HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Մեկ շաբաթում արձանագրում ենք սննդամթերքի պահման պայմանների 10-ից ավելի խախտում». Վահե Դանիելյան

Հունիսի 7-ը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է։

Հայաստանում մինչ օրս շարունակում է չլուծված մնալ սպանդանոցային մսի վաճառքը, հանդիպում են խախտումներ ինչպես մթերքի տեղափոխման ժամանակ, այնպես էլ՝ վաճառակետերում. երբեմն չեն պահպանվում պահման պայմանները։

 

Առողջ սնունդ ունենալը պայմանավորված է հասարակության պահանջատիրության մակարդակով։ Այս կարծիքին է ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։ Նա ասում է, որ երբ ինքը 2007թ. Երևանում տեսուչ էր աշխատում և սննդամթերքի անվտանգությունն էր վերահսկում, չկար գրեթե այնպիսի խանութ, որտեղ չհայտնաբերվեին պիտանելիության ժամկետն անցած մեծաքանակ ապրանքներ։

Սա, ըստ նրա, պայմանավորված էր ոչ միայն վատ վերահսկողությամբ, այլ նաև նրանով, որ քաղաքացիների մոտ դեռ ձևավորված չէր մշակույթ՝ ապրանք գնելիս ուշադրություն դարձնել պահպանման ժամկետներին։ Դանիելյանն ասում է, որ այսօր պատկերն այլ է. եզակի են դեպքերը, երբ խանութում ժամկետանց ապրանք հայտնաբերվի։ Սա, նրա կարծիքով, նաև պահանջատեր սպառողների շնորհիվ է։

Սակայն միայն սրանով խոսել սննդամթերքի անվտանգությունից դեռևս քիչ է.

«Մեր տեսլականն այն է, որ քաղաքացիները սկսեն հետևել սննդամթերքի մակնշմանը, հետևեն բաղադրությանը, որովհետև եթե մենք այսօր խոսում ենք կաթնայուղի փոխարինիչով արտադրանքի մասին և ունենք օրենսդրական նախաձեռնություն, որ դրանք առանձին վաճառվեն, մենք այդ նախաձեռնությունը չէինք ունենա, եթե մեր սպառողները կարդային մակնշման վրա զետեղված տեղեկությունը, կատարեին գիտակցված գնում և չգնեին այն արտադրանքը, որը որ չի հանդիսանում թթվասեր»,- ասում է Դանիելյանը (կաթնայուղի փոխարինիչ պարունակող ապրանքը թթվասեր չէ, այլ թթվասերային արտադրանք, հեղ.

Սպառողների տեղեկացվածության պակասը ոլորտի միակ խնդիրը չէ։ Կարևոր է նաև պատրաստի սննդամթերքի տեղափոխման գործընթացը, վաճառակետում սննդամթերքի պահման պայմանները, քանի որ եթե խախտվում են արտադրողի սահմանած պահման պայմանները, ապա ամբողջ պատասխանատվությունն արդեն իրացման կետի վրա է։

«Մենք տարեկան իրականացնում ենք ավելի քան 1000 պլանային ստուգում, դրան զուգահեռ իրականացնում ենք ինչպես արտապլանային ստուգումներ, այնպես էլ՝ պետական վերահսկողության այլ ձևեր՝ օրինակ, դիտարկում, որը միտված է հենց պիտանելիության ժամկետի կամ պահման պայմանների խախտման ուսումնասիրությանը,-ասում է Վ. Դանիելյանը։- Շաբաթվա կտրվածքով մենք ունենում ենք 10-ից ավելի դեպքեր, երբ արձանագրում ենք պահման պայմանների անհամապատասխանություն, և ստիպված ենք լինում հանձնարարականներ իջեցնել այդ տնտեսվարող սուբյեկտներին, որ նրանք շտկեն խախտումը»,- ասում է Վ. Դանիելյանը։

Խախտումները հիմնականում պայմանավորված են լինում խափանված սառնարաններով, կամ ապրանքը ոչ սառնարանային պայմաններում վաճառելով։

Այս խնդիրները վերացնելու ուղղությամբ ՍԱՏՄ-ն պլանավորում է ուժեղացնել վերահսկողությունն ու ընդլայնել իրազեկման արշավները.

«Մենք ավելի աչալուրջ ենք այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որտեղ արձանագրում ենք խախտումներ, որովհետև ունենք տնտեսվարողներ, որտեղ խախտումներ չարձանագրելու պարագայում խախտումներ չարձանագրելու տեղեկանքներ ենք գրում, ու այդ տնտեսվարողները մեզ համար ավելի քիչ թիրախային են. մենք մեր վերահսկողական միջոցառումներն իրականացնում ենք ռիսկի վրա հիմնված մեթոդաբանությամբ և թիրախավորում ենք այն ոլորտները, որտեղ որ ռիսկն ավելի մեծ է»,-ասում է Դանիելյանը։

 

Ռիսկային ոլորտներն ու կիսատ մնացած բարեփոխումները

Սննդամթերքի արտադրման, տեղափոխման և իրացման առումով առավել բարձր ռիսկային տնտեսվարողներ են համարվում կենդանական ծագման մթերքներ արտադրողները, ինչպես օրինակ՝ կաթնամթերք և մսամթերք արտադրող ընկերությունները։

ՍԱՏՄ բարեփոխումներից մեկը՝ սպանդանոցային մսի վաճառքը, մինչ օրս լիարժեք չի իրականացվում, թեև Դանիելյանն ասում է, որ այս պահին լավ արդյունքներ ունեն գրանցած և ձգտելու են նրան, որ Հայաստանում չվաճառվի ոչ սպանդանոցային ծագման միս: «Մենք հասել ենք նրան, որ շուկայում իրացվող մսեղիքի գերակշիռ մեծամասնությունն ուղեկցվում է սպանդանոցային ծագման փաստը հավաստող տեղեկանքով։ Բացի այդ, կարևոր է սպանդանոցների գործունեության փաստը և դրանց քանակի ավելացումը»,-ասում է նա։

Կաթնամթերքի արտադրության և իրացման ոլորտում ևս կան խնդիրներ՝ կապված թե’ դրանց արտադրության, թե’ տեղափոխման, թե’ իրացման հետ։ Ամռանը ՍԱՏՄ-ն նախատեսում է վերահսկողություն իրականացնել նաև այդ շուկայում։

Մինչև տարվա վերջ շուրջ 1000 տնտեսվարողի մոտ դեռևս պետք է իրականացվի վերահսկողություն, որոնցից 85%-ը բարձր ռիսկային սննդամթերք արտադրողներն են, ինչպես նաև՝ այն տնտեսվարողները, որոնց մոտ նախկինում արդեն իսկ խախտումներ են արձանագրվել, և անհատական ռիսկը մեծացել է։ Օրինակ, այս առումով, հանրային սննդի կետերը համարվում են ռիսկային։

«Մենք հիմա վերանայում ենք մեր ստուգաթերթերը, դրանք վերջնական փուլում են, և վտանգի վերլուծության հսկման կրիտիկական կետերի, HACCP (ՀԱՍՊ, սննդամթերքի անվտանգության համակարգ) համակարգի սկզբունքները պետք է տեղայնացվեն նաև ստուգաթերթերի մեջ, և դրանք կդառնան պարտադիր մեր տնտեսվարողների համար»,-ասում է Դանիելյանը՝ նշելով, որ դա կնվազեցնի ռիսկերը թե’ արտադրության, թե իրացման, թե’ հանրային սննդի կազմակերպման ոլորտներում։

 

Դրական փոփոխություններ՝ տնտեսվարողների մոտ

Վահե Դանիելյանն ասում է, որ տարեցտարի նվազում են պետական վերահսկողության շրջանակներում կիրառվող սահմանափակումները, ինչը ոլորտի համար դրական տեղաշարժ է.

«Անցած տարի մենք 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների մոտ գործունեության կասեցման որոշումներ ենք կայացրել, նախորդող տարիներին այդ քանակը եղել է ավելի մեծ։ Այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որտեղ որ մենք արձանագրում ենք անհամապատասխանություններ և կիրառում ենք սահմանափակումներ, մենք հետևողական ենք, որ նրանք վերացնեն դրանք, նոր թույլատրում ենք, որ վերսկսեն իրենց գործունեությունը»,- նշում է Վ. Դանիելյանը։

Տնտեսվարողները մեծ մասամբ պատրաստակամ են վերացնելու հայտնաբերված խախտումները, իսկ նրանք, որոնք միտումնավոր իրավախախտումներ են թույլ տալիս, կամ փորձում են շրջանցել, ենթարկվում են ավելի խիստ պատասխանատվության։

Այս առումով Վահե Դանիելյանը կարծում է, որ ոլորտում եղած օրենսդրական կարգավորումները լրացնելու կարիք կա։ Մասնավորապես, նա առաջարկում է մեծացնել տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու գումարի չափը, քանի որ 100 000 դրամն այն գումարը չէ, որ սթափեցնի տնտեսվարողներին՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության հետ կապված ռիսկերը.

«Մենք առաջնորդվում ենք ոչ այնքան վարչական պատասխանատվությամբ՝ տուգանքներ նշանակելով, այլ փորձում ենք սահմանափակումներ կիրառել. խոսքը վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցմանը, իրացման կասեցմանը, և այն ժամանակահատվածում, որ նրանք մեր հանձնարարականները կատարում են, դեռևս պատասխանատվության միջոց չի կիրառվում»,- ասում է Դանիելյանը՝ նշելով, որ ներկայում կան որոշակի կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս լիարժեք վերահսկողություն իրականացնել։

Մասնավորապես, ՍԱՏՄ-ն չի կարող տնտեսվարողի մոտ վերահսկողություն իրականացնել՝ առանց տնտեսվարողի կողմից վերահսկողության հրամանին նախապես ծանոթանալու, այսինքն՝ չնախատեսված ստուգումներ չեն իրականացվում։ Երբեմն էլ, ընկերությունների ղեկավարները երկրում չեն լինում, ինչի պատճառով, դարձյալ, վերահսկողությունը ձախողվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter