի ֆոնդային բորսայի խումբը (GPW Group) իր հարթակներում կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով և այլ գործիքներով։ Հանդիսանում է հրապարակային ընկերություն, որի բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են իր մոտ՝ շուրջ 320 մլն եվրո կապիտալիզացիայով։

Հայաստանի ֆոնդային բորսայում առայժմ հրաժարվում են խոսել գործարքի մասին 

Թե ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի ֆոնդային բորսայում Վարշավայի ֆոնդային բորսայի մուտքի առիթով, առայժմ բորսայից հրաժարվում են մեկնաբանել։ Մեզ հետ զրույցում հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ առայժմ այս թեմայով խոսել չեն ցանկանում, կխոսեն գործարքի ավարտից հետո։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter