HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «Ապաշրջափակումը հիմնվելու է ՀՀ տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա»

Փառուխի հարցը ռուս զինվորականների համար շարունակվում է դիտարկել որպես առաջնահերթություն։ Այդ մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս իրավիճակի կապակցությամբ՝ կա լարվածության որոշակի թուլացում։ Կարծում ենք, որ սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում այդ հարցերն անպայման կքննարկվեն և լուծում կստանան»,- ասաց Լավրովը։

Պատասխանելով այդ հարցին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Խոսելով Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման մասին՝ Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ «Մեր առաջնորդները երեք անգամ հանդիպել են տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործնական հարցերի լուծման համար, այդ թվում` Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասով»,- հայտարարեց Լավրովը:

Վերջինիս պնդմամբ՝ կա ընդհանուր ըմբռնում, որ գործընթացը տեղից շարժվում է։ Ըստ նրա՝ գուցե ցանկալի կլիներ, որ այն ավելի արագ շարժվի, բայց դրական և էական միջանկյալ արդյունքներ են ձեռք բերվում։ Ընդ որում, Լավրովի պնդմամբ, կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ, քանի որ Մոսկվան ամեն կերպ փորձում է նպաստել դրան։ «Իհարկե, կողմերն ունեն իրենց ուրույն տեսլականը, որը միշտ չէ, որ համընկնում է։ Խոսքն այն մասին է, մասնավորապես, թե ինչպես պետք է աշխատել առաջիկա փուլում։ Բայց մենք բոլորս ունենք նույն ընկալումը՝ բարձր մակարդակով արված 3 հայտարարությունները ճանապարհային քարտեզ են, որով մենք պետք է առաջնորդվենք»,- հավելեց Լավրովը։

Սերգեյ Լավրովը նաև նշեց, որ ավարտական փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղու համաձայնեցման գործընթացը։ Լավրովի խոսքով՝ երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հիմքում Հայաստանի տարածքային ինքնիշխանության պահպանումն է լինելու։ «Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է տրանսպորտային երթուղու և դրա ռեժիմի համաձայնեցումը։ Ապաշրջափակումը հիմնվելու է ՀՀ տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ Այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող»,- նշեց Լավրովը։

Արարատ Միրզոյանը ևս անդրադարձավ, այսպես կոչված, «միջանցք» հասկացությանը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը։ Միրզոյանի խոսքով՝ միջանցքային տրամաբանություն չկա, և դա ընդհանուր ընկալում է։

Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ հայկական կողմը հույս ունի, որ ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ գերիների վերադարձի համար։ Նրա խոսքով` ռազմական գործողություններից 1.5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ գերիներին ու պահվող մյուս անձանց։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը նախօրեին Անկարայից ժամանել էր Երևան։ Առավոտյան կայացել էր նրա առաձնազրույցը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter