
4,5 ամիս ուշացումով ոչնչի մասին պատասխան՝ հայկական դիրքի նկարահանման վերաբերյալ
2022 թվականի հունվարի 10-ին Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը՝ İctimai TV-ն, տեսանյութ էր հրապարակել հայ-ադրբեջանական շփման գծից, որտեղ պարզորոշ երևում էին հայկական դիրքը, այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները:
Տեսանյութում, հավանաբար, տվյալ հեռուստաընկերության լրագրողը և օպերատորն ադրբեջանական դիրքի մատույցներից նկարահանում են հայկական դիրքն ու այնտեղ գտնվող զինծառայողներին։ Տեսանյութից պարզ է դառնում, որ դիրքերը բավականին մոտ են իրար, ընդամենը մի քանի մետր, եւ այնտեղ գտնվողները միմյանց պարզորոշ լսում են և բանավիճում։ Ընդ որում, ադրբեջանական կողմից թերևս երկու անձ է, որովհետև լրագրողի հետ խոսելիս հայ զինծառայողը նայում է այլ կողմ, իսկ օպերատորի դեպքում՝ այլ։
Տեսանյութի սկզբում, հավանաբար, դիրքի հրամանատարը դուրս է գալիս խրամուղուց և ադրբեջանցի լրագրողից պահանջում չնկարահանել։ Ադրբեջանցու այն հարցին, թե ինչու չպիտի նկարահանի, հայ զինծառայողը (հավանաբար սպա) պատասխանում է, որ այդպես է պետք։ Ընդ որում, հայ զինծառայողը խոսակցության ժամանակ լիցքավորում է զենքը, բայց չի կրակում։
Տեսանյութի ընթացքում հայ զինծառայողը մի քանի անգամ շարունակում է պահանջել չնկարել, սակայն ադրբեջանցիները չեն դադարեցնում նկարել։ Վերջում հայ զինծառայողը խոսում է հեռախոսակապով, հավանաբար, զեկուցելով տեղի ունեցածը։
Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո (հունվարի 11-ին) մենք գրավոր հարցում էինք ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ հասկանալու՝ արդյոք պաշտպանական գերատեսչությունը տեղյակ է եղել այս դեպքի մասին, և ինչու հայկական կողմը, կոչերից զատ, այլ քայլեր չի ձեռնարկել։
Բացի օրենքով սահմանված 5 աշխատանքային օրվանից, պաշտպանական գերատեսչությունը խնդրել էր լրացուցիչ 30 օր, որպեսզի ուսումնասիրի տեսանյութը։ Հարցումն ուղարկելուց միայն 4,5 ամիս անց մենք ստացանք մեր հարցման պատասխանը, իսկ այն, կարելի է ասել, ոչնչի մասին էր։
Մեր այն հարցին, թե ինչպես է ադրբեջանցի օպերատորը այդքան մոտեցել, հայկական դիրքին, որ կարողացել է նկարահանել, ՀՀ պաշտպանության նախարարությունից նշել են, որ «նկարահանումն իրականացվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից՝ առանց խախտելու շփման գիծը։ Տվյալ հատվածում հայկական և ադրբեջանական դիրքերը գտնվում են միմյանց բավականին մոտ, ադրբեջանական դիրքերի նմանատիպ նկարահանումներ իրականացվում են նաև հայկական կողմից»։
Համացանցի բաց աղբյուրներում, լրատվամիջոցների ռեպորտաժներում դժվար կամ անհնարին է գտնել այնպիսի ռեպորտաժ կամ տեսանյութ, որտեղ հայ լրագրողը շփվի ադրբեջանցի դիրքապահի հետ։ Միգուցե Պաշտպանության նախարարությունն անում է նման նկարահանումներ, սակայն պահում է սեփական կարիքների համար և չի հրապարակում։ Համենայն դեպս, լրատվամիջոցներում նման օրինակներ չկան։
Մեր այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի կանխել նկարահանումը, օրինակ, նախազգուշական կրակ օդ արձակելով, ՊՆ-ն պատասխանել է. «Ինչպես երևում է տեսաձայնագրությունում, ընդհակառակը՝ հայ դիրքապահները զգուշացնում են ադրբեջանցի օպերատորին նկարահանում չիրականացնելու վերաբերյալ»։
Պաշտպանական գերատեսչությունը հրաժարվել է պատասխանել այն հարցերին, թե շփման գծի որ հատվածում է եղել այս միջադեպը, և արդյոք այդ միջդիրքային հատվածը ականապատ չի եղել, որովհետև այնպիսի տպավորություն է տեսանյութից, որ լրագրողն ու օպերատորը խրամատում չեն, այլ միջդիրքային հատվածում։
Սքրինշոթն ադրբեջանական լրատվամիջոցի ռեպորտաժից
Մեկնաբանել