Մշակվում է Երևանի նոր երթուղային ցանց
Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով' քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մշակվում է Երևան քաղաքի նոր երթուղային ցանց: Այսօր' աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցվել է, որ նոր ցանցի հիմնական սկզբունքներն արդեն պատրաստ են:
Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է օպերատորների մրցույթ հայտարարելու նպատակով պատրաստել մրցութային փաստաթղթեր: Հանձնարարվել է ներկայացնել նաև առաջարկություններ' աղբամանների անհրաժեշտ քանակի ու տեսքի վերաբերյալ: Քաղաքապետը շեշտել է, որ Երևանը պետք է ունենա աղբահանության սպասարկման բոլորովին այլ մակարդակ:
Կարեն Կարապետյանը վերահսկողության պահանջ է դրել հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիների պահպանումն ապահովելու հարցում:
Քաղաքապետը նաև հանձնարարել է ընթացք տալ սոցիալական բնակարանաշինության ծրագրին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի մաքրման և բարեկարգման 2011թ. ծրագրով նախատեսված 67 շենքում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Այժմ ընթացքի մեջ են լրացուցիչ ևս 48 շենքի մաքրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ' քաղաքապետը հանձնարարել է տնտեսված գումարների հաշվին ընդլայնել ծրագիրը և գործընթացը, կենտրոնից բացի, իրականացնել նաև մյուս վարչական շրջաններում:
Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում, Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել հստակ ժամկետներով ծրագրեր' կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման մասով:
Քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքին: Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը կայացած համատիրություններին կտրամադրի խոտհնձող ժամանակակից սարքավորումներ: «Այգին, պուրակը պետք է մշակված լինեն, խոտը' հնձած»,- շեշտել է քաղաքապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել