HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուստամ Բադասյանը կրիպտոակտիվների գործարքներում փողերի լվացման ռիսկեր է տեսնում

Խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ընդդիմությունը կրկին բոյկոտում է խորհրդարանական աշխատանքը: Ի դեպ, այսօր քննարկումներն ընթանում են Ֆինանսավարկային և բյուջետային և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, իսկ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը Վահե Հակոբյանն է: Նրան փոխարինում է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ արդեն մեկ ամիս է ընդդիմությունը չի գալիս աշխատանքի, բայց հավանաբար այսօր աշխատավարձ կստանան:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, դիմելով Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանին, ասաց, որ անշարժ գույքի շուկայում կրիպտոարժույթներով գործարքների մասին է տեղեկացել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ՊԵԿ նախագահն ի՞նչ դիրքորոշում ունի կրիպտոակտիվների մասին` հաշվի առնելով, որ այն իրավական տիրույթում չէ: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ հասանելիություն ունի էլեկտրոնային դրամապանակներին ՊԵԿ-ը:

Բադասյանն արձագանքեց` կրիպտոակտիվների օգտագործմամբ գործարքներ անելու և այդտեղ հարկային ռիսկերի մասին բազմիցս բարձրաձայնել են:

«Նաև ունեցել ենք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որտեղ արձանագրվել է մեծ գումարի կանխիկի տրամադրման դիմաց կրիպտոակտիվի ձեռքբերում և էլեկտրոնային դրամապանակի և այլ միջոցների վրա կրիպտակտիվի բացում: Բայց էդ գործողությունները չեն ունեցել որևէ արդյունք նաև այն պատճառով, որ կարգավորված չէ հստակ՝ կրիպտոակտիվներն ինչ իրավական կարգավիճակ ունեն, դրանով գործարքները ինչպես են իրականացվում»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով`աշխարհը գնացել է այդ խնդրի կարգավորման ճանապարհով:

«Մենք բազմիցս խնդրել ենք ԿԲ-ին, որ էդ ոլորտը կարգավորվի, չկարգավորելով մենք թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ, մինչդեռ աշխարհում դրա փորձը կա: Կրիպտոակտիվների միջոցով թե՛ հարկերից խուսափելու, թե՛ փողերի լվացման ռիսկերը, բնական է, որ կան, և շուտափույթ պետք է կարգավորել այդ հարցը: Չկարգավորվածությունը առավել ևս խնդիրներ է առաջացնում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային դրամապանակներին` ՊԵԿ-ի հհնարավոր հասանելիության հարցին, Ռուստամ Բադասյանն ասաց, որ Հայաստանը բազմակողմ կոնվենցիայի անդամ է, ինչը ենթադրում է օտարեկրյա հարկային մարմնի հարցմանը պատասխանել` տրամադրելով նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ:

«Օտարերկրյա հարկային մարմինը կոնվենցիայի շրջանակում եթե դիմի, մենք պետք է բանկային գաղտնիքը տրամադրենք, բայց այդ նույն բանկային գաղտնիքը հասանելի չէ հարկային մարմնի համար` հարկային վարչարարության գործիքակազմի տեսանկյունից: Միջազգային փորձը կրկին վկայում է նրա մասին, որ բանկային գաղտնիքները հիմնականում հասանելի են հարկային մարմիններին, էս հարցում մենք ապավինում ենք ԿԲ-ին, չենք ուզում որևէ կարգավորում առաջարկել, որը համաձայնեցված չէ ԿԲ-ի հետ, քանի որ բավական զգայուն ոլորտ է»,- ասաց Բադասյանը:

ՊԵԿ նախագահի կարծիքով, սակայն, պետք է մտածել այն մասին, որ իր ղեկավարած կառույցը որոշակի հասանելիություն ստանա բանկային գաղտնիքին:

«Ոչ միայն նշված, այլև շատ այլ դեպքերում որոշ գործարքներ ուղղակի հասանելի չեն, և շատ հեշտությամբ հնարավոր է լինում հարկային հաշվարկների մեջ մի թիվ ներկայացնել, իսկ հաշիվների շարժը հասանելի է լինում միայն համալիր հարկային ստուգման արդյունքում, այն էլ միայն այն ընկերությունում, որտեղ ստուգում է իրականացվում»,- եզրափակեց Բադասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter