Ոստիկանությունը թմրավաճառության դեպք է բացահայտել. 3 ձերբակալված կա
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը հունիսի 1-ին Շենգավիթ համայնքի Թամանցիների փողոցից բերման է ենթարկել երեք տղամարդու` «Կիա» մակնիշի մեքենայով: Նրանցից երկուսի խուզարկությամբ, ըստ ոստիկանության հաղորդագրության, հայտնաբերվել է մեթամֆետամինով լցված հինգ փաթեթ:
«Հետագա միջոցառումներով հաջողվեց պարզել, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր մայրաքաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվեց Երևանի Արին-Բերդի փողոցում, սակայն նկատելով իրավապահներին` իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով դիմեց փախուստի: Հետապնդումը կարճ տևեց. «ԲՄՎն» վթարի ենթարկվեց, իսկ այդ ընթացքում 30-ամյա տղամարդը մեքենայի պատուհանից նետեց մեկ փաթեթ:
Դեպքի վայրի զննությամբ փաթեթը հայտնաբերվեց: Փաթեթում ավելի քան 11 գրամ մեթամֆետամին կար: Բերման ենթարկվածը ոստիկանությունում հայտնեց, որ փաթեթն իրենն է: Ավելին, բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրեց իր աշխատավայրում թաքցրած ևս մեկ փաթեթ, որի մեջ եղած ափիոնը կշռեց 585 գրամ:
Հարուցվել է քրեական գործ, երեքն էլ ձերբակալվել են: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել