
Կառավարությունը պետպատվերի համար հավելյալ 5.2 մլրդ դրամ կհատկացնի ԱՆ-ին
Կառավարությունն այս շաբաթ Առողջապահության նախարարությանը կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ` պետպատվերով բժշկական ծառայությունների համար:
Խորհրդարանում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պետպատվերի շրջանակում քվոտաների սպառվելուն:
Ավանեսյանի խոսքով՝ պետպատվերին դիմելիության աճ կա, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
«Սա համադրելի է ամբողջ աշխարհի հետ, բոլոր երկրներն էլ ունեն դիմելիության աճ: Երկրորդը՝ դա պայմանավորված է հետպատերազմական ընթացքով, որը նաև հանգեցնում է լրացուցիչ առողջապահական խնդիրների: Արված կանխատեսման համաձայն՝ մենք դիմել ենք Կառավարություն, և Կառավարությունն արդեն իսկ առաջիկա նիստով կհաստատի հավելյալ 5.2 մլրդ դրամի հատկացում նախարարությանը, որի արդյունքում այն ծրագրերը, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվեն հավելյալ միջոցներով, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյանը կարևորեց հերթագրման համակարգի պահպանման անհրաժեշտությունը: Ըստ նրա, եթե քաղաքացին չունի անհետաձգելի բժշկական օգնության կարիք, պետք է հերթագրվի և իր օգնությունը ստանա առաջնահերթության կարգով:
«Մեր կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այդ հերթագրումները հնարավորինս կարճ ժամկետներում լինեն»,- ասաց Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ Կառավարությունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ ապահովելու կարիք ունեցող քաղաքացիների բժշկական օգնությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել