HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հաշվեքննիչ պալատն անհամապատասխանություններ է հայտնաբերել Ջրային կոմիտեում

Հաշվեքննիչ պալատը մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել Ջրային կոմիտեում, որտեղ իրականացրել է 2021թ. պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեություն:

Արձանագրված անհամապատասխանություններից մեկը վերաբերում է «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Աջակցություն ոռոգման համակարգի առողջացմանը» միջոցառմանը:

Նշված միջոցառման շրջանակում ՋՕԸ-երին ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրի համաձայն՝ վերջինս իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր 2021թ. եկամուտների և ծախսերի շրջանակներում նախատեսված կանխատեսումային ցուցանիշներով: Մինչդեռ, Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ իրականում, ՋՕԸ-երի կողմից չի կատարվել տվյալ պայմանն ինչպես սեփական եկամուտների ապահովման, այնպես էլ ծախսերի կատարման մասով:

Հաշվետվությունների ամփոփ տվյալների համաձայն՝ ՋՕԸ-երի կողմից  ջրօգտագործողներին մատակարարված 559,2 մլն խմ ջրի դիմաց, որի հասույթը կազմում է մոտ 6 մլն 153 հազ. դրամ, փաստացի գանձումները կազմել են նախատեսվածի 69.7%-ը, իսկ մոտ 2 մլն դրամի եկամուտ չհավաքագրելը հանգեցրել է առաջացած ճեղքվածքի մարման նպատակով պետական բյուջեից հավելյալ միջոցների հատկացմանը:

Առկա է անհամապատասխանություն նաև ՋՕԸ-երում էլեկտրաէներգիայի ծախսերի սահմանված կանխատեսումների և ՋՕԸ-երի հաստատված բյուջեներով նախատեսված էլեկտրաէներգիայի ծախսերի միջև: Կառավարության որոշմամբ նախատեսվել է ծախսել 116.2 մլն կվտ/Ժ էլեկտրաէներգիա 4,578 մլն դրամ գումարով, այն դեպքում երբ ՋՕԸ-երի բյուջեներով հաստատվել է 122.2 մլն կվտ/Ժ էլեկտրաէներգիայի ծախս 4,901 մլն դրամ գումարով: Փաստացի 2021թ. ՋՕԸ-երի էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 134.5 մլն կվտ/Ժ՝ 5,673 մլն դրամ գումարով:

Կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատվել է պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը, որի 8-րդ կետով նախատեսվել է սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրում պարտադիր ներառել մի շարք դրույթներ: Մասնավորապես «Ե» ենթակետի համաձայն՝ նշել արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի, կատարվող աշխատանքի, մատուցվող ծառայության նվազագույն շահավետ գինը: «Դ» ենթակետի համաձայն՝ պայմանագրում պետք է նշվի նաև պայմանագրի շրջանակներում, տվյալ դեպքում՝ մատուցման ենթակա ծառայությունների առավելագույն քանակը և դրա փոփոխման պայմանները:

Հաշվեքննիչ պալատի արձանագրմամբ՝ Ջրային կոմիտեի և ՋՕԸ-երի միջև 2021թ. կնքված՝ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրերում այդ դրույթները չեն ներառվել:

«Արդյունքում նշված չափանիշների բացակայությունը հանգեցնում է  յուրաքանչյուր ՋՕԸ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության չափաքանակի հիմնավորման և արդյունավետության գնահատման անորոշության, ինչն իր հերթին բերում է պետական բյուջեից հավելյալ միջոցների հատկացման»,- եզրակացրել է հաշվեքննիչ պալատը:

Եզրակացության համաձայն՝ ՋՕԸ-երի ֆինանսական հոսքերի ցուցանիշները վկայում են, որ 2021թ. վերջիններին հատկացված ընդհանուր պետական ֆինանսական աջակցությունը մոտ 2 մլրդ 5 մլն դրամով ավելի է ՋՕԸ-երի բյուջեներով նախատեսված ճեղքվածքից: Ընդ որում, ՋՕԸ-երի բյուջեներով սահմանված ծախսերը նախատեսվել են 102.0 հազ. հա հողատարածք ոռոգելու համար, սակայն 2021թ. հաշվետվությունների համաձայն՝ փաստացի ոռոգվել է 87.4 հազ. հա հողատարածք: Վերը նշված անհամապատասխանությունները, ըստ Հաշվեքննիչ պալատի, հանգեցրել են ՋՕԸ-երին հատկացված ֆինանսական աջակցության խեղաթյուրմանը:

Ջրային կոմիտեից պարզաբանել են, որ 2021թ. համարվել է սակավաջուր տարի, բնակլիմայական պայմաններից ելնելով՝ ոռոգման սեզոնը սկսել է սովորականից 1 ամիս շուտ, ինչով և պայմանավորված է էլեկտրաէներգիայի գծով ծախսերի ավելացումը, ինչը հնարավոր չէր կանխատեսել նախապես:

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է նաև, որ 2021թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին միջոցառման շրջանակում հատկացված գումարներից մոտ 80 մլն դրամը հատկացվել է 6 ՋՕԸ-երին՝ «Էլեկտրաէներգիայի տատանումից առաջացած վնասի փոխհատուցում» ծախսային նպատակի ձևակերպմամբ:

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ տվյալ դեպքում, եթե վնասը առաջացել է էլեկտրաէներգիա սնուցող համակարգի պատճառով, ապա վնասի հատուցումը պետք է կատարվի տվյալ համակարգը շահագործողի կողմից՝ իրավապայմանագրային հիմունքներով և ընթացակարգով, այլ ոչ սուբսիդիայի միջոցներից:

Ջրային կոմիտեից հայտնել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տեղեկացվել է հոսանքի լարման տատանման պատճառով ջրօգտագործողների ընկերությունների մոտ առաջացած խնդիրները: Սակայն, նկատի ունենալով, որ տատանումները տեղի են ունեցել ոռոգման սեզոնի թեժ ժամանակահատվածում, Ջրային կոմիտեն ու ՋՕԸ-երը ձեռնամուխ են եղել արագ վերականգնելու մեխանիկական սարքավորումները և վերականգնել ջրամատակարարումը` կայուն ջրամատակարարում իրականացնելու նպատակով:

Չնայած 2021թ. ՋՕԸ-երին հատկացվել է բյուջեներով նախատեսված ճեղքվածքից մոտ 2 մլրդ 5 մլն դրամով ավելի գումար, այդուհանդերձ, նրանց կրեդիտորական պարտքերն ավելացել են 132 մլն 510 հազ. դրամով և 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ դրությամբ կազմել են 2 մլրդ 9 մլն դրամ, իսկ դեբիտորական պարտքերը՝ 24 մլրդ 994 մլն դրամ:

Հատկանշական է, որ ՋՕԸ-երի փաստացի ծախսերն ավելանալու միտում ունեն ոչ միայն էլեկտրաէներգիայի մասով: Այսպես, 2020թ. համեմատ՝ 2021թ. ՋՕԸ-երի ծախսերն ավելացել են 1 մլրդ 627 մլն դրամով կամ 14.6%-ով, որից էլեկտրաէներգիայի գծով՝ 22.6%-ով, «Ջրառ» ՓԲԸ-ից գնվող ջրի գծով՝ 8.5%-ով, աշխատավարձի գծով՝ 7.5%-ով, գարնան նախապատրաստական և այլ ընթացիկ աշխատանքների գծով՝ 10.8%-ով, տրանսպորտային ծախսերի գծով՝ 36.7%-ով, հարկային պարտավորությունների գծով՝ 12.7 %-ով: Այս ամենը, ըստ Հաշվեքննիչ պալատի եզրակացության, վկայում է ՋՕԸ-երի կառավարման ցածր արդյունավետության մասին:

Կառավարության 2016թ. օգոստոսի 25-ի թիվ 33 արձանագրային որոշմամբ ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությամբ ՋՕԸ-երին ֆինանսական աջակցության հատկացման ու արդյունավետության գնահատման նպատակով նախատեսվել են մի շարք մեխանիզմներ ու նախապայմաններ: 2017-2021թթ. համար սահմանվել է հիմնական տեխնիկա-ֆինանսական ցուցանիշների շրջանակ: Այսպես, Ռազմավարության 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ ՋՕԸ-երին ընթացիկ դրամաշնորհները տրամադրվելու են վերջիններիս կողմից որոշակի պայմաններին բավարարելու պարագայում, իսկ 12-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվել են դրամաշնորհների տրամադրման հիմնական պայմանները, մասնավորապես՝ սկսած 2019թ-ից, ՋՕԸ-երի կրեդիտորական պարտավորությունները չեն կարող գերազանցել տվյալ տարվա հաշվեգրված ծախսերի 8.0%-ի առավելագույն սահմանը, որը կարող է փոփոխվել գործողությունների ծրագրով նախատեսված բյուջեների կազմման մեթոդաբանությամբ հաստատված բյուջեների համաձայն:

Հաշվեքննությամբ պարզվել է, որ Ջրային կոմիտեի և ՋՕԸ-երի միջև 2021թ. կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրերում չեն սահմանվել Ռազմավարությամբ ամրագրված պայմանները, նախապայմանները և մեխանիզմները: Այսպես՝ 01.01.2021 թվականի դրությամբ ՋՕԸ-երի կրեդիտորական պարտավորությունները 8 տոկոսային կետով գերազանցել են 8% առավելագույն սահմանը:

Վերոնշյալ Ռազմավարությամբ նախատեսված տեխնիկա-ֆինանսական ցուցանիշները կողմնորոշիչ հիմք չեն հանդիսացել ՋՕԸ-երի բյուջեների պլանավորման, ինչպես նաև այդ կողմնորոշիչներն ապահովելու գործում: Արդյունքում, ոռոգելի հողերը 2021թ. Ռազմավարությունով նախատեսվածից փաստացի 50.2 հազ. հեկտարով պակաս լինելու պարագայում ՋՕԸ-երի ջրառն ավելացել է 67.4 մլն խմ-ով, ջրտուքը դաշտում՝ 10.6 մլն խմ-ով, էլեկտրաէներգիայի սպառումը՝ 45.5 մլն կվտԺ-ով, ոռոգման ջրի կորուստները՝ 5.5%-ով, պետական ֆինանսական աջակցությունը՝ 6,125.9 մլն դրամով և այլն:

Իսկ ոռոգման ջրի վճարի նախատեսվածից 1.5 դրամով պակաս ձևավորվելու բացասական ազդեցությունը 2021թ. փաստացի ֆինանսական արդյունքների վրա գնահատվել է 838.8 մլն դրամ հավելյալ ճեղքվածքով, մինչդեռ հատկացված ֆինանսական աջակցությունը գերազանցել է այն ավելի քան 7 անգամ:

Համաձայն ՋՕԸ-երի բյուջեներով սահմանված, ինչպես նաև փաստացի կատարված տվյալների՝ Ռազմավարությամբ նախատեսված տեխնիկա-ֆինանսական ցուցանիշներին չհամապատասխանելու վերաբերյալ փաստերն արձանագրվել են նաև նախորդ 3 տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքներում, որի կապակցությամբ Ջրային կոմիտեն ներկայացրել է ներկայիս պայմաններին համապատասխանող նոր Ռազմավարություն մշակելու վերաբերյալ պատճառաբանություն:

Այսպես, Կառավարության 2020թ. հուլիսի 20-ի թիվ 1144-Լ որոշման համաձայն՝ Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված 10 մլն եվրո գումարով համաձայնագրի շրջանակներում նախատեսվել է մշակել ջրային համակարգի նոր ռազմավարության նախագիծ, որը 2021թ.-ի 4-րդ եռամսյակում պետք է ներկայացվեր Կառավարություն: Սակայն, ըստ Հաշվեքննիչ պալատի, այդ աշխատանքներն իրականացնողի ընտրության մրցույթը դեռևս չի կայացել: Չի ապահովվել նաև Ճանապարհային քարտեզի մեկ այլ կետով նախատեսված միջոցառումը՝ ՋՕԸ-երի հաշվապահական հաշվառման վարումը պատվիրակված մասնագիտացված կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ:

«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի պահանջն է, որ ՋՕԸ-երն առնվազն տարին մեկ անգամ ենթարկվեն անկախ աուդիտի: Մինչդեռ, Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ ՋՕԸ-երում շուրջ 8 տարի աուդիտ չի իրականացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter