
Բաքուն ու Երևանը հարաբերությունների կարգավորման առաջընթացի հնարավորություն ունեն. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նախօրեին նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
«Ես կարծում եմ, որ այժմ կա իրական հույս, որ Ադրբեջանի և Հայաստանի համար առկա է բարենպաստ հնարավորություն՝ առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման և (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության խաղաղ կարգավորման որոնման գործում»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը օտարերկրյա լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ընթացքում։
Դոնֆրիդի խոսքով՝ Միացյալ Նահանգները տեսնում է, որ երկու երկրներն արել են կարևոր քայլեր։ «ԱՄՆ-ն միանգամայն խրախուսում է դա»,- եզրափակել է Դոնֆրիդը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան, Բրյուսելում կայացել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորեցին սահմանազատման հարցերով իրենց հանձնաժողովների կազմերը, որոնք առաջիկա օրերին կհանդիպեն հայ-ադրբեջանական սահմանին։ Հայկական կողմից հանձնաժողովի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մայիսի 24-ի երեկոյան հայտնի դարձավ, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
«Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման շուրջ։
Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում»,- ասվում էր ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել էր, որ հանձնաժողովի երկրորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Լուսանկարը՝ Kate Warren-ի
Մեկնաբանել