
Ուկրաինայում պատերազմի 106-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 106-րդ օրվա առավոտյան ամփոփումը սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։
- Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի երեկոյան տեղեկագրից պարզ է դառնում, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռազմաճակատում էական փոփոխություններ չեն եղել։ Սևերոդոնեցկում շարունակվում են մարտերը, ռուսաստանցիները կրկին փորձել են գրոհել Բերեստովոյե գյուղը, Բախմուտ-Լիսիչանսկ ավտոմայրուղին և Իզյումի ու Սլավյանսկիի միջև գտնվող Դոլգենկոյե գյուղը, որը նրանք փորձում են վերցնել արդեն մեկ ամիս։
- Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ ուկրաինական զինուժը վերահսկում է միայն Սևերոդոնեցկի ծայրամասը։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը գետնին է հավասարեցնում քաղաքը ավիահարվածներ և հրետանու կիրառմամբ, ուստի ուկրաինական զինվորականները հեռացել են քաղաքի մեծ մասից, քանի որ իմաստ չկա նստելու ռմբակոծության տակ գտնվող բազմահարկ շենքերում։
- Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիտալի Խոցենկոն, որը ծնունդով Դնեպրոպետրովսկից է, բայց ռուսաստանցի պաշտոնյա է։ Նախկինում եղել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության դեպարտամենտի տնօրենը։
- Ուկրաինան և Ռուսաստանն զոհված զինծառայողների մարմինների նոր փոխանակում են կատարել։ Այն տեղի է ունեցել Զապորոժյեի մարզի ռազմաճակատի գծում՝ «50-ը 50-ի դիմաց» ձևաչափով։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ 50 զոհերից 37-ը Մարիուպոլի և «Азовсталь»-ի պաշտպաններ են։
Կուրսկի մարզում մինչև հունիսի 22-ը երկարաձգվել է ահաբեկչական վտանգի դեղին մակարդակը։
Մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը հայտարարել է, որ այդ միջոցն «արդեն օգնել է թույլ չտալ ահաբեկչություն մայիսյան տոների ժամանակ» և կոչ արել քաղաքացիներին աչալուրջ լինել։
Լիսիչանսկում զոհվել է ևս 3 քաղաքացիական անձ։
Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ Լիսիչանսկում վերջին օրերին ռուսական հարվածների հետևանքով զոհվել է երեք քաղաքացիական անձ՝ մեկ տղամարդ և երկու կին։
Բացի այդ, Գայդայի խոսքով, նախօրեին մեկ մարդ էլ զոհվել է Սևերոդոնեցկում, որը վիրավորվել էր հունիսի 6-ին։
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավարը մրցաշարերից ռուսաստանցիների և բելառուսների հեռացումը բացատրել է նրանց անվտանգության մտահոգությամբ։
Թոմաս Բախի խոսքով՝ բազմաթիվ երկրներում ռուսաստանցիների և բելառուսների նկատմամբ «կա տրամադրվածություն», և նրանց դեմ «շատ հավանական է ագրեսիայի դրսևորումը», իսկ դա այն չէ, ինչ Միջազգային օլիմպիական կոմիտեն կցանկանար տեսնել մրցաշարերի ժամանակ։
Բախը նաև հայտարարել է, որ եթե ՄՕԿ-ը կենտրոնացված կերպով չհեռացներ ռուսաստանցիներին և բելառուսներին, ապա այդպիսի միջոցներ կձեռնարկեին այն երկրների կառավարությունները, որտեղ ընթանում են այդ մրցաշարերը՝ «իրենց քաղաքական շահերին համապատասխան»։
Volkswagen-ը Նիժնի Նովգորոդի իր աշխատակիցներին առաջարկել է ինքնակամ ազատվել աշխատանքից։
Խոսքը ГАЗ խմբի բազայի վրա Volkswagen-ի և Skoda-ի հավաքման գործարանում աշխատող մոտ 200 աշխատակիցների մասին։ Գործարանը դադարեցրել է իր աշխատանքը մարտի 3-ից, իսկ վերսկսումը դժվար թե առաջիկայում տեղի ունենա, որովհետեւ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ГАЗ-ի նկատմամբ։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել