HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներն օրենսդրության խախտումներով համայնքային հողեր են օտարել. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունն ընթացիկ մշտադիտարկումների արդյունքում  հայտնաբերել է Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից մի քանի դեպքերով համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր:

Ըստ ՊՎԾ հաղորդագրության՝ 

  1. «Երևանի նախկին քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա և 2011թ. հուլիսի 29-ի N 3840-Ա որոշումներով Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող 51.6 քառ․ մետր մակերեսով կառույցը (25.6 քառ․ մետր մակերեսով շինություն, 26 քառ․ մետր մակերեսով ծածկոց) և նրա համար առանձնացված 1997.28 քառ․ մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով՝ 15.387.150 ՀՀ դրամով  օտարվել է քաղաքացի Լ.Մ.-ին:

Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշմամբ սահմանված 30-օրյա ժամկետում վճարումը չկատարելուց հետո՝ նույն որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկած 60 օր անց, ՀՀ կառավարության որոշման անմիջական կարգավորմամբ արդեն իսկ ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման մեջ՝ 8 ամիս անց Երևանի քաղաքապետը 2011թ. հուլիսի 29-ին N 3840-Ա որոշմամբ կատարել է փոփոխություն, որով սահմանվել է՝ վճարման նոր 30-օրյա ժամկետ, որը Լ.Մ.-ի կողմից նույնպես խախտվել է՝ վճարումը կատարելով փոփոխության կատարման պահից 78-րդ օրը։

Երևանի նախկին քաղաքապետի 2011թ. հոկտեմբերի 28-ի N 5168-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդականին վերապահվել է ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման հիման վրա՝ հողամասի գնորդի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու լիազորություններ։

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 2011թ. դեկտեմբերի 27-ին անշարժ գույքի նկատմամբ Լ.Մ.-ի սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման ու տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, այնինչ իրավահավաստող փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով պետական գրանցման վարույթը պետք է դադարեցվեր։

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. նոյեմբերի 10-ի թիվ 4009-Ա որոշմամբ քաղաքացի Ա.Ս.-ին ուղղակի վաճառքով առանց կառուցապատման իրավունքի 7.611.912 ՀՀ դրամով օտարվել է կառուցապատման առաջին գծում՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 20/1 հասցեում գտնվող 462քմ մակերեսով հողամաս, մինչդեռ հողամասն օտարելիս ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիմքն առկա չի եղել, այսինքն՝ հողամասը պետք է վաճառվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: 

Պարզվել է նաև, որ օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 16.500 դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ կառուցապատման երկրորդ  գծում գտնվող մեկ այլ՝ 237.99քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.4 հազ. դրամով, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել արժեքով:

Հարկ է նշել, որ  առանց կառուցապատման իրավունքի՝ օրենսդրության պահանջների խախտումով օտարված վերը նշված հողամասի վրա հետագայում իրականացվել է շինարարություն և ներկայումս գործում է սրճարան, նախաճաշի և ուշ նախաճաշի համար նախատեսված ռեստորան:

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. հունվարի 22-ի թիվ 145-Ա որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող 54.0քմ մակերեսով հողամասը, գտնվելով բազմաբնակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման բակային հատվածում և հանդիսանալով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանափակումների տակ ընկնող հողամաս, ուղղակի վաճառքով՝ 2.106.000 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Ե.-ին: 

Պարզվել է նաև, որ քաղաքային իշխանության կողմից ոչ միայն անտեսվել է հողամասի ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվելու հանագամանքն, այլ բացակայել են նաև հողամասն ուղղակի վաճառքով օտարելու ՀՀ կառավարության որոշման հիմքերը:

Հարկ է նշել, որ ուղղակի վաճառքով օտարված հիշյալ հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 39.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մեկ այլ հողամաս նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 230.700 ՀՀ դրամով, այսինքն՝ շուրջ 5.9 անգամ ավել արժեքով:

Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար»,- ասված է ՊՎԾ մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter