HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմադիրները զոհվածների աճյունների լուսանկարները նետել են Առողջապահության նախարարի վրա․ բողոքի ակցիաների 45-րդ օրը

Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանը, և Ասպրամ Կրպեյանը մտել են Առողջապահության նախարարություն և Անահիտ Ավանեսյանի ուղղությամբ նետել պատերազմում զոհվածների աճյունների լուսանկարները:

Հիշեցնենք՝ դեռևս նախորդ տարի արձանագրվել էր, որ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պատերազմում զոհված անձանց դիերն ու մասունքները պահվել են ոչ պատշաճ պայմաններում։ Անդրադառնալով դեպքին՝ նախարարը հայտնել էր՝ իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխումներից հետո անձամբ չի այցելել և ստուգել։

Նախ պատգամավորները մտել են նախարարի ընդունարան, որտեղ նրանց հայտնել են, որ վերջինս նիստի է մասնակցում: Այնուհետև պատգամավորներին նույնն ասում է նաև նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, սակայն նրանց հաջողվում է մտնել այն սենյակ, որտեղ այդ պահին հանդիպում էր ընթանում։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, մոտենալով նախարարին, լուսանկարներ է նետում նրա վրա և ասում․ «Տիկի՛ն Ավանեսյան, Դուք հերիք չի՝ էսքանից հետո խոսում եք, մի բան էլ ոստիկանությանը պաշտպանում եք, Ձեր փոխարեն մարդ ամոթ ունենար, չէր կարողանա աչքերը թարթել, էս տղերքի նկարները ձեր երազին ամեն օր պիտի գան։ Ես չգիտեմ՝ էսքանից հետո Դուք ոնց եք ապրում, ամոթ Ձեզ»։ 

Աննա Մկրտչյանն էլ նշում է․ «Ոստիկանության գոհունակությո՞ւն եք հայտնում, դրա՞ համար են Ձեզ էս պաշտոնին նշանակել։ Ասում եք՝ գնացել եք, տեսել եք, թե ինչպես են գլուխները ջարդած, պառկած, հաջորդ օրը ԱԺ-ում ոստիկանության պինդ նյարդերից եք խոսում: Դավաճան Նիկոլի հետ աշխատելը էսքա՞ն լավ ա»:

Նախարարը չի արձագանքում պատգամավորներին։ Նա միայն հարցնում է, թե արդյոք տեսանկարահանող Ասպրամ Կրպեյանը պատգամավոր է, թե՞ ոչ։ Ինչին ի պատասխան՝ Կրպեյանն ասում է, որ նախարարն ԱԺ նիստերը թող դիտի՝ ճանաչի։ Այնուհետև ընդդիմադիր պատգմավորները հեռանում են:

Հիշեցնենք՝ նախորդ օրն Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում հայտնել էր, որ ոստիկանությունը գործում է ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան՝ նշելով, որ կարելի է զարմանալ ոստիկանության համբերության վրա։

«Այսօր Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավա նեսյանին ասելու, որ ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև ոչ միայն այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Դեպքին անդրադարձել է նաև Առողջապահության նախարարը:

«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին  աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։ 

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։ 

Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավանեյանը:

«Դիմադրություն» շարժման անդամները վաղն առավոտյան ժամը 9:00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում, իսկ երեկոյան հանրահավաք տեղի կունենա:

«Սիրելի՛ հայրենակիցներ

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում և ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։ 

Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները

Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»,- հայտնել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter