HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասյան երաժշտությունը Մարիա Ալավերդյանի կատարմամբ

«Ես անչափ զգացված եմ,  Կոմիտասի երաժշտությունը չի կարող անտարբեր թողնել»,-մայիսի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում  Մարիա Ալավերդյանի կայացած մենահամերգի մասին ասաց ՆԱՄ-ի մշտական այցելուներից Հասմիկը: Կոմիտասյան երաժշտությունն իր խորը դրամատիզմով,  պարզությամբ ու արվեստի ուժեղ էներգետիկայով ողողեց «Նարեկացի» արվեստի միությունը՝ հայտնվելով յուրաքանչյուր ունկնդրի հոգում:

«Կոմիտասն անսպառ ոգեշնչման աղբյուր է, սակայն ես տարբեր ոճի երաժշտություն եմ սիրում կատարել…. Պատրաստվում եմ առաջիկայում կոմպոզիտորներին նվիրված համերգներ ունենալ, այդ թվում՝ Սայաթ-Նովային նվիրված»,-ասաց Մարիա Ալավերդյանը:

Սա երգչուհու առաջին մենահամերգը չէ. նա նախկինում ունեցել է բազմաթիվ մենահամերգներ, սակայն այս մենահամերգը գերադասել է ունենալ հենց ՆԱՄ-ում: Նրա խոսքերով՝ այստեղ հյուրընկալ են, գնահատում են արվեստը, միաժամանակ տալիս են բացառիկ հնարավորություն համերգներ կազմակերպել ու չվճարել դրա համար:

«Բացի դա, գիտեք, երբ այսպես կողք կողքի նստած լսում են, ինչպես ՆԱՄ-ում է,  էներգիան, մտերմությունն ավելի լավ է փոխանցվում. մարդիկ զգում են միմյանց, փոխանցում միմյանց հոգեւորը, աթոռների՝ այսքան մոտ  դասավորությունն էլ, հավատացեք, նպաստում է դրան»,-ասաց նա:

ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանը եւս տպավորված էր երգչուհու կատարմամբ: Նրա խոսքերով՝ շատ խորհրդանշական է, որ Նարեկացի արվեստի  միությունում հնչում է հենց Կոմիտաս:

«Շնորհակալ ենք այսքան հոգեւոր եւ այսքան խորը, հարազատ երաժշտության համար»,-ասաց Ն. Հարթունյանը՝ Մ. Ալավերդյանին փոխանցելով ՆԱՄ խորհրդանշական նվերները:

Մարիամ Մուղդուսյան

«Նարեկացի» արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter