Ընդդիմադիրները ոստիկանական բռնությունների մասին գրություն են փոխանցել ԵՄ դեսպանին․ բողոքի ակցիաների 44-րդ օրը
«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր՝ մայիսի 7-ին, Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Եվրամիության գրասենյակ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ գնալու են ԵՄ գրասենյակ, որպեսզի փաստերով ներկայացնեն ոստիկանների կողմից գործադրվող բռնությունները և պահանջեն դրանց համապատասխան գնահատական տալ։
Հասնելով ԵՄ գրասենյակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել է, որ հունիսի 3-ին հենց Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի, անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակ: Դրանց կիրառումն իրականացվել է առանց նախազգուշացման։
Վարդևանյանն ընթերցեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարությունը․
«Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում, որոնց թվում նաև՝ կանանց ու տարեցների մոտ առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ընդ որում, վնասվածք ստացածների միայն մի հատվածն է դիմել բժշկական օգնության: Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը և հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարների շրջանում:
Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում: Իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց:
Հաջորդ խնդիրը, որ ներկայացվում է ԵՄ դեսպանին, խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանության մի շարք ծառայողների կողմից ոստիկանության մասին և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ ոստիկանության ծառայողների նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանները չկրելու փաստն է: Օրենքի նման պահանջը նպատակ է հետապնդում, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին:
Ավելին՝ ԵՄ դեսպանատան համար մշտապես կարևորվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում ուղղակիորեն առկա է նման պահանջ: Նաև անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս խնդիրը նույնիսկ արձանագրվել է գործող ՄԻՊ-ի կողմից, բայց դա լուծվե՞լ է, ոչ։
Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրատվամիջոցների նկատմամբ, խոչընոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի ձողը, երբ լրագրողը ընկած է եղել գետնին, և այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդյունքում, օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գույքը վնասվել է:
Ոստիկանները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել նշված տարածքում աշխատող լրագրողների առողջության և մասնագիտական գործունեություն ծավալելու համար:
Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտկցելով, որ հավաքի մսնակիցների մեծ մասը 44-օրյա պտերազմի մասնակիցներ են: Իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բվական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»:
Վարդևանյանը նշել է, որ գրությունը հիմնավորումներով կփոխանցեն ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին և հույս հայտնել, որ վերջինիս կողմից կլինի պատշաճ արձագանք:
«Երբ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրավունքների կոնվենցիայի բոլոր կետերը, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները»,- ասել է Վարդևանյանը, որից հետո ակցիայի մասնակիցները սկսել են վանկարկել՝ «Ամո՛թ»։
Նշենք, որ այսօր ընդդիմությունը հանրահավաք չի իրականացրել։
Լուսանկարն՝ արխիվային
Մեկնաբանել