
Ուկրաինայում պատերազմի 101-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Պատերազմի 101-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով:
- Վերջին շաբաթներին ԱՄՆ ներկայացուցիչները պարբերաբար քննարկում են Ուկրաինայում հրադադարի հնարավոր պայմաններն ու հակամարտության ավարտը։ Այդ մասին հայտնում են CNN-ի աղբյուրները։ Բանակցությունների թեմաներից մեկը Իտալիայի կողմից ավելի վաղ առաջարկված հակամարտության կարգավորման պլանն է։ Քննարկումներն իրականացվում են առանց Կիևի անմիջական մասնակցության, չնայած Վաշինգտոնի այն հայտարարություններին «ոչինչ չխոսել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի»։
- Եվրոպացի գործարարները 1 ֆունտ ստերլինգով պատրաստվում են գնել Ռոման Աբրամովիչին և նրա գործընկերներին պատկանող բրիտանական Truphone հեռահաղորդակցության խումբը։ Այդ մասին գրում է Financial Times-ը։ Truphone վաճառքի որոշումը կապված է արևմտյան պատժամիջոցների հետ, որոնք սահմանվել են ռուսաստանցի միլիարդատիրոջ նկատմամբ։ Աբրամովիչին է պատկանում ընկերության 23 %-ը։ Մնացած բաժնետոմսերի մեծ մասը նրա գործընկերներ Ալեքսանդր Ֆրոլովինն ու Ալեքսանդր Աբրամովինն են։ Գործարքը նախատեսվում է կնքել հունիսին։
- The New York Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան մի քանի քաղաքների քաղաքապետներին կոչ է արել խզել հարաբերությունները իրենց ռուսական քույր քաղաքների հետ։ «Ի՞նչ են ձեզ տալիս այդ կապերը։ Երևի ոչինչ։ Սակայն դրանք Ռուսաստանին թույլ են տալիս ասել, որ նա մեկուսացված չէ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դիտարկում է հունիսի վերջին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը, հայտնում են NHK հեռուստաընկերության աղբյուրները։ Ավելի վաղ, ճապոնական կառավարության ղեկավարը չի մասնակցել դաշինքի հանդիպումներին։ Բացի այդ, Ճապոնիան չի անդամակցում ՆԱՏՕ-ին։
- Սևերոդոնեցկում ռուսաստանցի զինվորականները որոշակիորեն օգնություն են ստացել 2-րդ բանակային կորպուսի զորահավաքային ռեզերվի հաշվին։ Այդ մասին հայտնել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
- Սևերոդոնեցկի արևելյան հատվածում էլ, ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան կենտրոնի, ռուսական զորքերը աննշան հաջողությունների են հասել, բայց ուկրաինական զորքերը շարունակում են քաղաքում և դրա մատույցներում տեղային հակահարձակումներ իրականացնել։
- Ռուսական զորքերը անհաջող հարձակումներ են իրականացրել և հետ մղվել Իզյումից դեպի հարավ-արևելք և հարավ-արևմուտք, ինչպես նաև Լիմանից դեպի արևմուտք։
Գրեթե 14 միլիոն ուկրաինացի ստիպված լքել է իր տունը։
Պատերազմի 100 օրվա ընթացքում գրեթե 14 միլիոն ուկրաինացի ստիպված լքել է իր տունը, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ճգնաժամային համակարգող Ամինա Ավադայի զեկույցում։
Պատմության ընթացքում հարկադիր տեղահանման նման մասշտաբներ և նման արագություն դեռևս չի եղել, նշվում է համակարգողի զեկույցի մեջ։ Ավելի քան 3 միլիոն ուկրաինացի երեխա, մարտական գործողությունների պատճառով, ստիպված դադարեցրել է ուսումը։ Երկրի ողջ տարածքում հարյուր հազարավոր ուկրաինացիներ ջրին ու էլեկտրականությանը հասանելիություն չունեն։ Ընդհանուր առմամբ, 15,7 միլիոն բնակիչ հումանիտար օգնության կարիք ունի և այդ կարիքավորների թիվն աճում է, ասված է ՄԱԿ-ի զեկույցում։
Ուկրաինական ուժերը հետ են գրավել Սևերոդոնեցկի կորցված տարածքների 20 %-ը
Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը կարողացել են վերականգնել վերահսկողությունը Սևերոդոնեցկի կորցված տարածքների 20 %-ը, որտեղից ավելի վաղ ստիպված էին եղել նահանջել։ Ըստ Գայդայի՝ մինչ այդ ռուսական զորքերը գրավել էին քաղաքի 70 %-ը, սակայն հիմա հակամարտող կողմերի վերահսկողության տակ են գրեթե հավասար տարածքներ։
Ռոսավացիան 17-րդ անգամ երկարաձգել է Ռուսաստանի կենտրոնական և հարավային 11 օդանավակայաններ թռիչքների արգելքը։
Թռիչքներ չեն իրականացվում դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։ Արգելքը գործում է մինչև հունիսի 12-ը։
Արգելքն ուժի մեջ էր մտել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հենց առաջին օրը՝ փետրվարի 24-ին և ամեն անգամ երկարաձգվում է։
Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ
Այս անգամ այն նվիրված է ռուսական ավիացիային։
- Ռուսական ավիացիայի ակտիվությունը բարձր է մնում Դոնբասում վիճարկվող տարածքի վրա։ Ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում ինչպես կառավարվող, այնպես էլ չկառավարվող զինամթերքի օգտագործմամբ։
- Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը թուլացնելու կամ ոչնչացնելու Ռուսաստանի անկարողությունը հակամարտության առաջին օրերին սահմանափակել է ցամաքային ստորաբաժանումներին աջակցելու նրա ավիացիայի հնարավորությունները, ինչը խանգարել է Կիևի վրա հարձակվելու դեպքում։
- Այդ իսկ պատճառով ռուսական ինքնաթիռների ակտիվությունը սահմանափակվել է օդային և ցամաքային բազավորման հրթիռների օգտագործմամբ հարվածներ հասցնելով՝ ուկրաինական զորքերի ամրակայման և պաշարների առաջխաղացումը խախտելու նպատակով:
- Սակայն այդ հարվածները էական ազդեցություն չեն ունեցել հակամարտության վրա, իսկ բարձր ճշգրտության հրթիռների ռուսական պաշարները, հավանաբար, զգալիորեն սպառվել են։
- Դոնբասում Ռուսաստանն ավելացրել է ավիացիայի օգտագործումն իր հարձակմանն աջակցելու համար՝ համատեղելով ավիահարվածներն ու հրետանային զանգվածային գնդակոծությունները: Նման համադրությունը տարածաշրջանում Ռուսաստանի վերջին մարտավարական հաջողությունների առանցքային գործոնն է դարձել։
- Անկառավարելի զինամթերքի առավել լայն կիրառումը հանգեցրել է Դոնբասի բնակավայրերի մասշտաբային ավերածությունների և գրեթե հավանական է խաղաղ բնակչության շրջանում ուղեկցող զգալի վնասների և զոհերի:
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 4 June 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) June 4, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/0aOZJCGvVJ
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/3W92EWHUmh
Ստրեմոուսով. Խերսոնի մարզը շարունակում է Ռուսաստանի հետ ինտեգրումը
Խերսոնի մարզը շարունակում է Ռուսաստանի հետ ինտեգրումը, չնայած Եվրամիության դիրքորոշմանը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է մարզում օկուպացիոն ուժերի ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմոուսովը, որին ռուսական լրատվամիջոցները անվանում են մարզի «ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ»։
«Մեր տարածաշրջանը կդառնա Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ մասը և դա որևէ մեկը չի կարող խանգարել։ Ռուսական անձնագրերը բաժանվել և կշարունակեն բաժանվել մարզում։ Խերսոնի մարզի ավելի մեծ թվով բնակիչներ կդառնան Ռուսաստանի քաղաքացիներ»,- ասել է Ստրեմոուսովը։
Ընդ որում, նրա խոսքով, Խերսոնի մարզում ՌԴ կազմ մտնելու հանրաքվե օրակարգում դեռևս չկա։ Քվեարկությունը կիրականացվի «նորմալ խաղաղ կյանքի վերադառնալուց հետո»։
Լուսանկարը՝ AP/Vadim Ghirda
Մեկնաբանել