
Թեղուտում պղնձի կորզման երկրորդ գործարանը կկառուցվի
«Կուպպեր մայն» ՍՊԸ-ն մտադիր է Թեղուտի հանքավայրի տարածքում նոր արտադրություն հիմնել, որի միջոցով կմշակվեն օքսիդացված ապարները։
Թեղուտի հանքավայրից արդյունահանված հանքաքարը մշակում է «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ ֆլոտացման եղանակով։ Ֆլոտացման են ենթարկվում սուլֆիդային ապարները, իսկ օքսիդացված ապարները կուտակվում են առանձին լցակույտում և չեն օգտագործվում։ «Կուպպեր մայն»-ը մտադիր է վերամշակել հենց դրանք։
6,4 հա տարածքը, որտեղ կազմակերպվելու է օքսիդացված ապարների մշակումը և որի նկատմամբ կառուցապատման իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցվել է անցյալ տարի, գտնվում է Թեղուտի հանքավայրի՝ օքսիդացված ապարների տարածքում։ Այդպես արձանագրված է ՇՄԱԳ նախագծում։ Առավել կոնկրետ՝ այն Շնող խոշորացված համայնքի Շնող և Թեղուտ բնակավայրերի սահմաններում է:
Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված ՇՄԱԳ նախագծում նշվում է, որ պղնձի կորզման արտադրությունում արտանետումների աղբյուրներ են լինելու հանքաքարի տեղափոխումը, դարսակների դարսումը, ապարների ջարդումը և ծծմբային լուծույթի պատրաստման և շրջանառության հանգույցները:
Արտադրական գործընթացների արդյունքում արտահոսք չի առաջանալու։ Ավտոմեքենաների լվացումը և սպասարկումը նախատեսվում է իրականացնել մոտակա սպասարկման կետերում։
Տարածքի անձրևաջրերը հավաքվելու են պարզարանում, որից հետո տաք եղանակին կօգտագործվեն տարածքի ջրցանի համար, իսկ ձմեռը կուղղվեն դեպի ռելիեֆ։ Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսված է տեղադրել մոդուլային կենսաբանական մաքրման կայան։ Մաքրված ջրերը նախատեսվում է ուղղել անձրևաջրերի ավազան։
Ներկայացվող գործունեության ընթացքում հողի վրա ազդեցություն չի նախատեսվում, քանի որ կույտը տեղադրվելու է լցակույտի տարածքում, և նոր հողածածկ տարածքներ չեն ներգրավվելու։
Նախատեսվող գործունեության արդյունքում ազդեցություններ են լինելու հիմնականում տեխնիկական միջոցների շահագործման ընթացքում։ Այդ ազդեցությունը կապված է աղմուկի գործոնի հետ, որը կազդի որոշ կենդանիների վրա։ Կույտի և ենթակառուցվածքի համար նախատեսվող տարածքները արդեն իսկ օգտագործվում են և այստեղ չկա բնական բուսածածկ և վայրի կենդանիների ապրելավայրեր։
Հատկանշական է, որ պղնձի կորզման այս արտադրությունն իրականացնելու է այլ ընկերություն՝ «Կուպպեր մայն» ՍՊԸ-ն, որը պետական գրանցում ստացել է 2020թ․ դեկտեմբերի 17-ին։ Այստեղ միակ բաժնետերը Արսեն Ժիրայրի Համբարձումյանն է՝ հաշվառված Կոտայքի մարզի Առինջ գյուղում։
«Թեղուտ» ՓԲԸ-ի Բնապահպանության բաժնի պետ Արմեն Ղարագյոզյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Կուպպեր մայն» ընկերությունը «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունի։ Ավելին, տարածքը, որտեղ իրականացվելու է օքսիդացված ապարների մշակումը, «Թեղուտ» ՓԲԸ-ինը չէ, այլ համայնքային է։ Համաձայն Կադաստրի կոմիտեի փաստաթղթի՝ ընկերությունը տվյալ տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունք է գրանցել։
Շնող համայնքի ղեկավարի որոշումից տեղեկանում ենք, որ Շնող համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ թաղամաս 55/1 հասցեի նշված պետական սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրաունքով տրամադրվել է «Կուպպեր մայն» ՍՊԸ-ին, վերջինի հետ կնքվել է կառուցապատման իրավունքի պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Դրա դիմաց սահմանվել է 1 մլն դրամ վարձավճար։
Արմեն Ղարագյոզյանը նշեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն օքսիդացված ապարները սկսել է կուտակել ոչ թե սկզբից, այլ այն ժամանակվանից, երբ արդյունահանումը հասել է որոշակի շերտերի։
Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքները և վերագործարկվելու էր պոչամբարի պատվարի ամրացումից և արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո։
Հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Շնող համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Կուպպեր մայն» ՍՊԸ-ի ներկայացրած կույտային տարալվացման եղանակով պղնձի կորզման արտադրության կազմակերպման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը։
Առաջին լուսանկարում՝ Թեղուտի հանքավայրի օքսիդացված ապարների լցակույտը։ Լուսանկարները՝ նախագծից։
Մեկնաբանել