Փոխվարչապետը մասնակցել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 67-րդ նստաշրջանի բացմանը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի տուրիզմի փոխնախարար Սոֆիա Զաչարակին, այլք։
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությանը՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Կառավարությունը հետևում է զբոսաշրջության ոլորտում կատարվող իրադարձություններին և իրականացվող ծրագրերին։
«Զբոսաշրջության ոլորտը, որպես տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը, ևս անմասն չմնաց այս արհավիրքից։ Համավարակի արդյունքում, Հայաստանում նույնպես զբոսաշրջությունն առավել տուժած ոլորտներից է։ Սակայն, նաև շնորհիվ ոլորտում վարվող պետական ճկուն քաղաքականության, երկրում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է»,- ընդգծել է փոխվարչապետը։
«Մենք պետք է դասեր քաղենք և վերափոխենք ոլորտը՝ հետագա անցանկալի ճգնաժամերին ավելի լավ պատրաստ լինելու համար։ Այսօր բոլորիս պարտքն է համախմբել մեր ջանքերը, օգտագործել մեզ տրված բոլոր լծակներն ու գործիքները՝ առողջացնելու ոլորտը և խթանելու զբոսաշրջության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում»,- ասել է Համբարձում Մաթևոսյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել