HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի և Գերմանիայի քաղաքացին Բեռլինում ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց մեջ

Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի անունը դեռևս չի բացահայտվում, Բեռլինում ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց մեջ։ Մեկ մարդ զոհվել է և ևս ութը վիրավորվել։ Վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։

Դեռևս հստակ հայտնի չէ՝ արդյոք տեղի ունեցածը ճանապարհային պատահար է, թե մտածված հարձակում։ 

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվածն ուսուցչուհի է, վիրավորների թվում կան աշակերտներ։

Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 10:30-ին Բեռլինի Ռանկեշտրասե և Տաուենցինշտրասե փողոցների անկյունում։ Ականատեսները նշում են, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից դեպի մայթ, մինչև կբախվեր խանութի ցուցափեղկին։ Սոցիալական ցանցերում հայտնվել են արծաթագույն Renault Clio-ի լուսանկարներ։ 

Բեռլինի հրշեջ ծառայության տվյալներով՝ դեպքի վայրում գտնվել է մոտ 130 փրկարար։

Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆին հայտարարել է, որ խորապես ցնցված է այս պատահարով և բնակիչներին վստահեցրել, որ ոստիկանությունն անուն է ամեն հնարավորը, որպեսզի պարզի տեղի ունեցածի պատճառները։

BBC-ի փոխանցմամբ՝ ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, նրա մոտիվները պարզվում են։ Ձերբակալվածը Հայաստանի և Գերմանիայի 29-ամյա երկքաղաքացի է, որն ապրում է Բեռլինում։ Նրան բռնել են անցորդները և փոխանցել ոստիկանությանը։

Bild-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերել է խոստովանական գրառում, որտեղ նա խոստովանում է իր արարքը, ինչը կարող է վկայել այն մասին, որ վարորդը կարող է գիտակցաբար  արած լինել իր գործողությունները։

Դերասան Ջոն Բերոումենը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «դեպքի վայրին մոտ է եղել, երբ տեղի է ունեցել պատահարը, իսկ տեսանյութում, որը հրապարակվել է դեպքի վայրից, տեսանելի է, որ ավտոմեքենան մի քանի անգամ անցել է մայթով, մինչև կմխրճվեր խանութի ցուցափեղկի մեջ»։

«Մեծ թվով ոստիկաններ կան։ Նրանք մաքրում են տարածքը։ Հիմա ժամանում են ուղղաթիռները, որպեսզի օդով տեղափոխեն մարդկանց»,- գրել է դերասանը։

Ավելի ուշ BBC-ին դերասանը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է մեքենան սրընթաց անցել փողոցային սրճարանի միջով, որտեղ նախաճաշում էին մարդիկ։ «Դա ուղղակի ահավոր էր։ Ես տեսել եմ, թե ինչպես էին ինչ-որ մեկին վերակենդանացնում հենց տեղում, ինչ-որ մեկին տառացիորեն գցում պատգարակի վրա և տանում դեպի շտապ օգնության մեքենան»։

Լուսանկարը՝ John Barrowman/Scott Gill

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter