HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսել է նախապատրաստվել Ազգերի լիգային

Հայաստանի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստությունը 2022-2023 թթ. Ազգերի լիգայի մրցաշարին: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին, որը նախորդ՝ 2020-2021 թթ. խաղարկությունում դարձել էր C լիգայում իր խմբի հաղթող, այս անգամ իրավունք է ստացել հանդես գալ B լիգայում: Վիճակահանության արդյունքում մեր ընտրանին ընդգրկվել է B1 խմբում: Այստեղ Հայաստանի մրցակիցները կլինեն Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի հավաքականները:

Հավաքականը արդեն սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր մեր թիմը կանցկացնի առաջին մարզումները: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ամսի 24-ին հրապարակել է հավաքական հրավիրված 29 խաղացողների ցանկը: 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո-«Փյունիկ»
Արսեն Բեգլարյան-«Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնեւ-«Փյունիկ»
Հենրի Ավագյան-«Նորավանք»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա)
Հովհաննես Համբարձումյան-«Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան)
Հայկ Իշխանյան-ԲԿՄԱ
Արման Հովհաննիսյան-«Փյունիկ»
Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»
Հրայր Մկոյան-«Արարատ»
Ստյոպա Մկրտչյան-ԲԿՄԱ
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ-«Նոա»
Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Սոլոմոն Ուդո-«Արարատ-Արմենիա»
Վբեյմար Անգուլո-«Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան-«Ալաշկերտ»
Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ»
Ռուդիկ Մկրտչյան-«Արարատ»
Արտակ Դաշյան-«Փյունիկ»
Խորեն Բայրամյան-«Ռոստով» (Ռուսաստան)
Էդգար Մալաքյան-«Արարատ»
Էդգար Բաբայան-«Վայլե» (Դանիա) 
Տիգրան Բարսեղյան-«Սլովան» (Սլովակիա)
Արթուր Սերոբյան-ԲԿՄԱ
Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Լեհաստան) 
Լուկաս Սելարայան-«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Սարգիս Ադամյան-«Բրյուգե» (Բելգիա)

Հավաքականին արդեն միացել են վերը նշված 29-ից 27-ը: ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Լուկաս Սելարայանը բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղերը: Ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Սելարայանը մկանային վնասվածք ունի եւ բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ: Իսկ Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:

Ազգերի լիգայում մեր հավաքականը կանցկանցի 6 հանդիպում, որոնցից 4-ը կկայանան հունիսին, իսկ մյուս 2-ը՝ սեպտեմբերին: Առաջիկա խաղերի ժամանակացույցն այսպիսին է՝

Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա

Հիշեցնենք, որ մեր հավաքականն առաջիկա մրցակիցներից հանդիպել է Ուկրաինային եւ Իռլանդիային, իսկ Շոտլանդիայի դեմ կմրցենք առաջին անգամ:

Ուկրաինացիներին հանդիպել ենք 8 պաշտոնական խաղերում: Ընդ որում՝ դրանք եղել են իրար հաջորդող 4 ընտրական մրցաշարերում, երբ թվում էր, թե թիմերն անբաժան են միմյանցից: Առաջին անգամը եղել է աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում: 1997-ի մայիսի 7-ին մերոնք 1-1 խաղացին Կիեւում, Հայաստանի ընտրանուց աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Նույն տարվա հոկտեմբերի 11-ին Երեւանում ուկրաինացիները հաղթեցին 2-0 հաշվով: Թիմերը հանդիպեցին նաեւ «Եվրո-2000»-ի ընտրական մրցաշարում: 1998-ի հոկտեմբերի 14-ին Կիեւում մերոնք պարտվեցին 0-2, իսկ 1999-ի հունիսի 9-ին Երեւանում գրանցվեց 0-0: ԱԱ-2002-ի ընտրական փուլում՝ 2000 թ. հոկտեմբերի 7-ին, Երեւանում ուկրաինացիները հաղթեցին 3-2 հաշվով: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Արթուր Պետրոսյանը: Պատասխան խաղը 2001-ի սեպտեմբերի 5-ին Լվովում էր. Հայաստանի ընտրանին պարտվեց 0-3: «Եվրո-2004»-ի ընտրական փուլում էլ Երեւանում 2002 թ. սեպտեմբերի 7-ին թիմերը 2-2 խաղացին: Մերոնցից աչքի ընկան Արթուր Պետրոսյանն ու Ալբերտ Սարգսյանը, իսկ 2003-ի հունիսի 7-ին Լվովում գրանցվեց 3-4: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալբերտ Սարգսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Ֆուտբոլասերները հավանաբար կհիշեն, որ այդ խաղում Անդրեյ Շեւչենկոն կեղծակերպ արարքի (սիմուլյացիա) միջոցով 11-մ վաստակեց, որը վճռորոշ եղավ ուկրաինացիների համար:

Այսպիսով՝ կայացած 8 խաղերից 3-ում գրանցվել է ոչ-ոքի, մյուս 5-ում էլ հաղթել է Ուկրաինան: Գոլերի տարբերությունը 8-17 է՝ հոօգուտ Ուկրաինայի:

Նկատենք նաեւ, որ Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկությունում Ուկրաինան A լիգայում էր, սակայն իր խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնելուց հետո նահանջել է B լիգա: Իսկ Շոտլանդիան ու Իռլանդիան շարունակում են հանդես գալ B լիգայում:

Իռլանդիայի հետ հանդիպումները հայ ֆուտբոլասերները դժվար թե մոռացած լինեն: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում, որն ամենահաջողն էր մեր ընտրանու պատմության մեջ, 2010 թ. սեպտեմբերի 3-ին Երեւանում մերոնք պարտվեցին 0-1, իսկ 2011-ի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիները հաղթեցին 2-1 ու «Եվրոյի» փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճեցին, ապա որակավորվեցին եզրափակիչ մրցաշարին: Հիշեցնենք, սակայն, որ Դուբլինում իռլանդացիներին մեծապես օգնեց տխրահռչակ բասկ մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, որը սխալ կարմիր քարտ ցույց տվեց մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ Հայաստանի հավաքականին թողնելով 10 հոգով: Այդ խաղում մերոնցից ինքնագոլի հեղինակ դարձավ Վալերի Ալեքսանյանը, ապա տանտերերը խփեցին նաեւ երկրորդ գոլը, ու չնայած Մխիթարյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, ավելին անել չհաջողվեց:

Հայ-իռլանդական դիմակայությունում 2 խաղերն էլ ավարտվել են իռլանդացիների հաղթանակով, գոլերի տարբերությունը՝ 3-1:

Նկատենք, որ եթե Ազգերի լիգայի A լիգայի 4 խմբերի հաղթողները իրավունք կստանան վիճարկել Ազգերի լիգայի հաղթողի կոչումը, ապա մյուս լիգաներում խմբերի հաղթողները հաջորդ խաղարկությունում հանդես կգան ավելի բարձր լիգայում, իսկ խմբերում վերջին տեղերը զբաղեցրածները (բացի վերջին՝ D լիգայի ներկայացուցիչներից, որոնք նահանջելու տեղ չունեն) կիջնեն ավելի ցածր լիգաներ:

Ազգերի լիգայի խաղարկությունում հաջողության հասնելը նաեւ Եվրոպայի 2024 թ. առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն կընձեռի: «Եվրո-2024»-ի եզրափակիչ փուլին մասնակցելու երաշխավորված տեղ ունի տանտեր Գերմանիան, մյուս 23 թիմերից 20-ը դառնալու են այն հավաքականները, որոնք 2023 թ. անցկացվելիք «Եվրոյի» ընտրական մրցաշարի 10 խմբերում կգրավեն առաջին կամ երկրորդ հորիզոնականը: Այդպիսով՝ կմնա որոշել վերջին 3 երջանիկներին: Դրանք կընտրվեն Ազգերի լիգայի առաջիկա խաղարկության միջոցով:

Այսպես՝ A, B եւ C լիգաների 4-ական խմբերի հաղթողները (12 թիմ), որոնք «Եվրո-2024»-ի ընտրական փուլում կձախողվեն, այսինքն՝ չեն զբաղեցնի իրենց ընտրական խմբերի առաջին կամ երկրորդ հորիզոնականը, «Եվրոյին» մասնակցելու թեկնածու կդառնան Ազգերի լիգայի միջոցով: Բայց եթե լիգաների խմբերի հաղթողները «Եվրոյի» ընտրական փուլում արդեն իսկ նվաճած լինեն առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, որպես հավակնորդ նրանց կփոխարինեն նույն լիգայում հաջորդ ամենաբարձր ցուցանիշ գրանցած թիմերը: Այդ 12-ը կբաժանվեն 3 փնջի, որոնցում կլինի 4-ական մասնակից, եւ նրանք ըստ փնջերի կխաղարկեն «Եվրոյի» 3 ուղեգիր:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter