HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

400 մլն դրամ՝ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության աջակցության ծրագրին

Կառավարությունը 400 մլն դրամ կտրամադրի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 2-ի նիստում։

«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ Ես ցանկանում եմ շեշտել այս ծրագիրը, քանի որ բավականին մեծ է դիմելիությունը այս ծրագրի առնչությամբ»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ըստ նախարարի՝ եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, վարկի մնացորդի 10 %-ի չափով գյուղերում, Երևանում՝ 5  %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ աջակցություն է տրվում, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, և ընտանիքում արդեն 3-րդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 մլն դրամ աջակցություն է տրամադրում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընդունել են 2020-ին և երկար ժամանակ բյուջեով նախատեսված միջոցները ոչ միայն բավարարում էին, դեռ մի բան էլ ավելի էին։ 

«Հիմա առաջին անգամ մի իրավիճակի առաջ ենք կանգնել, երբ բյուջեով ի սկզբանե նախատեսած միջոցները չեն բավականացնում, և մենք դրանից ուրախանում ենք և ավելացնում միջոցները»,- ասաց Փաշինյանը։

Նախարարն էլ հավելեց՝ ծրագրի մեկնարկից ի վեր 3250 շահառու ընտանիք աջակցությունից օգտվել է, և պետության մասնակցությունը այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է։

«Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 ընտանիք։ Դա մոտ այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցրած։ Եվ 2022 թվականին ծրագրից արդեն օգտվել է շուրջ 900 շահառու։ Այս պահի դրությամբ էլ ունենք 150 բավարարված հայտ, և այս նախագծի ընդունման դեպքում անմիջապես նրանց գումարները կվճարվեն»,- եզրափակեց նախարարը։

Մեկնաբանություններ (1)

Հայաստան
Ամուսինս չի աշխատում, իսկ ես սպասում եմ 3րդ բալիկիս։ բայց կառուցում ենք տուն և չենք կարողանում վարք վերցնել։ կա ինչ որ ծրագիր որը կօգնի մեզ մի փոքր աջակցություն ստանալ պետության կողմից։ Մենք բնակվում ենք Շիրակի մարզում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter