HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 105-րդ օրը (ցերեկային ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 105-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.

  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրի համաձայն՝ ռազմաճակատի հիմնական կետերում էական փոփոխություններ չեն եղել։ Սևերոդոնեցկում մարտերը շարունակվում են, Բախմուտ-Լիսիչանսկ ավտոճանապարհը ռուսաստանցիները դեռևս չեն կարողացել կտրել, սակայն ակտիվորեն ռմբակոծում են ուկրաինացիների դիրքերը։ 
  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ բանակցություններ կվարի ուկրաինական նավահանգիստներից հացահատկի արտահանման արգելափակման շուրջ։
  • Times-ի տվյալներով՝ Ռոման Աբրամովիչը ԵՄ-ին փաստաթղթեր է ներկայացրել, որտեղ ապացուցում է, որ մեծ հարկեր է մուծում Եվրամիությանն ու Մեծ Բրիտանիային և երբեք կողմ չի արտահայտվել Ուկրաինայի նկատմամբ Պուտինի քաղաքականությանը, այդ իսկ պատճառով, նրա նկատմամբ պատժամիջոցները անարդար են։

Վլադիմիր Զելենսկին ազդարարել է «Դահիճների գիրք» տեղեկատվական համակարգի գործարկումը։

Այստեղ կհավաքվեն ռուսական բանակի ռազմական հանցագործությունների վերաբերյալ հաստատված տվյալները։ «Այդպիսի «Դահիճների գիրք»-ը ոչ միայն ռազմական հանցագործությունների անմիջական կատարողների՝ օկուպացիոն բանակի զինվորների, այլև նրանց հրամանատարների պատասխանատվության հիմքերից է։ Նրանք, որոնք հնարավոր են դարձրել այն ամենը, ինչ արել են Ուկրաինայում»,- ասել է Ուկրաինայի նախագահը պատերազմի 104-րդ օրվա ավարտին իր տեսաուղերձում։

Նույն տեսանյութում Զելենսկին պատմել է, որ պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 31 000 ռուսաստանցի զինվորական։ «Ռուսաստանն Ուկրաինայի դեմ բոլորովին անիմաստ պատերազմի համար վճարում է իր զինվորների կյանքով. գրեթե 300-ական կյանք ամեն օր։ Եվ, միևնույն է, կգա մի օր, երբ նույնիսկ Ռուսաստանի համար կորուստների քանակը կհատի թույլատրելի սահմանը»,- ընդգծել է Զելենսկին։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը Կրեմլի դեմ հանդես գալու կոչով նամակ է ստացել

«Իմ հասցեին ես վերջերս փոստով նամակ եմ ստացել, որտեղ կոչ էր արվում հրաժարվել հայրենիքից, որպեսզի ես քննադատեմ Ռուսաստանի նախագահի գործողությունները։ Եվ ինձ առաջարկել էին, եթե ես այդպես ցանկանամ, դիմեմ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանի գրասենյակ»,- պատմել է Անատոլի Անտոնովը։ 

Դիվանագետը բացատրություններ էր պահանջել ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «սադրիչ նամակի» կապակցությամբ։ «Երբ ես ամերիկյան լրատվամիջոցներում տեսնում եմ հոդվածներ, որոնք ռուսաստանցի զինվորականներին, դիվանագետներին կոչ են անում դավաճանել հայրենիքը, ես բառեր չեմ ունենում, որ փոխանցեմ իմ մերժումն այդպիսի քաղաքականությանը»,- հավելել է նա։

Հրապարակվել է Սևերոդոնեցկի, Ռուբեժնոյեի և Սլավյանսկի ավերածությունների արբանյակային պատկերները

Պատկերները հրապարակել է CNN-ը, որն արվել է Maxar Technologies-ի կողմից։ Ամենաշատը շինությունները տուժել են փողային հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռմբակոծություններից։ Արբանյակային պատկերներում երևում են նաև Ռուբեժնոյեի բնակելի թաղամասերը, որոնք արվել են քաղաքի համար մարտերից մի քանի օր հետո։ 

Արբանյակային պատկերներում երևում է ռուսական հրետանին, որն ուղղված է դեպի Սևերոդոնեցկ։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը Ուկրաինայում մարտական գործողությունների վերաբերյալ

  • Ռուսաստանը շարունակում է երեք ուղղությամբ Սևերոդոնեցկի գրավման փորձերը, չնայած ուկրաինական պաշտպանությունը կանգուն է։ Քիչ հավանական է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կողմերից և որևէ մեկը էական առաջխաղացում է ունեցել։
  • Միևնույն ժամանակ Ռուսաստանը իր հարձակումը կենտրոնացնում է Դոնբասի կենտրոնական հատվածի ուղղությամբ՝ շարունակելով պաշտպանվել թևերում։ Ուկրաինական ուժերը վերջերս որոշակի հաջողությունների են հասել՝ հակահարձակման անցնելով Խերսոնի մարզի հարավ-արևմուտքում, ներառյալ վերականգնելով դիրքերը Ինգուլեց գետի արևելյան ափին։ 
  • Քանի որ օկուպացված գոտու ճակատը ձգվում է ավելի քան 500 կիլոմետր, և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան բախվում են պաշտպանական գծի պահպանման նույն խնդիրներին՝ միևնույն ժամանակ ազատելով հարձակողական գործողությունների համար մարտունակ մարտական ստորաբաժանումները:

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ուկրաինային 1,49 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնությանը։

Այդ միջոցները կհատկացվեն պետական և սոցիալական աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը։ Համաշխարհային բանկից Ուկրաինային օգնության ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 4 միլիարդ դոլար։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter