HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչո՞ւ է կտրուկ էժանացել դոլարը

Ռուսաստանից ժամանած քաղաքացիներն ու տրանսֆերտների աճը նպաստել են դոլարի քանակի ավելացմանն ու էժանացմանը։ Բնակիչներն իրենց հերթին, մտավախություն ունենալով, որ դոլարը ավելի կէժանանա, շտապում են «մանրել» իրենց ունեցած դոլարն առաջիկա գործարքների համար՝ կրկին ազդելով դրա էժանացման վրա։

Այս տարվա մայիսի վերջերից դոլարը նկատելիորեն էժանանում է դրամի նկատմամբ։ Դոլարի փոխարժեքի կտրուկ անկում է գրանցվում հունիսի սկզբից։ Ըստ rate.am կայքի՝ հունիսի 7-ին, 14:30-ի դրությամբ բանկերում դոլարի առքը միջինում 425.5 դրամ է, վաճառքը՝ 435 դրամ։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ հունիսի 7-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 433.87 դրամ՝ այն դեպքում, երբ դեռևս մեկ ամիս առաջ այն 470 դրամի սահմաններում էր։ Այդպիսով, վերջին մեկ ամսում դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 8%-ով։

Այս տարի դոլարը կտրուկ թանկացավ փետրվարի վերջից մինչև մարտի կես, որից հետո սկսեց աստիճանաբար էժանանալ։

 

 

Տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ (1994-1998թթ.) Բագրատ Ասատրյանը նկատում է, որ դոլարի էժանացումը միանգամայն բացատրելի է, ազդող գործոններն էլ տեսանելի են։

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիները փոխանակում են իրենց ունեցած դոլարային միջոցները, բացի այդ՝ տրանսֆերտների տեսքով արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներն են էապես աճել։ Առաջին հերթին այդ գործոններով պայմանավորված՝ մեծացել է դոլարի քանակը մեր երկրում և նվազել է դրա արժեքը։

«Տնտեսական կայունության միտումներ են նկատվում։ Այդ ցուցանիշներով, իհարկե, պետք չէ «երդվել», բայց որոշակի դրական դինամիկա կա։ Դա ևս ազդում է։ Ակնհայտ երևում է, թե որքան ռուսաստանցի կա Հայաստանում։ Մի մասը զբոսաշրջիկ է, մի մասը իրենց բիզնեսներով են եկել այստեղ։ Բիզնեսները հիմնականում ծառայություններ են, բայց Հայաստան են եկել, որովհետև իրենց հաշիվները Ռուսաստանում չեն աշխատում, իսկ այստեղ հանգիստ բացում են, ու սպասարկվում են այդ հաշիվները»,- նշում է Բագրատ Ասատրյանը։

Նրա տեղեկություններով՝ Հայաստան ժամանած ռուսաստանցիները մեծ մասամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներն են, ինչպես նաև՝ տրանսպորտային ծառայություններ մատուցողներ, որոնք օնլայն աշխատում են լոգիստիկ կազմակերպություններում, բեռնափոխադրումներ ու տրանսպորտային այլ ծառայություններ են կազմակերպում։ 

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 249 361 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2.9 անգամ։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ 44%-ն է Ռուսաստանի քաղաքացի։ Նրանց թիվը կազմել է 108 976՝ աճելով 3.6 անգամ։

«Հայաստանի տնտեսությունը փոքր է, ու նույնիսկ 100 մլն դոլարը կարող է եղանակ ստեղծել»,- նկատում է տնտեսագետը, որի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր արտարժույթի շուկայում, արտառոց երևույթ չէ։

Դոլարի էժանացման վրա, սովորաբար, ազդում են բազմաթիվ գործոններ։ Բացի վերը նշված գործոններից, երկրում դոլարի քանակի ավելացմանը կարող էր նպաստել արտահանման աճը։ Սակայն, այս վարկածը վիճելի է, քանի որ նույն ընթացքում ներմուծումն ավելի արագ է աճել։ Արտահանման միջոցով դոլար է մտնում Հայաստան, իսկ ներմուծման միջոցով՝ դուրս գալիս։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլին արտահանումը Հայաստանից կազմել է շուրջ 1 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25.2%-ով աճել է։ Միևնույն ժամանակ, սակայն, ավելի արագ է աճել ներմուծումը՝ 39.1% և կազմել 1.9 մլրդ դրամ։

Բացի տնտեսական գործոններից, ըստ Բագրատ Ասատրյանի, դոլարի էժանացման վրա ազդում են նաև բնակչության սպասումները. «Եթե գործարք են անում և իրենց պետք է լինելու դրամ առաջիկայում, իրենք, երբ տեսնում են, որ դոլարը նվազում է, շտապում են հիմա մանրել ունեցած դոլարը՝ մտավախություն ունենալով, որ առաջիկայում էլ ավելի է նվազելու»։

Կենտրոնական բանկը երբեմն արտարժութային կտրուկ տատանումների ժամանակ միջամտում է՝ դոլարային ինտերվենցիաներ իրականացնելով կամ շուկայից դոլար գնելով։ Սակայն, վերջին օրերին գլխավոր դրամատունը գործառնություններ չի իրականացրել և չի հայտարարել դրա մասին։

Ապրիլին արտասահմանից Հայաստան ռեկորդային դրամական փոխանցումներ են կատարվել

2022 թվականի ապրիլին ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են փոխանցել ռեկորդային ծավալի գումար՝ 358 մլն դոլար։ Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ վերջին առնվազն 20 տարվա ընթացքում ոչ մի ամիս այդ ծավալի տրանսֆերտներ դեպի Հայաստան չեն եղել։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում՝ հունվար-ապրիլին, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել մոտ 919 մլն ԱՄՆ դոլար։ 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 345 մլն դոլարով կամ 60%-ով։  

Մասնավորապես, միայն Ռուսաստանից այս տարվա հունվար-ապրիլին ուղարկվել է 472 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրկնակի աճել է՝ 254 մլն դոլարով։ Սրանով էլ հիմնականում պայմանավորված է տրանսֆերտների ընդհանուր ցուցանիշի աճը։ Այս գումարները ոչ միայն Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների ուղարկած, այլև՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիներին ուղարկվող փողերն են։

Նշված չորս ամսվա ընթացքում Հայաստանից 524 մլն դոլար է փոխանցվել արտասահման ֆիզիկական անձանց կողմից, որը 2021 թվականի նույն ամիսների համեմատ աճել է 154 մլն դոլարով կամ 42%-ով։ 

Մեկնաբանություններ (1)

Обманутый гражданин
Хватит рассказывать сказки. На фоне снижения курса рубля из-за так называемой сво, власти РА искусственно снижают курс доллара. По вашей версии, наоборот курс доллара должен был только расти.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter