
ՀՌԱՀ-ի և արտակարգ իրավիճակների նախարարության կայքերն ամենաքիչ հագեցվածն են
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մոնիթորինգային խմբի օգնությամբ պարզել է պետական կայքերի մատչելիության և հագեցվածության աստիճանը: 52 ցուցանիշով առաջատարը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, առաջին հնգյակում տեղ են զբաղեցրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կրթության և գիտության նախարարությունը և Կենտրոնական բանկը: Մարզպետարաններից ամենաբովանդակ կայքը Սյունիքի մարզինն է:
Ըստ հետազոտության արդյունքների` հագեցվածության տեսանկյունից ամենաաղքատը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) և արտակարգ իրավիճակների նախարարության կայքերն են:
Հետազոտողներն օգտագործել են Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվության ազատության ինստիտուտի մեթոդաբանությունը` տեղայնացնելով այն: Ուսումնասիրության է ենթարկվել 52 կայք: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, լրագրողներին ներկայացնելով իրենց հետազոտության արդյունքները, նշեց, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն` պետական մարմիններն իրենց գործունեության մասին տեղեկատվությունը պարտավոր են հանրամատչելի դարձնել, բացառությամբ պետական գաղտնիքների:
Հետազոտող խումբն ուսումնասիրած կայքերը բաժանել է երեք կատեգորիաների: Նախարարությունների, կառավարությանն առընթեր կազմակերպությունների և մարզպետարանների կայքերի հետազոտության արդյունքները գնահատվել են ռեյտինգային աղյուսակով, օգտագործվել է շուրջ 47 չափանիշ, որոնցից կարևորագույներն են`
1. տեղեկատվությունն առկա է, թե` ոչ,
2. ամբողջական է այն, թե` ոչ,
3. տեղադրված է ըստ հրատապության, օպերատիվ է, թե` ոչ
4. մատչելի է, թե` ոչ:
Քանի որ երրորդ խմբում ներառված կայքերը` ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, Սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը չէին ենթարկվում աղյուսակային դասակարգման, ուղղակի գնահատվել է դրանց թափանցիկությունը և հագեցվածությունը:
Պաշտոնական կայքերին, չնայած դրանց հագեցվածության երբեմն նույնիսկ բարձր մակարդակին, բնորոշ են մի շարք թերություններ: Դրանցից կարևորներն են`
- Թափուր տեղերի և դրանց լրացման կարգի մասին տեղեկատվության բացակայություն:
- Բյուջետային գումարների ծախսման մասին տեղեկատվության բացակայություն:
- Պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների մասին տեղեկատվության բացակայություն:
Հետազոտությունն իրականացրած խմբի դիտարկմամբ պաշտոնական կայքերը տարեցտարի ավելի են հագենում տեխնիկապես, ինչպես նաև բովանդակային առումով և կարող են պետություն-հասարակություն կապի համար օպտիմալ հարթակ ծառայել:
Մեկնաբանել