HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարություն

Մայիսի 31-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի հրավերով ճանաչողական այց է կատարել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր՝ Լիոն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության պետին ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հանցավորության տարբեր ոլորտների դեմ առավել արդյունավետ պայքարելու, Ինտերպոլի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով։

Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը, հույս է հայտնել, որ հանդիպումը կնպաստի Ինտերպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության և գործընկերության խորացմանն ու ընդլայնմանը։ Հատկապես կարևորվել է համագործակցությունը կիբեռհանցավորության, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։

Այցի ընթացքում Ինտերպոլի բարձրաստիճան ներկայացուցիչները ներկայացրել են Ինտերպոլի «INSIGHT» վերլուծական ծրագիրը, համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության, կիբեռհանցավորության դեմ պայքարի մանրամասները և այլն։ Առանձնահատուկ քննարկման թեմա էր նաև Ինտերպոլի անդամ որոշ երկրների կողմից Ինտերպոլի խողովակները քաղաքական նպատակներով օգտագործելու եւ միջազգային հետախուզում հայտարարելու փորձերը։ Հայկական պատվիրակությունը բարձր է գնահատել Ինտերպոլի գործող մեխանիզմներն ու գործիքակազմը և հույս հայտնել, որ այսուհետ ևս Ինտերպոլը զերծ կմնա տարբեր երկրների կողմից Ինտերպոլի ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձից։

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին հրավիրել է Հայաստան։ Իր հերթին գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ոստիկանության պետի գլխավորությամբ, կմասնակցի 2022 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ նստաշրջանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter