HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային պետական բնակարան կհատակացվի

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողի համար կսահմանվի բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Կառավարությունը, հավանություն տալով իր օրենսդրական նախաձեռնությանը, այն համարեց անհետաձգելի։ Օրենքը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից։

«Գործընթացը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում։ Իսկ 20 տարվա զինվորական ժամկետը լրանալու, ինչպես նաև՝ մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում՝ զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով այդ բնակարանի տրամադրում։

Բացի այդ, նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային ավարտելու պահին է հատկացվելու պետական բնակարանը։

«Ինքը բնակարանն այդ պահին ստանում է և կարող է այդ բնակարանը օգտագործել ինչպես ուզենա, կարող է բնակվել, կարող է վարձակալությամբ տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում»,- ասաց Փաշինյանը։

Կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

Ըստ ՊՆ-ի՝ օրենքի նախագծի ընդունումը ռազմաուսումնական հաստատությունների առնվազն քառամյա կրթական ծրագրի շրջանակներում, սկսած 2026 թվականից և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի տարեկան չափը կարող է կազմել մոտ 12,5 մլրդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter