HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարության կուլիսներում քննարկվում է էլեկտրամոբիլների անցնելու հարցը

Վարչապետի աշխատակազմն այս տարի մտադիր է օպտիմալացնել կառավարության ավտոպարկը:

Խորհրդարանում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը:

«Մաքսիմալ «բալանսներից» փորձում ենք հրաժարվել, որպեսզի և' մենք ծանրաբեռնված չլինենք, և' համապատասխան ծախսերը նվազեցնենք»,-ասաց Հարությունյանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ավտոպարկի վերաբերյալ տեսակետ հայտնեց, թե հնարավոր է երկու տարբերակ` կա'մ Հարությունյանի մատնանշածը, կա'մ էլ` անցում էլեկտրամոբիլներին:

«Հաշվի առնելով ներկայիս միտումները` կապված վառելիքի գնի շարունակական աճի հետ, ստացվում է` հիմնական ծախսը ոչ թե մեքենան է, այլ դրա պահպանությունը, կարծում եմ` կառավարությունն ու բոլոր գերատեսչությունները ժամանակի ընթացքում պետք է անցնեն էլեկտրամոբիլների»,-ասաց Գևորգ Պապոյանը:

Արայիկ Հարությունյանը համաձայնեց` վերջին աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ վառելիքի գնի շարունակական աճ է գրանցվում:

«Իհարկե, միջոցներ պետք է ձեռնարկել ոչ միայն կրճատելու, այլ հնարավոր օպտիմալ տարբերակներ ընտրելու: Կառավարությունում ոչ պաշտոնապես, բայց կուլիսներում և բյուջետային քննարկումների ժամանակ, երեկ էլ մեր գործընկերների հետ քննարկելիս, երբ մեքենաների հայտեր էին ներկայացրել (նկատի ունի կառավարության նիստը-հեղ.), քննարկում էինք էլեկտրական մեքենաների տարբերակը, որը սպասարկման առումով բավական մատչելի է: Բոլոր նրանք, ովքեր ունեն նման մեքենաներ, դա կփաստեն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց նաև, որ կառավարությունն ամեն կերպ ողջունում է նման մեքենաների օգտագործումը, և դա է պատճառը, որ էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն գանձվում:

Հարությունյանն ընդգծեց` ավտոպարկում առկա շուրջ 900 մեքենաների ծանրակշիռ մասը հնամաշ է, ենթակա է փոփոխության:

«Էս տրամաբանության մեջ մեզ ոչ միայն օպտիմալացում է պետք, այլ հնարավոր փոփոխությունների դեպքում էնպիսի տարբերակներ գտնենք, որոնք թույլ կտան մեզ լուրջ խնայողություններ անել»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter