
«Շենքի էրեխեքը մեզի հետ չեն ուզե խաղա, բայց ես շատ կուզեմ իրանց հետ խաղալ»,- խոստովանում է 8-ամյա Սուրիկը
Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Գարեգին Ա փողոցի 12բ շենքի 5-րդ հարկի երկու փոքրիկ բնակիչներն արդեն մեկ ամիս է իրենց արարքներով ահաբեկում են ոչ միայն պատահական անցորդներին: 8-ամյա Սուրիկն ու 6-ամյա Սամվելիկը, ողջ օրը փակված լինելով տանը, իրենց նկատմամբ ուշադրության պակասը լրացնելու նպատակով տան իրերը շպրտում են ներքեւ` վնասելով բակում խաղացող երեխաներին ու անցուդարձ անող բնակիչներին: Մի քանի օր առաջ հարեւանները նկատել են, որ տղաները ցանկանում են պատշգամբից ներքեւ գլորել կենցաղային նպատակներով օգտագործվող գազով լցված տարան: Ահաբեկված ականատեսները գոռացել են բակից, սպառնացել փոքրիկներին` կանխելով հնարավոր աղետը, որը կարող էր տեղի ունենալ 5-րդ հարկից ներքեւ շպրտած բալոնի պայթյունից:
«Մերը թողնի կերթա, էդ երեխեքը սաղ օրը սոված կմնան տունը փակված` անտեր-անտիրական,-պատմում է շենքի բնակչուհի Սուսաննա տատը,-էս ընթացքում տան եղած-չեղածն էդ երեխեքը շպրտեցին վար` էլ դանակ, էլ կոշիկ, էլ մուրաբի բանկա, էլ մոր ներքնաշորերից: Վրեքը կնեղենանք, էդ րոպեին կխելոքնան, հետո էլի նորից կշարունակեն: Մորն էլ կսենք, խեղճ երեխեքին կծեծե, չիդենք ինչ էնենք»:
Երեխաների մորը` Լիաննային չհանդիպեցինք, Սուրիկն ասաց՝ «գնացել է գործ ման գա»: Կեսօր էր ու փոքրիկները որոշել էին բակում մի քիչ խաղալ: Հարեւանները պատմեցին, որ շենքում բնակվող երեխաները հրաժարվում են խաղալ եղբայրների հետ: «Պատճառն երեւի էն է, օր երեխեքը կեղտոտ են, ամիսներով չեն լողնա, էն օրը հարցրինք, թե բալա, ե՞րբ եք վերջին անգամ լողցել, ըսին՝ Նոր տարուն: Մազերը գլխների վրա դեզ է էղել, ոջիլ կա երեխեքի վրա: Տունն անտանելի վիճակ է`ահավոր հոտ, կեղտոտ, մի անպատմելի բան է: Մարդ բդի իրա աչքով տեսնի, օր հասկանա, թե էդտեղ նորմալ մարդը չի կռնա ապրի, ըդտեղ էդ երեխեքն ինչխ կմնան»,-նեղսրտում է տիկին Սուսաննան:
Զրույցից պարզվում է, որ Սուրիկն ու Սամվելիկը ինչ-որ ժամանակ հաճախել են Թբիլիսյան խճուղում գտնվող 3-րդ հատուկ դպրոց: Սուրիկը առաջին դասարան գնացել է թաղի թիվ 27 դպրոցում, հետո մայրը տեղափոխել է գիշերօթիկ հաստատություն: «Ես երկրորդ դասարան եմ, ախպերս` առաջին,-հարցիս պատրաստակամորեն պատասխանում է 8-ամյա տղան,-բայց հըմի չենք էրթա, մաման չի տանի»: Սուրիկը պատճառը չգիտի: «Ինչու չի տանում» հարցին պատասխանում է. «Հավես չունի, սաղ օրը գործ ման գուկա»:
8-ամյա տղան խոստովանում է, որ օրվա մեծ մասը սոված են լինում: Բակ իջնում են, երբ թաղի երեխաներն այնտեղ չեն լինում: «Շենքի էրեխեքը մեզի հետ չեն ուզե խաղա, բայց ես շատ կուզեմ իրանց հետ խաղալ»,-խոստովանում է 8-ամյա Սուրիկը:
Հարեւանների պատմելով՝ ընտանիքը նման սարսափելի վիճակի մեջ հայտնվել է պապի մահանալուց հետո: Լիաննան Հարությունյանների ընտանիք հարս եկել է 9 տարի առաջ: Ամուսինը` Հարությունը երկրորդ տղայի ծնվելուց հետո գնացել է Ռուսասատան ու չի վերադարձել: Շշուկներ կան, որ այնտեղ ամուսնացել է: Հարությունի հայրն ու մայրը որոշել են չհրաժարվել հարսից ու թոռներից եւ պահել են նրանց: Մոտ երկու տարի առաջ մահացել է Լիաննայի սկեսուրը, 2011թ-ի նոյեմբերին էլ` սկեսրայրը: «Պապի մեռնելուց հետո ըդոնց պարանին մենք լվացք չենք տեսել: Էն վախտերը երեւի ամոթու կամ ստիպողական տունը մաքրություն կեներ,-ասում են հարեւանները,-ում հաջողվել է մտնել իրանց տուն, կըսեն օր ցանկացած գյուղի գոմ ավելի մաքուր է: Մենք արդեն որոշել ենք սանէպիդին դիմենք: Պադեզդն ահավոր հոտ է ընկել: Եթե Լիաննան շատ կուզե էդ կեղտի մեջ ապրի, գոնե երեխեքին էդ տնից տեղափոխեն, մեղք են»:
![]() |
![]() |
Երեխաների ճակատագրով անհանգստացած հարեւանները դիմել են նաեւ թաղի տեսուչին: Մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում տեղեկանալով խնդրի մասին՝ խոստացան տեղում ուսումնասիրել իրավիճակը եւ կազմակերպել երեխաների վերադարձը 3-րդ հատուկ գիշերօթիկ դպրոց: «Մենք այդ ընտանիքի հետ առնչվել ենք մոտ 1,5 տարի առաջ, երբ պիտի մեծ տղայի` Խաչատրյան Սուրիկի համար ծննդական հանեինք,-ասում է բաժնի իրավաբան Մանուկ Մանուկյանը,-այն ժամանակ պապիկը դեռ կար եւ հենց նա էլ հետաքրքրվում էր այդ հարցերով: Երեխաների մայրն էլ անձնագիր չուներ, այդ հարցում էլ ենք օգնել, որպեսզի բոլոր փաստաթղթերը կարգին լինեն, կարողանան նպաստ ստանալ»:
Ահազանգի հաջորդ օրը մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում հնարավոր եղավ հանդիպել նաեւ Լիաննա Խաչատրյանին: Զրույցին ներկա էին բաժնի պետ Լուսինե Գինոսյանը, իրավաբանը, սոցիալական աշխատողը, Գյումրու ոստիկանության անչափահասների գծով բաժնի պետ Հայկ Զաքարյանը: 31-ամյա կինը չժխտեց, որ մեկ ամսից ավելի է տղաներին դպրոց չի տանում, իսկ թե ինչու, չկարողացավ որեւէ հիմնավոր պատճառաբանություն բերել:
Խոստովանեց նաեւ, որ տղաներն այդ ընթացքում իրենց մենակությունը լցրել են պատուհանից իրեր ներքեւ շպրտելով: Ինքն ամբողջ օրը բացակայել է, որովհետեւ աշխատանք է փնտրել, իսկ բնակարանի փնթի վիճակն արդարացրեց լվացքանյութ գնելու անկարողությամբ: «Ես ձեզի մե բանմ էլ ըսեմ, դուք շատ ճիշտ եք, լվացքն ելէ բերանս է լցվել, բայց ինչ էնեմ, փող չունիմ օր փոշի առնիմ, ոչ գազ ունիմ, ոչ լույս ունիմ, դաժե ավել չունիմ տանս մեջը»,-փորձեց արդարանալ երիտասարդ կինը:
«Աչքիդ քսած տուշը մի 2000 դրամ կարժենա՞, ստվերաներկը, որ քսել ես կոպերիդ, մի 1000 դրամ կարժենա՞,-նկատեց Լուսինե Գինոսյանը,-քո ասած լվացքի օճառը 100 դրամ է, ամենաէժան փոշին էլ լվացքի՝ 300 դրամ: Շատ աղքատ ընտանիքներ իրենց սուղ բյուջեով կարողանում են տան մաքրությունը պահել, քո ասածի մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Իսկ էն, որ երեխաներին դպրոց չես ուղարկել առանց լուրջ պատճառաբանության, դա աններելի է: Դու գոնե հասկանում ես, որ քո արարքով լրջորեն վտանգում ես նրանց կյանքը: Գիշերօթիկում երեխաները գոնե հսկողության տակ են, կուշտ ուտում են, կրթության մասին էլ չեմ խոսում: Ինչի ես հասել դու երեխաներիդ օրերով փակի տակ, կիսակուշտ պահելով»:
Նախքան սկեսրայրի մահանալը Լիաննայի ընտանեկան բյուջեն բաղկացած է եղել 30 հազար դրամ պապի թոշակից եւ 28 հազար դրամ երեխաների նպաստից: Ինքն էլ այդ ընթացքում ոչ այնքան բարձր վարձատրվող աշխատանք է ունեցել Անի թաղամասի սրճարաններից մեկում`հավաքարար է աշխատել: Պապի մահանալուց հետո մնացել են նպաստի հույսին:
«Ես էղավ ինչքան վախտ է աշխատանք չունիմ: Հըմի նոր ավտոկայան թաղամասի բաղնիքում հավաքարարի գործ եմ գտել՝ օրական 1,500 դրամով»,-տեղեկացրեց Լիաննան: Կինը պատմեց, որ բազմաթիվ պարտքեր ունի մասնավոր անձանց եւ թաղի խանութում: Պարտքատերերից մեկին հաջողվել է պարտքի դիմաց տանել բնակարանի արժեքավոր իրերը` բազմոցն ու երկու բազկաթոռը: Լիաննայի ներկայիս բնակարանը զուրկ է ամենատարրական հարմարությունից: Կնոջ ասելով՝ մի քանի ամիս առաջ վաճառել է նաեւ պատի գորգը սնունդ գնելու համար:
«Ընդամենը ոչ ճիշտ ծնողավարության, եղած դրամական եկամուտը ոչ ճիշտ բաշխելու, սեփական երեխաների նկատմամբ անտարբերության հետ գործ ունենք,-բնորոշեց ստեղծված իրավիճակը Լուսինե Գինոսյանը,-փաստն այն է, որ հիմա տեսնում ենք՝ մայրն ունի շատ լավ տեսք, իսկ երեխաներին պահում է գարշահոտության մեջ»:
Զրույցին ներկա գտնվող Գյումրու ոստիկանության անչափահասների բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանի անմիջական հսկողությամբ Սուրիկն ու Սամվելիկը նույն օրը՝ մայիսի 17-ին տեղափոխվեցին թիվ 3 հատուկ գիշերօթիկ դպրոց: Մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն էլ իր հերթին խոստացավ ապահովել երեխաների ճամբարային հանգիստը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել