HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դեղատներում վաճառվում է չգրանցված վիտամին D` բարձր դոզավորմամբ

Դեղատներում վաճառվում է բարձր՝ 5000 ՄՄ դոզավորմամբ aTech Nutrition ընկերության վիտամին D3՝ առանց պարտադիր պետական գրանցման:

Ներմուծողն ասում է՝ ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, թեև անձամբ չեն ստուգել, խոստանում՝ ուղարկել դրանք: Նա նշում է նաև, որ իրավաբանի և հաշվապահության հետ պետք է ճշտի՝ ինչի են վաճառում, եթե այս կամ այն պարտադիր փաստաթղթերը չունեն։

Իսկ վերահսկողը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), հայտնում է, որ ո՛չ ռեեստրում, ո՛չ էլ սննդի շղթայի օպերատորների բազայում նշված ներմուծողի ընկերությունը ներառված չէ, ինչը պարտադիր է ԿԱՀ-եր վաճառելիս։

 

 

Կենսաբանական ակտիվ հավելումները շուկայում իրացվելու համար պետք է ունենան պարտադիր պետական գրանցում, առանց որի դրանց վաճառքն ու շրջանառությունն արգելվում է։

Դեղատներում վաճառվում են ռուսական՝ aTech Nutrition ընկերության վիտամիններ՝ Vitamin D3 5000IU (International Unit, Միջազգային միավոր, ՄՄ), որոնք չունեն պարտադիր պետական գրանցում, այսինքն՝ նաև իրացման թույլտվություն։

ԿԱՀ-երի արտադրողն է ռուսական «Արսենալ Ատլետա» ՍՊԸ-ն (ООО "Арсенал Атлета"

Կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ) համարվում են սնունդ և վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ ԿԱՀ-երի գրանցումը, ի տարբերություն դեղերի, արագ ու ոչ այնքան ծախսատար գործընթաց է։ ԿԱՀ-երը դեղերից տարբերվում են ցածր դոզավորմամբ, բնական բաղադրատարրերով: Ի տարբերություն դեղերի՝ դրանք չեն ունենում բուժիչ հատկություն, այսինքն՝ միայն լրացնում են օրվա անհրաժեշտ պաշարը։

ԿԱՀ-երը կարգավորվում են Մաքսային միության՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգով։ Դրանք համարվում են պարտադիր պետական գրանցման ենթակա ապրանքներ, առանց որի դրանց վաճառքը ԵԱՏՄ տարածքում արգելվում է։

Պարտադիր պետական գրանցում ստանալու համար արտադրողը ներկայացնում է դրանց վերաբերյալ փաստաթղթային փաթեթը, որի մաս է կազմում նաև լաբորատոր փորձաքննությունը՝ ամեն ապրանքի համար նախատեսված պարտադիր ցուցանիշներով։

Այդ փաթեթի ուսումնասիրության հիման վրա տրվում է ԿԱՀ շրջանառության և վաճառքի թույլտվություն։

ԵԱՏՄ մի երկրում տրված պետական գրանցման վկայականը փոխադարձ ընդունելի է Միության անդամ բոլոր երկրներում։

Վիտամին D կենսաբանական ակտիվ հավելումի դեպքում 5000 ՄՄ դեղաչափը բարձր է. այն համարվում է արդեն թերապևտիկ հատկություններ ունեցող բուժիչ միջոց, որը պետք է վաճառվի որպես դեղ։

Օրինակ, միջազգային տարբեր հետազոտություններում, ինչպես նաև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներում նշվում է, որ վիտամին D-ի oրական խորհուրդ տրվող չափաբաժինը մինչև 60 տարեկան մարդկանց համար մինչև 15 մկգ է (միկրոգրամ), կամ՝ 600 ՄՄ:

Վիտամինների, ինչպես ցանկացած նյութի ավելցուկը կամ գերդոզավորումը կարող է թունավոր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: 

«Թույլատրված օրական չափաքանակից ավելի կիրառման դեպքում գրանցվում է գերվիտամինոզ, որովհետև D վիտամինը, A վիտամինը և E վիտամինը, հատկապես՝ A-ն և D-ն ունեն գերդեղաչափավորման թունավոր հատկություններ. կարող է օրգանիզմի թունավորում տեղի ունենալ»։

ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբոնի վարիչ Նարինե Միրզոյան

Այս ապրանքը Հայաստան է ներկրում «ԱԱՖ Գրուպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է դեղերի մանրածախ առևտրով։ Ընկերության ներկայացուցիչ Լևոն Ֆերմանյանն («ԱԱՖ Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ եղբայրն է, հեղ.) ասում է, որ վիտամինները դեղատներում վաճառվում են արդեն մի քանի ամիս։

Հատված զրույցից՝

- Ձեր ապրանքը ներառված չէ ԵԱՏՄ պետական միասնական ռեեստրում, այսինքն՝ ապրանքը պետական գրանցում չունի, ինչը պարտադիր է։ 

- Իհարկե, պարտադիր է։

- Կա՞ նման փաստաթուղթ, ունե՞ք գրանցումը հաստատող փաստաթուղթ:

- Փաստաթուղթը ունենք, իհարկե, ունենք՝ ԵվրԱզԵս-ում (ԵԱՏՄ, հեղ.) գրանցված։

- Բազայում պետք է երևա, եթե կա:

- Ես, ճիշտն ասած, անձամբ չեմ ստուգել, բայց քանի որ արտադրողը տրամադրել ա մեզ փաստաթուղթը, մենք ունեք էդ փաստաթուղթը, եթե կուզեք, կուղարկենք ձեզ։

Լ. Ֆերմանյանին ասացինք, որ դիմել ենք նաև վերահսկող մարմնին՝ ՍԱՏՄ-ին, որտեղից մեզ հայտնել են, որ ո՛չ ռեեստրում, ո՛չ էլ սննդի շղթայի օպերատորների բազայում «ԱԱՖ Գրուպ» ընկերությունը ներառված չէ, ինչը պարտադիր է ԿԱՀ-եր վաճառելիս։

«Երբ որ ԵվրԱզԵսում գրանցված ա լինում, մենք Սննդամթերքի տեսչություն չենք դիմում գրանցելու համար»,- պարզաբանեց Լ. Ֆերմանյանը։

Հայտնեցինք, որ եթե նույնիսկ գրանցումն արվել է այլ երկրում, ոչ Հայաստանում, ապա, ամեն դեպքում, ԵԱՏՄ միասնական ռեեստրում պետք է երևա։ Ֆերմանյանը հետաքրքվեց՝ ինչպես կարելի է տեսնել այդ ռեեստրն ու խնդրեց իրեն էլ հուշել։

- Առանց պետական գրանցում վիտամինների վաճառքն արգելվում է, գիտե՞ք։

- Ես գիտեմ, որ արգելվում է. էն հիման վրա, որ մեզ տրամադրել է արտադրողը, ներմուծել ենք և վաճառել ենք։

- Դուք նկատի ունեք համապատասխանության գնահատման սերտիֆիկատը, չէ՞, EAC նշանով (վիտամինը ենթակա է պետական գրանցման, ոչ թե սերտիֆիկացման, հեղ.) , բայց դրան զուգահեռ պետք է լինի պետական գրանցում, այսինքն՝ դա այլ գործընթաց է ենթադրում. օրինակ, դոսյեն պետք է ներկայացվի, ապրանքը ներառվի համակարգ և այլն։ Դուք նման գործընթաց արե՞լ եք։

-Մենք նման գործընթաց չենք արել։ Համենայն դեպս, հիմա կփորձենք պարզել՝ ինչեր պետք է արվի մինչև վաճառելը։

- Բայց ապրանքն արդեն վաճառվում է՝ առանց գրանցման։

- Ես պետք ա այդ ամեն ինչը դեռ ճշտեմ՝ թե’ իրավաբանի, թե’ հաշվապահության հետ՝ ինչի ենք մենք վաճառում, եթե պարտադիր պետք է այսինչ, այսինչ, այսինչ գործընթացներն անեինք։

Ապա Լ. Ֆերմանյանն ասաց, որ գուցե արտադրողն իրեն ուղարկել է միայն համապատասխանության գնահատման սերտիֆիկատը և ոչ թե պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթերը։

Ինչ վերաբերում է վիտամին D-ի բարձր դոզավորմանը, Լ. Ֆերմանյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, քանի որ «ԵվրԱզԵսը դա չի համարում խնդիր»:

«Ինքը բարձր դոզայով է՝ 5000 միավոր, բայց քանզի ինքն արտադրվում է՝ որպես սննդային հավելում, և եթե ինքը գրանցվում է ԵվրԱզԵսով, համապատասխանաբար, պետք է թույլատրելի լինի իր վաճառքը՝ որպես սննդային հավելում,- ասաց նա: Եթե դեղ է համարվում, ի՞նչ իրավունք ունի «Արսենալ Ատլետ»-ն արտադրի որպես հավելում»,- նշեց Լ. Ֆերմանյանը՝ խոստանալով, որ կշփվի արտադրողի հետ՝ խնդիրը հասկանալու համար, ինչպես նաև՝ «հակառակը պնդելու»։

Վերջում Լ. Ֆերմանյանը նորից հավաստիացրեց, որ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այլապես ապրանքը շուկայում չէր հայտնվի։ Նրան խնդրեցինք տրամադրել՝

  • ԵԱՏՄ պետական գրանցումը հաստատող փաստաթղթեր, կամ ռեեստրից քաղվածք:
  • Vitamin D5000ME լաբորատոր փորձաքննության արձանագրությունը:
  • ՍԱՏՄ-ից ապրանքի ներկրումը հաստատող փաստաթղթեր։
  • Ինչպես նաև՝ 5000 ME դոզայի մասով, որ հավաստում է, որ դեղ չէ Հայաստանում այդ դոզան:

Հաջորդ օրը Ֆերմանյանը հայտնեց, որ գրավոր դիմենք իրենց։ Նույն հարցերն ուղարկեցինք գրավոր։ Քանի որ տվյալներ տրամադրելը, եթե դրանք կան, ժամանակատար գործընթաց չէ, հայտնեցինք, որ շաբաթվա վերջում հոդվածը հրապարկվելու է, եթե վերը նշված թղթերը կան, տրամադրեն։ Սակայն մեր նամակներն ու զանգերը մնացին անարձագանք, իսկ փաստաթղթեր մենք մինչ օրս չենք ստացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter