HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 20 միլիոն դոլար վարկ է տրամադրելու Team Telecom Armenia-ին

Հայաստանում գերարագ ինտերնետի հասանելիությունը լավացնելու և թվային տնտեսության կայացմանն օժանդակելու նպատակով Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 20 միլիոն դոլար վարկ է տրամադրելու Team Telecom Armenia-ին` երկրի բջջային և ֆիքսված լայնաշերտ կապի ամենախոշոր օպերատորին: Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ սա կլինի IFC-ի առաջին ներդրումը Հայաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի հեռահաղորդակցության ոլորտում:

Քովիդ-19 համավարակի արդյունքում հուսալի բջջային և ֆիքսված լայնաշերտ կապի ապահովումը դարձավ առաջին անհրաժեշտության ծառայություն, որի շնորհիվ օգտատերերը կարողանում են օգտվել տեղեկատվական, առողջապահական, կրթական ու հանրային ծառայություններից: Բացի այդ, գերարագ լայնաշետ կապի ենթակառուցվածքը, լինելով թվային տնտեսության գրավական, տնտեսության աճի ու նորարարության շարժիչն է և հնարավորություններ է բացում թվային ֆինանսական ծառայությունների ու էլեկտրոնային առևտրի համար:

IFC-ի կողմից Team Telecom Armenia-ի վարկավորումը նպատակ ունի օգնել Հայաստանին` իրացնելու այս նոր հնարավորությունները` ավելի լավ լայնաշերտ կապի հասանելիության միջոցով, այդ թվում` գյուղական շրջաններում: Լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրվելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Ամերիաբանկի կողմից` այսպիսով ֆինանսավորման փաթեթի ընդհանուր ծավալը հասցնելով 45 միլիոն դոլարի:

Ֆինանսավորման փաթեթը կօգնի կազմակերպությանը վերաֆինանսավորել առկա պարտքը և ֆինանսավորել կապիտալ ներդրումների ծրագիրը, որը կլավացնի հեռահաղորդակցության ցանցերի ծածկույթն ու ծառայության որակը, այդ թվում նախատեսվում է 4G բջջային ցանցի ընդլայնում և մանրաթելային հասանելիության ցանցի տարածում հանրապետությունում: Մոտավորապես 2.9 միլիոն բնակչություն ունեցող երկրում ակնկալվում է, որ այս ծրագրի շնորհիվ նվազագույնը 1.1 միլիոն բջջային կապի բաժանորդ կունենա ավելի արագ ու ավելի որակյալ ինտերնետային կապ, իսկ 450,000 տնային տնտեսություններ` ավելի արագ մանրաթելային կապի տեխնոլոգիայից օգտվելու հնարավորություն:

Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ և համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշել է. « Մենք ողջունում ենք մեր երկարաժամկետ գործընկերությունն IFC-ի հետ, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների ֆոնին, երբ ներդրումները ռիսկային են։ Այս աջակցությունը Team-ին հնարավորություն կտա արագացնել կապիտալ ներդրումների ծրագիրը, ընդլայնել ու արդիականացնել ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական ցանցերը՝ բարելավելով անհատ բաժանորդներին, բիզնես հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու խթանելով նորարարությունը և տնտեսական աճը»:

IFC-ի ֆինանսավորումը նաև կօգնի ընկերությանն ամրապնդել իր դիրքը մեծածախ սեգմենտում, որտեղ տվյալների փոխանցման ծառայություններ է տրամադրում Հայաստանի տեղական ու մարզային հեռահաղորդակցության օպերատորներին` այս կերպ նպաստելով ավելի կայուն և ավելի արագ ինտերնետային ենթակառուցվածքին: Ցանցի արդիականացման արդյունքում նաև ակնկալվում է էներգիայի սպառման ծավալների կրճատում. այսինքն` բաժանորդները հնարավորություն կունենան հանրապետությունում գերարագ ինտերնետ կապից օգտվել ավելի էներգախնայող հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով:

IFC-ի ենթակառուցվածքների և բնական պաշարների հարցերով տարածաշրջանային տնօրեն Շերիլ Էդելսոն Հանվեյը նշում է. «IFC-ի ներդրումը կօգնի արդիականացնել բջջային կապի ծառայությունները և մեծացնել ինտերնետային կապի արագությունը Հայաստանում` այս կերպ խթանելով երկրի թվային տնտեսության, առևտրի և ձեռներեցության զարգացումը և արագացնելով հետքովիդային վերականգնումը: Ֆինանսավորելով ՀՀ թվային ենթակառուցվածը` IFC-ն կօգնի նպաստավոր միջավայր ստեղծել երկրում լրացուցիչ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter