
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 1998 թվականի առավելագույնին
2022 թվականի մայիսին Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը, Ուկրաինայում պատերազմի, էներգակիրների գների աճի և թուրքական լիրայի արժեզրկման պատճառով, հասել է 24-ամյա առավելագույնին։ Ինչպես հունիսի 3-ին հայտնել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը, սպառողական գներն այդ երկրում նախորդ ամիս տարեկան կտրվածքով աճել են 73,5 %-ով՝ ցուցադրելով 1998 թվականի հոկտեմբերից ի վեր առավելագույն աճը։
Deutsche Welle-ն գրում է, որ գնաճի արագացումը նկատվում է 12 ամիս շարունակ։ Դա հիմնականում պայմանավորված է տրանսպորտի ոլորտում (տարեկան կրտրվածքով 107,6 %), պարենի և ոչ ալկոհոլային խմիչների (տարեկան կրտրվածքով 91,6 %) գների աճով: Ամսական կտրվածքով Թուրքիայում սպառողական գները աճել են 2,98 %-ով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս տնտեսական աճի և արտահանման խթանման համար տոկոսադրույքների իջեցման օգտին՝ պնդելով, որ փոխառությունների բարձր արժեքը գնաճի պատճառ է դառնում: Նման դիրքորոշումը հակասում է տնտեսական առկա մտածողությանը։ Նախորդ տարի թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 44 %-ը։
Associated Press-ն էլ գրում է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, որը հանգեցրել է գազի, նավթի և ցորենի գնաճին, խորացրել է Թուրքիայում առկա իրավիճակը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել