
Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակի առթիվ մատուցվել է եպիսկոպոսական Սուրբ պատարագ
Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է: Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել։
Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից:
Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով։
«Խորանաշատի Ավետարան»-ը (1224 թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:
Արարողությունն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ․ երեկոյան Չինարի գյուղի Մշակույթի տանը ներկաներն ունկնդրել են Երևանի պետական կամերային երգչախմբի հոգեթով կատարումները:
Մեկնաբանել