HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 99-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 99-րդ օրվա առավոտյան ամփոփումը սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.

  • Վաշինգտոնում տեղակայված Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը գրում է, որ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական հակահարձակումը դադարեցվել է, սակայն ուկրաինական ուժերը զբաղեցնում են հիմնական ավտոճանապարհի մոտ տեղակայված դիրքերը, որտեղով Խերսոնի մարզի հյուսիսում իրականացվում է ռուսական ուժերի մատակարարումը։
  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը գրում է, որ Սևերոդոնեցկում շարունակվում են մարտերը։ Ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները։
  • Ջո Բայդենի վարչակազմը կարող է ուկրաինական կողմին վաճառել MQ-1C Gray Eagle տիպի չորս անօդաչու, որը MQ-1 Predator տիպի դրոնի մոդիֆիկացված տարբերակն է։ Սա պաշտոնական հայտարարություն չէ, բայց եթե հաստատվի, ապա Ուկրաինայի զինված ուժերը կունենա չորս դրոն, որոնք գերազանցում են Bayraktar տեսակի դրոնները՝ մի շարք բնութագրիչներով։
  • Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վաշինգտոնի խոստումները Կիևին համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգեր մատակարարելու վերաբերյալ, որոնք ունակ են 80 կիլոմետր հեռավորության վրա խոցելու թիրախը, «կրակի վրա յուղ են լցնում» և չեն նպաստում բանակցությունների սեղան վերադառնալուն։
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինան գործընկերներին վստահեցրել է, որ հեռահար համակարգերը, որոնք Վաշինգտոնը փոխանցել է Կիևին, չեն կիրառվի Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։
  • Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ Սումիի մարզի Շոստկա քաղաքում ուկրաինական զորքերը «նախատեսում են սադրանք իրականացնել ամերիկյան հրթիռային կայանքների կիրառմամբ»։
  • Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ստիպողաբար դեպի Ռուսաստան, Բելառուս և Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի բռնազավթված տարածքներ է տեղահանվել ավելի քան 234 հազար ուկրաինացի երեխա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Դարյա Գերասիմչուկը։

Հրթիռակոծության են ենթարկվել Օդեսան և Լվովի մարզը

Հունիսի 2-ի առավոտյան Օդեսան, հավանաբար, ենթարկվել է հրթիռակոծության։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաստատել են, որ քաղաքում հայտարարվել է օդային տագնապ և հիշեցրել, որ չի կարելի հայտնել հրթիռային հարվածների մասին, քանի դեռ դրանք չեն հաստատել իշխանությունները։

Ավելի վաղ, «Политика Страны»-ն գրել էր, որ ականատեսները հայտնել են քաղաքում պայթյունների մասին, որոնք տեղի էին ունեցել առավոտյան ժամը 06:00-ին։ 

Հուլիսի 2-ի գիշերը հրթիռակոծման է ենթարկվել նաև Լվովի մարզը։ Մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկու խոսքով՝ չորս թևավոր հրթիռ է արձակվել Սև ծովի ավազանից։ Հարվածները հասցվել են երկաթուղային ենթակառուցվածքներին։ Վիրավորվել է հինգ մարդ։ Խախտվել է գնացքների շարժման գրաֆիկը։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում գտնվում է մոտ 8 հազար ուկրաինացի գերեվարված զինծառայող։ Թե նրանցից քանիսն ունի մեղադրյալի կարգավիճակ, պարզ կլինի տրիբունալի ժամանակ, РИА Новости-ին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդի քրեական և վարչական օրենսդրության հանձնաժողովի ղեկավար Ելենա Շիշկինան։

Ռուսաստանում օգտատերերը խնդիրների են բախվում Proton VPN ծառայությանը միանալիս։ Հավանաբար, այն փորձում են արգելափակել։

ProtonMail-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հավանաբար, ռուսական ինտերնետ պրովայդերները և իշխանություններն են խանգարում VPN միացումներին։ Այդ դեպքում, խոստովանում են ProtonMail-ում, խնդիրը լուծել չի ստացվել, սակայն փորձեր կարվեն շրջանցելու արգելափակումը։

«Медиазона»-ն գրում է, որ դժվարություններ ունեն նաև Lantern ծառայության հաճախորդները։ Բացի այդ, թվիթերի օգտատերերը հայտնել են նաև Outline VPN-ին միանալու անհնարինության մասին։

Pixabay-ը ևս հրաժեշտ է տալիս ռուսական շուկային։

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ հանրայնորեն մեկնաբանել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը

Մերկելը տեղի ունեցողն անվանել է «բարբարոսական պատերազմ», որն անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել։ Նա իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինային, որի վրա հարձակվել է Ռուսաստանը և աջակցել ուկրաինացիներին՝ իրենց երկիրը պաշտպանելու գործում։

Մերկելը նաև հատուկ նշել է, որ ներխուժման ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ։ «Այդ սարսափի օրինակը Բուչան է»,- ասել է նա։ Նախկին կանցլերն ընդգծել է, որ պատերազմի ժամանակ Եվրամիության անդամները հարկ է, որ միասնություն ցուցաբերեն։ Նա աջակցություն է հայտնել Գերմանիայի գործող իշխանությունների ջանքերին՝ ուղղված պատերազմի դադարեցմանը։

Ինչպես գրում են գերմանական լրատվամիջոցները, Ռուսաստանի հետ իր պաշտոնավարման ժամանակ վարվող քաղաքականության առնչությամբ Մերկելը ոչինչ չի ասել։

Լուսանկարը՝ REUTERS/Valentyn Ogirenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter