HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 103-րդ օրը (ցերեկային ամփոփում)

Մեկնարկել է Ուկրաինայում պատերազմի 103-րդ օրը։ Վերջին ժամերի հիմնական նորություններն են.

Բալթիկ ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունները։ Դրանց մասնակցում են նաև Ֆինլանդիան և Շվեդիան։

BALTOPS ամենամյա զորավարժությունները կշարունակվեն գրեթե երկու շաբաթ։ Դրանց մասնակցում է 45 նավ, 75 ինքնաթիռ և ավելի քան 7 000 ծովային, օդաչու և ծովահետևակային, որոնք ներկայացնում են Դաշինքի 16 երկրները։

BALTOPS ամենամյա զորավարժություններին Շվեդիան և Ֆինլանդիան մասնակցում են 1990-ական թվականներից։

ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն հանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները Ուկրաինայի նավահանգիստների ապաշրջափակման համար

Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրել է Politico պարբերականը։

Պարբերականի զրուցակիցը Ռուսաստանի պահանջները գնահատել է որպես «շորթման դիվանագիտություն» և հայտարարել, որ ԱՄՆ-ն համաձայն չէ այդ գործարքին, «որի պարագայում Կրեմլի նկատմամբ կդադարեցվի ցանկացած տնտեսական ճնշում»։

Ընդ որում, Վաշինգտոնը սպասում է, թե ինչպես կավարտվեն բանակցությունները, որոնք այս թեմայով քննարկվում են ՄԱԿ-ի շրջանակներում։ ՄԱԿ-ից Politico-ի զրուցակիցը հայտնել էր, որ ցորենի արտահանման կապումը պատժամիջոցների հետ բարդացնում է Մոսկվայի հետ բանակցությունների առանց այն էլ «փխրուն» գործընթացը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է թույլ տալ ցորենով բեռնված նավերի դուրսբերումը Սև ծովից, եթե Ուկրաինան ականազերծի իր ավազանը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչները պահանջներ էին ներկայացրել թուլացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Վլադիմիր Զելենսկին այցելել է Բախմուտի և Լիսիչանսկի շրջանի դիրքեր

Առաջնագծում Ուկրաինայի նախագահը շփվել է զինվորականների հետ, որից հետո նրան զեկուցել են օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ։ Նա նաև հանձնել է զինվորական մեդալներ։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը մարզում ընթացող մարտական գործողությունների մասին

Ուկրաինացի պաշտոնյան պատմել է, որ ռուսաստանցիները շարունակում են Սևերոդոնեցկի գրոհը։ Ռուսական զորքերը ռմբակոծում են մոտակա բնակավայրերը՝ Զոլոտոյեն, Օրեխովոյեն, Գորսկոյեն, Վրուբովկան, Մետելկինոն, Բորովսկոյեն, Ուստինովկան, Տոշկովկան։

Լիսիչանսկում ռմբակոծությունից տուժել է հացի փուռ։ Գայդայի խոսքով՝ ռուսաստանցիները Բելոգորովկայի և Նիկոլաևկայի շրջանում գործի են դրել գրոհային գործողություններ, որի հետևանքով կրել են կորուստներ և նահանջել։ Մարզում ավերվել է առնվազն 25 տուն։

Գայդայի խոսքով՝ ուկրաինացիները պահում են պաշտպանությունը։ «Դրանում համոզվել է նաև երկրի ղեկավարը, որն այցելել է Լուգանսկի մարզում մեր առաջնային դիրքեր»,- հավելել է նա։

Մեծ Բրիտանիան ևս Ուկրաինային կմատակարարի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

M270 համակարգերի մատակարարումն արդեն իսկ համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ, որն այն արտադրում է։ BBC-ի տվյալներով՝ ի սկզբանե խոսքը գնում էր երեկ կայանքի մասին։

Ուկրաինացի զինվորականների վարժեցումը նախատեսված է առաջիկա շաբաթներին։

Մոսկվայում Renault-ի նախկին գործարանը պաշտոնապես վերանվանվել է «Москвич»-ի

Այդ մասին հայտնում է РБК-ն։ Ռեեստրում նշվում է, որ ընկերության համասեփականատերը «Տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» ՍՊԸ-ն է, որը վերահսկվում է Մոսկվայի գույքի դեպարտամենտի կողմից:

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter