HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանը հստակեցրեց, թե ինչու դեկտեմբերին չի կայացել իր ու Բայրամովի հանդիպումը

Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ անդամ մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը:

2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի վստահեցմամբ` հայկական կողմի հետևողական աշխատանքի շնորհիվ 2021-ի սեպտեմբերին Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ:

Հանդիպումների ժամանակ հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում պետք է լիներ դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը չեղարկել է հնգակողմ հանդիպումը:

«Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշանական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով դարձան Ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները»,- ասաց նա:

Միրզոյանը, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, վստահեցրեց, որ դրանք պետք է գործեն այն երկրների տիրապետության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Նրա խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:

Միրզոյանը հիշեցրեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Խումբը 2021-ի ընթացքում ունեցել է 8 պաշտոնական հանդիպում: Ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր:

«Որպես արդյունք՝ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter