HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի վերաբերյալ. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակ Բարենդ Լեյցը հանդես է եկել հայտարարությամբ։ Ըստ նրա՝ մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկվել է հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, իսկ երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ: Լեյցի խոսքով՝ հակառակի վերաբերյալ շահարկումներն ափսոսանք են հարուցում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ օրերի լարվածության համատեքստում, նախագահ Միշելը վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնել իր համագործակցությունը երկու երկրների հետ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների: Շառլ Միշելը ողջունել է սահմանային հանձնաժողովների մայիսի 24-ի հանդիպումը և այն անվանել պատմական՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման հսկայական կարևորությունը սահմանազատումից առաջ։

Առավել լայն առումով՝ Շառլ Միշելը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չլուծված հարցերը՝ առաջ մղելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին։

«Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծվեն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ կայուն և արդար խաղաղության պայմաններ ստեղծելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ այս համատեքստում կիրառվող տերմինաբանությունը բավականին զգայուն է։

«Նախագահ Միշելի՝ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն՝ քննարկումների որևէ կանխորոշված ելքի։ Խիստ կարևոր է, որ բոլոր խնդիրները համընդգրկուն հասցեագրում ունենան։ Սա ներառում է ամբողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, մայիսի 22-ին հատուկ քննարկվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։

«Այս համատեքստում բոլոր կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ։ Հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում»,- ասված է ԵԽ նախագահի հայտարարության մեջ։ 

Հայտարարության վերջին մասը վերաբերում է երկու երկրների բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը և այդ առնչությամբ հրապարակային հռետորաբանության կարևոր դերին։

«Նա ողջունել է պաշտոնական Երևանի և Բաքվի՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ վստահության ամրապնդման գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաև ընդգծվում է՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը առաջիկա օրերին կժամանի տարածաշրջան՝ հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծել էին սահմանի հարցերով հանձնաժողովները, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ 

Մայիսի 24-ի երեկոյան հայտնի դարձավ, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

«Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում»,- ասվում էր ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել էր, որ հանձնաժողովի երկրորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։ 

Շառլ Միշելի մամուլի խոսնակի երեկվա հայտարարության առիթը, ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահի մայիսի 27-ի հայտարարությունն է։ Իլհամ Ալիևն ասել էր, որ Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Անդրադառնալով հայկական կողմի այն մոտեցմանը, թե պետք է քննարկել նաև Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու կարգավիճակը՝ Ալիևը հայտարարել էր, որ նման խնդիր Ադրբեջանում չկա։

«Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն Ադրբեջանում հարմարավետ են ապրում և օգտվում են բոլոր իրավունքներից։ Ադրբեջանում ազգային և կրոնական հողի վրա խտրականություն երբեք չի եղել և չի լինելու։ Ուստի, Ադրբեջանում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները։ Այստեղ հատուկ արտոնություն չկա»,- ասել էր նա։

Բացի այդ, Ալիևը հղում էր արել Շառլ Միշելի մայիսի 22-ի հայտարարությանը և նշել, որ միջազգային կառույցների բառապաշարում Լեռնային Ղարաբաղ եզրույթ չկա։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, ապա այդ տարածքն Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ուստի, միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում Լեռնային Ղարաբաղ բառը չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը, և ինչպես ասում են՝ գլուխները պատին են խփում, բայց սա է իրականությունը և պետք է հաշտվել դրա հետ»,- սպառնացել էր Ադրբեջանի նախագահը։

Վերջինիս պնդմամբ՝ Ադրբեջանն է թելադրում բանակցությունների օրակարգը, և Բաքուն հասել է կամ հասնում է իր առջև դրված նպատակներին: Ալիևի խոսքով՝ սահմանազատումից հետո Հայաստանն այլևս չի կարող խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Հայաստանը փորձում էր դրանից խուսափել, քանի որ այդ պայմանագիրը նշանակում է միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում: Բայց, արդյունքում, մենք հասանք դրան, և Ադրբեջանը արդեն որոշել է իր աշխատանքային խմբի կազմը»,- ասել է Ալիևը։

Շառլ Միշելի մայիսի 22-ի հայտարարությունը ոչ միանշանակ էր ընդունվել նաև Ստեփանակերտում՝ կապված հայտարարության մեջ առկա ձևակերպումների հետ։ Մասնավորապես, այնտեղ խոսք չկար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, մատնանշվում էր հայ բնակչության անվտանգությունը։

Ալիևի հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳՆ-ն։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։

Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter