HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 98-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 98-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք գլխավոր նորություններով։

  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրից պարզ է դառնում, որ գիշերը ռուսական զորքերը գրոհել են Սևերոդոնեցկը, և հիմա առանձին ստորաբաժանումներ ամրապնդվում են քաղաքի կենտրոնում։ Այդ մասին հայտնել է նաև Լուգանսկի մարզային զինվորական վարչակազմը։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի խոցման առավել մեծ հեռահարություն ունեցող հրետանի, քան ռուսական կողմինն է։ Սպիտակ տան աղբյուրները նշում են, որ խոսքը գնում է համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգերի մասին, որոնք կարող են խոցել թիրախը 70-80 կիլոմետր հեռավորության վրա։
  • Իր սյունակում Բայդենը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ հակամարտություն և քայլեր չի ձեռնարկի, որպեսզի Ռուսաստանում հասնի պուտինյան վարչակարգի տապալմանը։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ մտադիր չէ ազդել ուկրաինական առաջնորդների վրա՝ Ռուսաստանին տարածքային այս կամ այն զիջումն անելու համար, ինչպես հանրային, այնպես էլ փակ բանակցությունների ժամանակ։
  • Ռուսաստանը շարունակում է հարձակումը նաև Դոնեցկի մարզում՝ ինտենսիվ կրակ արձակելով հրետանուց և ականանետերից։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։ 

Վլադիմիր Զելենսկին գնահատել է ուկրաինական բանակի ամենօրյա կորուստները

«Իրավիճակը շատ բարդ է։ Մենք օրական կորցնում ենք 60-100 զինվոր և մոտ 500 մարդ էլ վիրավորվում է մարտերի ժամանակ»,- ամերիկյան Newsmax պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին Ուկրաինան անվանել է ռուսական ագրեսիայի դեմ «պաշտպանական պարագիծ» և «ֆիզիկական խոչընդոտ»։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում այս անգամ պատմում է Դոնբասում մարտերի մասին։

  • Ռուսաստանցիների հիմնական կրակային ուժը տեղակայված է Լուգանսկի մարզի ոչ մեծ հատվածում։ Մայիսի 30-31-ը ակտիվացել են մարտերը Սևերոդոնեցկի փողոցներում, ռուսական զորքերը մոտեցել են քաղաքի կենտրոնին։
  • Հիմա քաղաքի կեսից ավելին, հավանաբար, բռնազավթված է ռուսական զորքերի կողմից, այդ թվում՝ չեչեն մարտիկների։
  • Դոնբասի սահմաններից դուրս Ռուսաստանը շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել ուկրաինական ենթակառուցվածքներին։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը Դոնբասում առկա իրավիճակի մասին

Սևերոդոնեցկի և Դոնբասի գրավման վրա Մոսկվայի կենտրոնացումն ընդհանուր առմամբ խոցելի տեղեր է ստեղծում Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Խերսոնի մարզում, որտեղ շարունակվում է ուկրաինական ուժերի հակահարձակումը։ 

Խերսոնը հանդիսանում է կրիտիկական կարևոր տարածք, որովհետև դա ուկրաինական միակ մարզն է, որտեղ ռուսական ուժերը պահում են դիրքերը Դնեպրի ձախ ափին։ Եթե Ռուսաստանը կարողանա պահպանել Խերսոնի մարզում ուժեղ պլացդարմը, երբ մարտական գործողություններն ավարտվեն, նա շատ ամուր դիրքեր կունենա՝ ապագայում նոր ներխուժում իրականացնելու համար։ Եթե Ուկրաինան ազատագրի Խերսոնի մարզը, նա ավելի ուժեղ դիրքեր կունենա, որպեսզի պաշտպանի իրեն Ռուսաստանի ապագա հարձակումներից։ 

Այս ռազմավարական հաշվարկը պետք է հանգեցնի նրան, որ Ռուսաստանը բավարար մարտական ուժ առանձնացնի Խերսոնի պահպանման համար։ Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է բոլոր ուժերը և ռեսուրսները կենտրոնացնել Դոնբասի գրավման փորձի վրա, որը նրան կբերի հիմնականում սիմվոլիկ հաջողություններ։

Gett տաքսի ծառայությունը դադարեցրել է իր աշխատանքը Ռուսաստանում

Մայիսի կեսերին ընկերությունը հայտարարեց, որ վարորդների համար մոբայլ հավելվածի աշխատանքի վերջինը օրը կլինի մայիսի 31-ը։

Ավելի վաղ, ագրեգատորի Ռուսաստանից հեռանալու մասին հայտնել էր The Bell-ը։

Գրաֆիկական դիզայնի Canva ծառայությունը անջատել է իր հասանելիությունը ռուսաստանցի օգտատերերի համար։

«Մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի, խաղաղության և ազատության կողքին։ Ինչպես միլիարդավոր մարդիկ աշխարհում, մենք ցնցված ենք և սգում ենք՝ տեսնելով շարունակվող ռազմական հանցագործությունները և հազարավոր անմեղ մարդկանց մահը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է անօրինական պատերազմն Ուկրաինայում»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Ռուսաստանից Canva-ի հեռանալը կանդրադառնա 1,4 միլիոն օգտատերերի վրա։

«Միասնական Ռուսաստան»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Տուրչակ. Խերսոնի և Զապորոժյեի մարզերը կմտնեն Ռուսաստանի կազմ

Խերսոնի և Զապորոժյեի մարզերի բնակիչները որոշում կընդունեն Ռուսաստանի կազմ մարզերի մտնելու մասին։ Այդ մասին հայտարարել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։

«Որոշումը պետք է ընդունեն հենց բնակիչները, և ես վստահ եմ, որ նրանք դա կընդունեն։ Այդ իսկ պատճառով կասկածներ այն մասին, որ այս տարածաշրջանը կլինի Ռուսաստանի Դաշնության կազմում, ես չունեմ»,- հայտարարել է Տուրչակը։

Խերսոնի մարզը և Զապորոժյեի մարզի մի մասը Ռուսաստանի կողմից գրավված են և կառավարվում են օկուպացիոն վարչակազմերի կողմից։

Տուրչակը նաև հայտարարել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ևս կմտնեն Ռուսաստանի կազմի մեջ։

Լուսանկարը՝ Aris Messinis/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter