
Սերգեյ Լավրովը չի կարողացել այցելել Սերբիա. հարևան երկրները նրա ինքնաթիռի համար փակել են օդային սահմանը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստիպված չեղարկել է իր երկօրյա այցը Բելգրադ այն բանից հետո, երբ կիրակի օրը Չեռնոգորիան, Բուլղարիան և Հյուսիսային Մակեդոնիան հրաժարվել են թույլատրել նրա ինքնաթիռին օգտվելու իրենց օդային տարածքներից։ Պատասխանելով Интерфакс-ի հարցին, թե արդյոք չեղարկվել է Լավրովի այցը, ՌԴ ԱԳՆ աղբյուրը հայտարարել է, որ «դիվանագիտությունը դեռևս ձեռք չի բերել տելեպորտացիայի ունակություններ»։
Լավրովի այցը Սերբիա նախատեսված էր հունիսի 6-7-ը։ «Միայն այսօր, մեկ ժամ առաջ, Սերբիան շրջապատող երկրները, փակել են կապի ալիքը՝ չթույլատրելով Սերգեյ Լավրովի թռիչքը, որն ուղևորվում էր Սերբիա։ Ռուսական պատվիրակությունը պետք է Բելգրադ ժամաներ բանակցությունների անցկացման նպատակով։ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են օդային տարածքը, փակել կապի հերթական ալիքը»,- BBC-ի փոխանցմամբ՝ իտալական La7 հեռուստաընկերության եթերում կիրակի երեկոյան հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի խոսքով՝ Լավրովի հետ կապված իրավիճակի շուրջ բալկանյան հարևանների հետ բանակցություններն անձամբ վարում է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Իսկապես անհավանական է, որ Եվրոպայում և աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ մեկ երկրի նախագահը պետք է զբաղվի այնպիսի հարցերով, ինչպիսին մեկ այլ երկրի ԱԳ նախարարի թռիչքի կազմակերպումն է, որից կախված է՝ արդյոք նա կհասնի, թե ոչ»,- իրավիճակը սերբական հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է Բրնաբիչը։
Եվրամիության անդամ գրեթե բոլոր երկրները և Մեծ Բրիտանիան փակել են օդը ռուսական ինքնաթիռների համար, ինչը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան ԵՄ անդամ չեն, սակայն անդամակցում են ՆԱՏՕ-ին և միացել են եվրոպական հակառուսական պատժամիջոցներին։
Սերբիան Եվրոպայում Ռուսաստանի եզակի դաշնակիցներից մեկն է։ Այն չի անդամակցում ՆԱՏՕ-ին և չի աջակցում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներին, սակայն 2012 թվականից ունի ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Մարտի սկզբին Բելգրադում տեղի էին ունեցել բազմամարդ ցույցեր, որի մասնակիցներն իրենց աջակցությունն էին հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։
Սերբիան գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից, սակայն նրա լոյալությունը Մոսկվային մեծապես պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը և այս հարցում իր աջակցությունն է հայտնում Բելգրադին։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել