HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ցավոք, հայերիս մոտ ամենահեշտը ստացվում է ճամպրուկները հավաքելն ու հայրենիքը անտեր թողնելը»

«Փախչում ենք աղավնու թեւերի բացվածքի չափ մնացած մեր հողից՝ հուսալով վերագտնել մեր տեղը օտար հողում: Աղավնու թեւերի բացվածքի չափ... »: Տողերի հեղինակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Հովհաննես Հովհանիսյանն, ինքն էլ 22 տարի առաջ հավաքեց ճամպրուկը՝ երազանքների երկրում լավ կյանք գտնելու հույսով: Գնալիս չէր էլ պատկերացնում, որ թողնում է աղավնու թեւերի բացվածքի չափ մնացած իր բաժին հայրենիքը: Ընդամենը մեկ տարի անց, երբ օտարությունն անտանելի դարձավ ու վերադարձն անխուսափելի, գրկեց այդ ափաչափ հողը՝ երդվելով այլեւս երբեք չհեռանալ: 

«Գնացի եկա, նոր հասկացա, թե ինչ վատ բան եմ արել: Ամերիկայում ապրելուս մեկ տարին բավարար եղավ ինձ համար: Ես չէի գնացել մշտական մնալու նպատակով, բայց, մեկ է, դաժան էր զրոյական կետին կանգնելը, էդ կետից նոր բան սկսելը, հասկանալը, որ դու էնտեղ ոչ մեկի պետք չես: Հայրենիքում ես կենսագրություն ունեի, ճանաչում կար, մարդկանց սերը կար: Միշտ չէ, որ օտար հողում կարողանում ես պահել կենսագրությունդ: Բայց ամենավատն ու տանջողը սեփական տունդ, հողդ դավաճանած լինելու մտքերն էին: Ես ամեն օր մտածում էի՝ ինչ եմ անում էս երկրում, ինչի եկա, մի քանի կոպեկ ավելիի համա՞ր, իսկ արժե՞ր....ցավոք, հայերիս մոտ խռովկան երեխու նման՝ ամենահեշտ բանը սեփական խաղալիքները՝ ասել կուզի էս դեպքում՝ ճամպրուկը հավաքելն ու հեռանալն է լավ ստացվում»:

2002թ-ին` Գյումրի վերադառնալուց մեկ տարի անց, ծնվեց «Ուր եք գնում» 2 մասից բաղկացած դրամատիկական էտյուդը: «Հուգու ճիչ էր,-նկատում է զրուցակիցս,-օտարության դառնությունը ճաշակած մարդու հորդոր»: Պիեսի գործող անձինք երկուսն են՝ մայր ու տղա: Ընտանիքի հայրը վաղուց է մահացել, ավագ որդին ապրում է արտերկրում եւ հիմա հայրենիքից հեռանալու որոշում է կայացրել կրտսերը: Հասմիկը, փորձելով թաքցնել տխրությունը, Նարեկի ճամպրուկն է հավաքում եւ որդու հետ վերջին անգամ ճաշելու սեղանը պատրաստում: Մայրն առաջարկում է նշել Նոր տարին ու կարեւոր չէ, որ ամենաընտանեկան տոնին դեռ մի քանի ամիս էլ կա: Այդ օրն ինքը մենակ է լինելու՝ առանց զավակների:

-Գնա' խանութ, Շուշիկին ասա թող մի շիշ օղի կամ գինի տա: Ինչու՞ ես նայում, ոչինչ որ պարտք ենք, ու՞ր պիտի փախչենք: Ասա՝ մաման թոշակին կտա:

-Թոշակին կտանք... եւ այդպես մի ամբողջ կյանք աշխատավարձից աշխատավարձ, թոշակից թոշակ, նպաստից նպաստ...Պարտքեր, պարտքեր ու էլի պարտքեր մինչեւ գերեզման: Մարդ վախենում է նույնիսկ մեռնել, պարտատերերը չեն թողնի թաղել, մինչեւ պարտքերդ չտաս: Իսկ նրանք դա հաստատ կանեն:

-Դու էլ որ գնաս, մեր շենքում տղամարդ չի մնա: Երկու օր առաջ առաջին հարկի Վարդանը գնաց ընտանիքով: Ամեն ինչ ծախեց ու գնաց, կարծեմ` Ամերիկա: Էլ չեն գա: Փոքր տղեն ուղիղ մեկ շաբաթ լալիս էր ու կրկնում. «Պապա' ջան, որ ինձ տանում ես ուրիշ տեղ, ես ու՞մ հետ եմ խաղալու»:

Պիեսում կնոջ կերպարը հավաքական է՝ ներկայացնում է մայր հայրենիքը, որին զավակները հերթով լքում են՝ մեկը հեշտությամբ, մյուսը՝ դժվարությամբ, երրորդը` որովհետեւ «որտեղ հաց, էնտեղ կաց» դրույթն ավելի լավ է սերտել, քան թե՝ «սեփական հողումդ ամուր արմատներ ձգիր» խրատը: Նկարիչ տղայի հեռանալու որոշումը Հասմիկի սրտով չէ.

-Ազգն էլ կա, ամուր ու պինդ արմատներն էլ` հետը: Պահել է պետք, ընդամենը, թե չէ սուտ փիլիսոփա ես գլխիս կտրել: Անտեր մի' թողնիր հայրենիքդ, պաշտպանիր նրան: Բայց չէ, վախկոտ շան պես պոչներդ եք քաշում ու խռոված ձեւանալով` փախչում: Տե'ր կանգնեք ձեր տանը: Բայց չէ՝ պատերը քանդեցիք, հիմա էլ կտու'րը քանդեք... 

Պիեսի բեմադրությանը ձեռնամուխ եղած Գյումրու Մտորումների թատրոնի դերասան Դավիթ Մարդոյանը խոստովանում է, որ նախապատրաստական աշխատանքները թաքուն են արել: «Ճիշտն ասած, չէի ուզում, որ իմ պիեսը բեմադրվեր իմ թատրոնում,-խոստովանում է Գյումրու Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը, «Մարիամ» ռադիոկայանում տաս տարի առաջ Տիգրան Գաբոյանի ու Անահիտ Քոչարյանի հետ արել ենք ռադիոբեմադրություն: Դրանից հետո ինքը մնացել է դրած, որեւէ տեղ չի բեմադրվել»:

«Պիեսը մի առիթով կարդացել էի, սակայն Հովհաննիսյանը վետո էր դրել՝ իր թատրոնում չպետք է բեմադրվի,-ասում է ներկայացման ռեժիսոր Դավիթ Մարդոյանը,-դա էր պատճառը, որ ընտրված դերասանների՝ Մերուժանի ու Սոնայի հետ որոշեցինք փորձերը սկսել մեր տանը: Աշխատեցինք մինչեւ էն պահը, որ արդեն կարող էինք ներկայանալ հեղինակին: Հովհաննսիյանին անակնկալի բերեցինք:  Նայեց, մի 40 րոպե հուզվեց, հետո ասաց՝ լավ, շարունակեք, ես կօգնեմ: Որպես ռեժիսոր` առաջին անգամն եմ հանդես գալիս եւ բացի Հովհաննիսյանից, ինձ շատ օգնեց նաեւ Տիգրանը Գաբոյանը»:

Ներկայացման ասելիքն այսօր շատ կարեւոր է. համոզված են պիեսի հեղինակն ու բեմադրիչը: «Պիեսը չգնալու մասին է»,-պնդում է Հովհաննես Հովհաննիսյանը: «Պիեսը երկրին տեր կանգնելու մասին է»,-լրացնում է Դավիթ Մարդոյանը: «Ներկայացումը մենք վերնագրեցինք՝ «ԱՆ-տերերը», ուզեցինք ցույց տալ, որ էն պահից սկսած, երբ դու փոշմանում ես, թեկուզ կես ճանապարից հետ ես վերադառնում, ապա անտերը դառնում է տիրովի՝ ընդամենը մեկ գծիկ է քեզ բաժանում անտերությունից,-նկատում է բեմադրիչը.-հենց այդ գծիկը հաղթահարելու հարցն է, որ շատերն իրենց չեն տալիս գնալիս, իսկ դա, իմ կարծիքով, ամենաառաջնայինն է»:

-Գնա'...Բոլորդ էլ գնացեք: Մոռացե'ք հայրենիք, օջախ, գերեզման...ամեն, ամեն ինչ: Փնտրե'ք ձեր երջանկությունը, գտե'ք ու ուրախացե'ք ձեր գտածով: Մոռացե'ք պատմություն, լեզու, ազգ, մոռացե'ք ու անա'զգ ապրեք: Գնացե'ք...քաղաքում մարդ չի մնացել, քայլում ես՝ անծանոթ, անգույն, հոգնած դեմքեր: Դատարկ աչքեր: Վայրահաչ, անտեր ու սոված շներ: Գնացե'ք...իսկ ես կմնամ: Կմնամ ու կսպասեմ, կսպասեմ ու կհավատամ, որ մի օր բոլորդ էլ կբռնեք ետ դարձի ճամփան: Կաղոթեմ այդ օրվա համար, կաղոթեմ ու կսպասեմ: Արարատին մի' սիրեք ձեր հեռուներից...

 

Լուսանկարները՝ Վազգեն Ասատրյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter