HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Իռլանդիա․ վիճակագրությունը մրցակցի օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 17։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։ Հիշեցնենք, որ 2020-2021 թթ․ խաղարկության արդյունքներով մեր ընտրանին С լիգայում դարձավ իր խմբի հաղթող եւ այս՝ 2022-2023 թթ․ խաղարկությունում իրավունք է ստացել հանդես գալ B լիգայում։ Հայաստանի ընտրանին վիճակահանության արդյունքում ընգրկվել է B լիգայի 1-ին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի հավաքականները։

Իռլանդացիներին նախկինում հանդիպել ենք 2 պաշտոնական խաղում, որոնք հայ ֆուտբոլասերները հաստատ լավ են հիշում։ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում, որն ամենահաջողն էր մեր ընտրանու պատմության մեջ (մերոնք խմբում գրավեցին 3-րդ տեղը, չնայած շատ մոտ էին նաեւ 2-րդ հորիզոնականին), 2010 թ. սեպտեմբերի 3-ին Երեւանում մերոնք պարտվեցին 0-1, իսկ 2011-ի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիները հաղթեցին 2-1 ու «Եվրոյի» փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճեցին, ապա որակավորվեցին եզրափակիչ մրցաշարին: Դուբլինում իռլանդացիներին մեծապես օգնեց բասկ մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, որը սխալ կարմիր քարտ ցույց տվեց մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ Հայաստանի հավաքականին թողնելով 10 հոգով: Այդ խաղում մերոնցից ինքնագոլի հեղինակ դարձավ Վալերի Ալեքսանյանը, ապա տանտերերը խփեցին նաեւ երկրորդ գոլը, ու չնայած Մխիթարյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, ավելին անել չհաջողվեց: 

Հայ-իռլանդական դիմակայությունում 2 խաղերն էլ ավարտվել են իռլանդացիների հաղթանակով, գոլերի տարբերությունը՝ 3-1:

Երեկ կայացած նախախաղային ասուլիսում մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտնել է․ «Թիմը շատ մոտիվացված է, դա երեւում է մարզումների ժամանակ: Շատ հեշտ է այս թիմի խաղացողներին մոտիվացնել, որովհետեւ նրանք նվիրված են իրենց թիմին, իրենց երկրին: Այդ իսկ պատճառով մենք պետք է խաղից խաղ առաջ շարժվենք եւ շատ մեծ խանդավառությամբ ու սպասելիքներով մոտենանք այս խաղին՝ բնականաբար, ամենայն հարգանքով վերաբերվելով մրցակցին, որը շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ունի»:

Իսկ հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը նշել է․ «Իհարկե, բոլորս ենք հիշում Իռլանդիայի դեմ հանդիպումը, ամեն հայ այդ հանդիպումը հիշում է: Բայց դա եղել է 2011 թ., ու շատ լավ հանդիպումներ ենք ունեցել դրանից հետո: 100 տոկոսով բոլորս մոտիվացված ենք, լուրջ վնասվածքներ չունենք: Լրիվ պատրաստ ենք հանդիպմանը»:

Հայաստան-Իռլանդիա հանդիպման գլխավոր մրցավարը ռումինացի Ռադու Մարիան Պետրեսկուն է։ Նրա օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) եւ Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան Յուլիան Դիման է (Ռումինիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈւԵՖԱ պատվիրակը Կուանիշ Կանապյանովն է (Ղազախստան)։ 

Մեր խմբի մյուս թիմերը՝ Ուկրաինան ու Շոտլանդիան, այսօր չեն մրցի, քանի որ հունիսի 1-ին հանդիպել են աշխարհի 2022 թ․ առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆում, եւ ուկրաինացիները հաղթել են 3-1 հաշվով։ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիրն ուկրաինացիները հունիսի 5-ին վիճարկելու են Ուելսի հետ։ Այսպիսով՝ Ուկրաինան եւ Շոտլանդիան բաց կթողնեն առաջին տուրը եւ այդ բացը կլրացնեն սեպտեմբերին։  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter