Մեկնարկում է «Թանգարանների գիշերը». թանգարանների մուտքը կլինի անվճար
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, որը նշվում է «Թանգարանները փոփոխվող աշխարհում» կարգախոսով: Թանգարաններն այդ օրը կաշխատեն ժամը 11:00-18:00-ն և անվճար:
Այս տարի ևս Հայաստանում թանգարանների միջազգային օրվան կհաջորդի «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Մայիսի 19-ին՝ ժամը 18:00-24:00-ն, թանգարանների մուտքը ևս կլինի անվճար:
Մայիսի 19-ին նախագծի մասնակից թանգարանները հանդես կգան հատուկ տոնական միջոցառումներով ու միաժամանակյա աշխատաժամով՝ նորովի ներկայացնելով իրենց հավաքածուների բացառիկ արժեքները:
Այս տարի Եվրոպական միության հայտարարած «Թանգարանը փոփոխվող աշխարհում» խորագրով «Թանգարանների գիշեր» ակցիան Հայաստանում կանցկացվի «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:
Եվրամիության հետ համատեղ և ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ արդեն 8-րդ անգամ (Հայաստանը «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը միացել է 2005 թ.) անցկացվող այս ակցիան կմիավորի Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 63 թանգարան՝ անկախ ենթակայությունից: 2009 թ. Հայաստանում «Թանգարանների գիշեր» ակցիային մասնակցել են 26, 2010 թ.՝ 42, 2011 թ.՝ 60 թանգարան:
ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով Եվրոպայի թանգարանների հետ համագործակցությունն ու փոխադարձ կապերի հաստատումը, խրախուսում է Հայաստանի թանգարանների մասնակցությունն ու ինտեգրումը եվրոպական մշակութային ընտանիքին և համակարգում է միջոցառման անցկացումը Հայաստանում:
«Թանգարանների գիշեր» ակցիան սկիզբ է առել 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով՝ ֆրանսիական թանգարաններում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարելով ու անվանակոչելով «Թանգարանային գարուն»:
Նախաձեռնությունը շատ շուտով արժանացավ Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրի ուշադրությանն ու Եվրոպայի խորհրդի աջակցությանը: 2001 թ. այն վերանվանվեց «Թանգարանների գիշեր» և ընդլայնեց ոչ միայն ակցիայի մասնակից երկրների աշխարհագրությունը, այլև աջակցողների ու համակիրների ցանկը:
«Թանգարանների գիշեր» միջոցառումն ամբողջ աշխարհում անցկացվում է Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) հովանու ներքո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել