HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի». Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի։

Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։ Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած ներկայիս բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու  Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը:  

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի:

Աղոթում ենք, որ Աստված  Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter