15 կուսակցություն զորակցություն է հայտնել Աժ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությանը
«15 կուսակցություններ զորակցություն են հայտնել Աժ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում են կենսական հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են պատրաստել, որը պետք է ներկայացնեն ԱԺ վաղվա արտահերթ նիստին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը մեծամասնություն ունի ԱԺ-ում, արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու արտահերթ նիստին։
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերս,
Հաստատելով, որ.
- գործող իշխանությունների կողմից երկրում որդեգրված հակասահմանադրական ընթացքը փաստացի մենիշխանության է տարել երկիրը,
- խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, քաղաքական մեծամասնության կողմից մերժվում են ազգային-պետական շահերին առնչվող կարևորագույն քննարկումներն ու որոշումների կայացումը,
- գնալով խորանում են Հայաստանի պետականությանն ու ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքները, անտեսվում են Հայ ժողովրդի կենսական շահերը՝ երկիրը կանգնեցնելով պետականության կազմաքանդման շեմին,
- կենսական անհրաժեշտություն ենք համարոււմ «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության ընդունումը:
Զորակցում ենք հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական hայ ժողովրդի և hայոց պետականության լինելիության հարցում:
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորումներին ու անհատներին համախմբվել սույն հայտարարության սկզբունքների և Հայ ժողովրդի ազգային պետական շահերն արտացոլող օրակարգերի շուրջ:
/Հայտարարությունը բաց է միանալու համար/։
Հայտարարությանը միացել են հետևյալ կուսակցությունները՝
- «5165 շարժում» կուսակցություն
- «Ազատություն» կուսակցություն
- «Ազգային անվտանգություն» կուսակցություն
- «Ազգային համաձայնություն» կուսակցություն
- ԱԻՄ կուսակցություն
- «Երկիր Ծիրանի» կուսակցություն
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
- «Ժառանգություն» կուսակցություն
- «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն
- «Համերաշխություն» կուսակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
- «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն
- Ռեֆորմիստների կուսակցություն
- «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել