HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը ներկայացրել է արդյունքները

Այս տարվա ապրիլի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով' «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքները զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագրի շրջանակներում մշակութային և բնապահպանական միջավայրի և տարածքների համալիր պահպանության գոտիները որոշելու, տեղում ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովը պետք էր մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրեր «Տաթև» վանական համալիրի շուրջ տիրող իրավիճակը և վարչապետին ներկայացներ առաջարկություններ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը «Հետքի» հարցմանը ի պատասխան տրամադրել է հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները: «Ի պատասխան Ձեր 2011 թվականի ապրիլի 11-ի N33-հ3 գրության հայտնում ենք, որ ՀՀ Վարչապետի 2011 թվականի ապրիլի 5-ի N285-Ա որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N848-Ն որոշմամբ հաստատված «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքները զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագիրի շրջանակներում մշակութային և բնապահպանական միջավայրի և տարածքների համալիր պահպանության գոտիները որոշելու, տեղում ուսումնասիրելու, հաշվի առնելով նաև Սվարանցի հանքավայրի հնարավոր շահագործման հեռանկարը և ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվել է իրավիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն և առաջարկություններ ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ:

Մայիսի 12-ին ՀՀ վարչապետի կողմից տրվել է հանձնարարական յուրաքանչյուր ամիսը մեկ ներկայացնել ընթացիկ տեղեկատվություն վերը նշված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Ստորեւ ներկայացվող տեղեկատվությունը վարչապետին է ներկայացրել Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N285-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ծրագրի իրականացման հիմնական խնդիրներն են.

  • Սվարանցի հանքարդյունաբերության վերագործարկման և այլ հանքավայրերի շահագործման ռիսկային ազդեցության հետևանքների գնահատումը «Տաթև» վանական համալիրի և հարող տարածքներում առկա պատմամշակութային և բնապահպանական արժեքավոր հուշարձանների վրա,
  • ծրագրի իրականացման շրջանակներում «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտում և հարակից տարածքներում մշակութային և բնապահպանական միջավայրի պահպանման, ինչպես նաև համալիրին հարող Տաթևի, Հալիձորի և Շինուհայրի գյուղական համայնքներում հնարավոր հողազավթումների կանխարգելման և տարաբնույթ կառուցապատման կարգավորման կառավարելիությանն ուղղված մեխանիզմների ստեղծումը:

1. ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ Սյունիքի մարզպետարանի իրավասությունների մասով

Ծրագրի իրականացման շրջանակներում առաջադրված խնդիրների կանոնակարգման նպատակով առաջարկվում է.

- ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնել նյութեր Տաթևի համալիրի պահպանական գոտում իրականացված կառույցների իրավական կարգավիճակի վերաբերյալ,

- Տաթևի վանքի ճոպանուղու կայանին հարող տարածքում գոյություն ունեցող ապօրինի կառույցն ապամոնտաժել և տեղում կազմակերպել տեղի բնակչության գյուղատնտեսական, ազգային տնայնագործական արտադրանքի և հուշանվերների կանոնակարգված վաճառքի համար նախատեսված տաղավարներ,

- բարեկարգել դեպի Տաթևի վանքի համալիր բացվող լավագույն դիտակետի տարածքը, ապամոնտաժելով տարածքում առկա ինքնակամ տեղադրված հուշաքարը և ցանկապատը,

- ապամոնտաժել Սատանի կամրջի տարածքում գոյություն ունեցող մետաղական շվաքարանները, բարեկարգել տարածքը, իսկ հարակից հատվածում նախկին սննդի օբյեկտի տեղում հնարավոր համարել հասարակական սպասարկման նոր օբյեկտի կառուցումը,

- Տաթևի վանական համալիրի պահպանական և հատուկ կարգավորման օբյեկտների գոտիների համար մշակել գոտևորման և կառուցապատման նախագծեր, հաշվի առնելով կառուցապատման կանոնակարգմանն ուղղված անհրաժեշտ պայմաններն ու սահմանափակումները:

2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավասությունների մասով

«Տաթև» վանական համալիրի մոտակայքում ներկայումս երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա է տրամադրված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» փակ բաժնետիրական ընկերությանը (N25 ուսումնասիրության հատուկ լիցենզիա, գործողության ժամկետ' մինչև 2012 թվականի ապրիլի 15-ը), որին տրամադրված տեղամասի եզրագիծը գտնվում է վանական համալիրից դեպի հարավ 600 մ հեռավորության վրա:

Երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա է տրամադրված նաև «Արեկլա Լոկալ Թրեյդինգ» փակ բաժնետիրական ընկերությանը (N43 ուսումնասիրության հատուկ լիցենզիա, գործողության ժամկետը' մինչև 2012 թվականի հունիսի 15-ը), որին տրամադրված տեղամասի եզրագիծը գտնվում է վանական համալիրից 1.5 կմ հեռավորության վրա' դեպի Հալիձոր համայնք:

Սվարանցի երկաթի երևակումը գտնվում է վանական համալիրից մոտ 7կմ դեպի հարավ:

Վերոնշյալ տարածքներում ներկայումս ընթանում են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որոնց ավարտից հետո միայն պարզ կդառնա նշված տարածքներում օգտակար հանածոների պաշարների առկայությունը, ինչպես նաև դրանց տեղադիրքը, խորությունը, քանակական և որակական հատկանիշները:

Անհրաժեշտ է հետախուզական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին նախօրոք իրազեկել պատմամշակութային և բնապահպանական հուշարձանների պահպանական գոտիների ռեժիմների վերաբերյալ և ստանալ ճշգրիտ տեղեկատվություն հանքերի հնարավոր շահագործման, մասնավորապես' հանքանյութի տեղափոխման ճանապարհների, արտադրության ձևերի և այլ բնութագրերի վերաբերյալ:

3. ՀՀ մշակույթի նախարարության իրավասությունների մասով

Նկատի ունենալով, որ «Տաթև» վանական համալիրին հարակից համայնքներում առկա են պատմամշակութային այլ արժեքավոր հուշարձաններ, ինչպիսիք են' «Տաթևի Մեծ անապատ» վանական համալիրը, Հալիձորի Հարանց անապատը (Սյունյաց Մեծ անապատ), միջնադարյան քանդակարվեստի նմուշներով խաչքարեր, տապանաքարեր և այլն, առաջարկվում է վերոհիշյալ ծրագրի շրջանակներում ուսումնասիրել և մշակել հիշյալ հուշարձանների, դրանց պահպանական գոտիների տարածքների պահպանության, վերականգնման, ամրակայման, բարեկարգման ու օգտագործման համալիր ծրագիր:

4. ՀՀ բնապահպանության նախարարության իրավասությունների մասով

ՀՀ Սյունիքի մարզը, ունենալով հարուստ լանշաֆտային և կենսաբանական բազմազանություն, առանձնանում է իր բնապահպանական, առողջարարական և ռեկրեացիոն նշանակությամբ: Տարածաշրջանն առաջնահերթ տեղ է գրավում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվող և իրականացվող քաղաքականության ուղղություններում: Դրանք բխում են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրների ներդաշնակ լուծման անհրաժեշտությունից և նպատակային առումով համընկնում են նաև ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ սահմանված նպատակներին ու գերակա խնդիրներին:

Այս ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են հետևյալ աշխատանքները.

- 2008 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշինմոնիտորինգ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվել են «Գորիս» պետական արգելավայրի քարտեզագրման և սահմանների ճշգրտման աշխատանքները, որոնց արդյունքների համաձայն արգելավայրի տարածքը կազմում է ավելի քան 1800 հա մակերես, այդ թվում' նաև «Տաթև» վանական համալիրին հանդիպակաց լանդշաֆտը,

- 2008 թվականին մշակվել և ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկը, որտեղ, ի թիվս ՀՀ Սյունիքի մարզի մի շարք բնության հուշարձանների ներառված է նաև «Սատանի կամուրջ» բնության հուշարձանը,

- 2009 թվականի հոկտեմբերին ստեղծվել է «Զանգեզուր» պետական արգելավայրը և «Արևիկ» ազգային պարկը, որոնք լուրջ ներդրում կարող են ունենալ նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Առաջիկայում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

- մինչև սույն թվականի հուլիս ամիսը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՍՍՀ Մինիստրների Սովետի 1972 թվականի նոյեմբերի 16-ի N775 հրահանգով հիմնադրված «Գորիս» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և տարածքի չափը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

- առաջիկա 1-2 տարիների ընթացքում իրականացնել ՀՀ բնության հուշարձանների, այդ թվում նաև «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքները,

- GEF-ի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում» միջազգային ծրագրի շրջանակներում ստեղծել «Խուստուփ» պետական արգելավայրը:

«Գորիս» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը հաստատելուց հետո հնարավոր կլինի արգելավայրի և դրա պահպանման գոտու տարածքներում կիրառել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված պահպանության ռեժիմները:

5. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրինության իրավասությունների մասով

Ներկայումս Տաթևի համայնքում իրագործվում է աննախադեպ ներդրումային ծրագիր, որի ծավալը կազմում է ավելի քան 20.0 մլն. ԱՄՆ դոլար: Տաթևը դառնալու է հոգևոր, մշակութային և զբոսաշրջային կարևոր կենտրոն, ուստի չկանոնակարգված հողօգտագործումը խոչընդոտելու է նշված նպատակի իրականացմանը, քանի որ միտված է լինելու միայն մեկ շահառուի' սեփականատիրոջ հետաքրքրություններին:

Այսօրվա հրամայականն է' համապատասխանեցնել իրագործվող ծրագիրը զբոսաշրջության միջազգային չափանիշներին, արտերկրից այցելուների հոսքը զգալիորեն մեծացնելու նպատակով և ապահովելով վանական համալիրի շարունակական պահպանումն ու զարգացումը:

Ելնելով վերոնշյալից առաջարկվում է Տաթևի վանական համալիրի պահպանական գոտու և հարակից տարածքների կառուցապատման, տնտեսական զարգացման նոր մեխանիզմների ներդրման նպատակով քննարկել համակարգող մարմնի ստեղծման անհրաժեշտության հարցը:

Համակարգող մարմնի կազմում առաջարկվում է ընդգրկել Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ մշակույթի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների համապատասխան ոլորտների, ինչպես նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Տաթևի Վերածնունդ Ծրագրի նվիրատուի և Տաթևի, Հալիձորի և Շինուհայրի համայնքների ներկայացուցիչներին:

Համակարգող մարմինը ՀՀ կառավարության քննակմանը կներկայացնի Տաթև տուրիստական գոտին որպես ազգային պարկ-արգելոց հիմնելու առաջարկությունը' այն ամրագրելով ՀՀ տարածքում գործող և օրենքի ուժ ունեցող իրավական ակտում, որով կսահմանվեն Տաթևի տուրիստական գոտու ազգային պարկ-արգելոցի իրավական կարգավիճակը, սահմանները, կառավարող մարմնի ձևավորման կարգը և լիազորությունների շրջանակները, տուրիստական գոտում գործող ձեռնարկությունների և բնակիչների կարգավիճակը, ինչպես նաև պարկ-արգելոցի տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների և բնական լանդշաֆտի պահպանման, զբոսաշրջային նոր ենթակառուցվածքների (հյուրանոցներ, հյուրատներ և այլ շինություններ) ստեղծման գործընթացի կանոնակարգման շրջանակներն ու ձևաչափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter