«Հայացք». Ձկնաբուծարան Սևանա լճում
Մայիսի 10-ին Սևան ազգային պարկում տեղի ունեցած հասարակական լսումների արդյունքում որոշվել է հավանություն տալ «Էմի ֆրութ» ՍՊԸ-ի պիլոտային ծրագրին, որը վերաբերում է Սևանա լճի իշխան ձկնատեսակի ենթատեսակների` գեղարքունիի և ամառային բախտակի պոպուլյացիաների վերականգնմանը: Եթե պիլոտային ծրագիրը դրական արդյունք տա, ապա բուծած ձկների մի մասը բաց է թողնվելու Սևանա լիճ, ինչպես նաև` վաճառքի դեպքում որոշակի գումար է մտնելու պետբյուջե:
Սևանա լճում տեղադրվելու է Դանիայից բերված 4 ցանցավանդակ, որտեղ հունիսից մինչև նոյեմբեր ամիսը բուծվելու է 20-40 գրամանոց 80000 մանրաձուկ: Նշենք, որ ձկները կերակրվելու են էկոլոգիական կերով, որը տրամադրվելու է «Բիոմար» ընկերության կողմից:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բարդուղ Գաբրիելյանը «Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագրի նպատակը նոր մեթոդներով ձկան այդ ենթատեսակների բուծումն է: Սա ձկնաբուծության նոր եղանակ կարելի է համարել: Իսկ պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում կստուգվի, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ այդ գործընթացը Սևանա լճի էկոհամակարգի վրա. չէ՞ որ ձկներին կերակրելուց հետո առաջացած նստվածքի հետևանքով տեղի կունենա միկրոֆլորայի և ջրի ջերմաստիճանի փոփոխություն:
- Դրականն ակնհայտ է. ծրագրի հաջող իրականացման դեպքում ընկերությունը պարտավորվում է ամեն տարի ձկան որոշակի տոկոս բաց թողնել լիճ` վերականգնելով պոպուլյացիան: Հիմնական նպատակը Սևանա լճում վայրի պոպուլյացիայի վերականգնումն է: Այս իմաստով` գաղափարը գնահատում եմ դրական: Բայց եթե ծրագրի ընթացքում Սևանին վնաս հասցնելու միտում նկատվի, անմիջապես կդադարեցվի գործունեությունը,- ասաց Բ. Գաբրիելյանը:
Ձկնաբանը նաև նշեց, որ պիլոտային ծրագիրը նախ ցույց կտա, թե որքա՞ն կապրեն լիճ բաց թողնված ձկները, չէ՞ որ երբ սովորում են արհեստական կերին, բնական միջավայրում ի վիճակի չեն լինում որս անելու և շատ անգամ իրենք են դառնում որս թռչունների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել