HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: 

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ լրատվականից, Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին հանդիպման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար: Նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակույթի ոլորտում առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը։

«Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, կշարունակի նպաստել Կազմակերպության ռազմավարության ձևավորմանը և դրա արդյունավետ կյանքի կոչմանը: Մենք հավատարիմ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ առաջ մղելու համամարդկային արժեքները՝ խրախուսելով խաղաղության մշակույթը և ամրապնդելով հանդուրժողականությունն ու համերաշխությունը»,- նշել է Վահրամ Դումանյանը: 

Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանն Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա համագործակցության համատեքստում անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին:

«Հայաստանն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական ​​առաքելություն ուղարկելու առնչությամբ և այս ընթացքում կառուցողական կերպով ներգրավված է եղել այդ առաքելության հնարավորինս արագ գործուղման գործընթացում։ Մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը կիրականացվի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև այցելության ընթացքում հավասար թվաքանակով հայկական և ադրբեջանական մշակութային հուշարձաններ այցելելու պայմանի պահպանմամբ։ Ցավոք սրտի, մինչ օրս մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող վայրագություններին և հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանը, վանդալիզմի, բարեկարգման կամ այլ ձևակերպումների անվան տակ կոթողների այլափոխման նորանոր դեպքերին: Նման իրավիճակում առաքելության շուտափույթ իրականացումը դառնում է առավել կենսական»,- ասել  է Վահրամ Դումանյանը: 

Ի պատասխան՝ Էռնեստո Օտտոնեն նշել է, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է նաև, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի սեպտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովից (MONDIACULT), որին վստահաբար հայկական կողմն իր մասնակցությունը կունենա։ 

«Հիրավի խորհրդանշական է, որ 40 տարվա ընդմիջումից հետո MONDIACULT-ը կրկին տեղի կունենա Մեխիկոյում։ Հավատացած ենք, որ այդ համաժողովը կընձեռի ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ»,- ընդգծել է նախարարը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերին, ինչի վերաբերյալ նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական՝ միասին հասնելով նոր արդյունքների:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Էռնեստո Օտտոնեին է նվիրել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի հրատարակությամբ «Ալեքսանդր Սպենդիարյան» երկլեզու պատկերագիրքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հրատարակված, և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակած «Արցախի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը: Նախարարն այդ գրքերից մեկական օրինակ էլ խնդրել է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

Նշենք, որ հոբելյանական միջոցառման կապակցությամբ հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի կունենա հոբելյանական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան երաժիշտներ  Արթուր Գրիգորյանը, Արմեն Պուչինյանը, Անի Մելիքյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter