
ԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի տեղակալ․ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը ենթարկվելու է պաշտպանության նախարարին և դառնալու է վերջինիս տեղակալը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող անձ։ Կառավարությունն այսօր՝ հունիսի 9-ին, հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու իր օրենսդրական նախաձեռնությանը։
Դրանք անհետաձգելի կարգով կներկայացվեն Ազգային ժողովի հաստատմանը։
«Զինված ուժերի ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, Զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագծի քննարկմանը նշեց, որ ներկայացված օրենքների փոփոխություններում առանցքային դրույթները երկուսն են՝ ԳՇ պետը դառնում է նախարարի առաջին տեղակալ, իսկ մյուսն այն է, որ ԶՈՒ Գլխավոր շտաբն այլևս գնումների գործընթացով չի զբաղվելու։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն գնման գործընթացին, այլ ողջ ապահովման մասին է, ըստ էության, կարող ենք ասել՝ ԶՈՒ-ն պիտի զբաղվի միայն մեկ գործով՝ պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստությամբ։ Մնացած խնդիրները պիտի իրականացվեն ՊՆ այլ վարչությունների կողմից»,- հայտնեց պաշտպանության նախարարը։
Մեկնաբանել