
Հակառակորդի կրակոցներից վիրավորում ստացած ժամկետային զինծառայողը մահացել է․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր:
Մեկնաբանել